ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն Անկարայում կամ՝ "хочешь жить, умей вертеться"

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Թուրքիա այցի պաշտոնական առիթը մասնակցությունն էր Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որը կայացավ ապրիլի 14-15-ին: Սակայն այստեղ շատ օրինաչափ հարց է ծագում. Բելառուսում այդքան ուժե՞ղ է մուսուլմանական գործոնը, որով արդարացված կլիներ Լուկաշենկոյի մասնակցությունը և, ավելին, նրա՝ գագաթաժողովի պաշտոնական հյուր լինելը:

Նշենք, որ 2009թ. մարդահամարի տվյալնելով, Բելառուսում մուսուլմանների թիվը 22 հազար է, այսինքն՝ բնակչության 0,25%-ը: Եթե հավատանք տեղի իսլամական հոգևորականներին, թե այդ թիվն իրականում հինգ անգամ ավելի է, միևնույնն է, Բելառուսն իսլամական պետություն համարվել դժվար թե կարողանա:

Եթե Եվրասիական տնտեսական միության մեր գործընկեր Ղազախստանի  ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի մասնակցությունն ԻՀԿ հանդիպմանը կարելի է հասկանալ, ապա մյուս գործընկերոջ՝ Բելառուսի մասնակցությունը շատ հարցերի տեղիք է տալիս: Բանակցությունների արդյունքները ցույց տվեցին, որ այս երկու երկրներն էլ փորձում են տնտեսական դիվիդենտներ ստանալ Անկարայից՝ առաջարկելով իրենց միջնորդական ծառայությունները ռուսական շուկա վերադառնալու համար: Հիշենք, որ Մինսկն արդեն նման միջնորդական գործունեության փորձ ունի. բելառուսական տարածքով Ռուսասատան են մտնում եվրոպական ապրանքներ, որոնք ռուսական պատժամիջոցների տակ են:

Հայտնի է, որ Թուրքիան բավականին տուժել է ռուսական պատժամիջոցներից: Առաջին հերթին դա վերաբերվում է սննդամթերքի մատակարարմանը և զբոսաշրջային հոսքերին: Եթե Բելառուսի Հանրապետության տարածքը որպես «բուֆերային գոտի» օգտագործվի, դա կարող է այս երկրին մի քանի հարյուր միլիոն դոլարի օգուտ բերել: Բացի այդ, դրանով կցուցադրվի Լուկաշենկոյի քաղաքական ինքնուրույնությունը Մոսկվայից, Արևմուտքում կամրապնդի «Բատկայի» դիրքը:

Սակայն մի բան էլ կա: Լուկաշենկոն դժվար թե նման քայլի գնար առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու: Հավանաբար նա իր սեփական «տնային աշխատանքն» էր կատարել և եկել այն եզրակացության, որ Էրդողանի իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել:

 Լուկաշենկոյի ներկա պահվածքում ոչ մի նոր բան չկա: Նա միշտ էլ իրեն այսպես է պահել Ռուսաստանի համար զգայուն հարցերի դեպքում. նրա ընկերների թվում են Միխայիլ Սահակաշվիլին, Վիկտոր Յուշչենկոն, Պյոտոր Պորոշենկոն: Նա Մոսկվային ասում է, թե պատրաստ է, «երբ հարկավոր է, մեջք մեջքի կանգնել Ռուսաստանի հետ», սակայն միևնույն ժամանակ չի պատրաստվում սեփական շահերը կապել ռուսաստանյան շահերի հետ:

Մինսկը բացեիբաց անցել է հարաբերությունների դիվերսիֆիկացման՝ դասեր քաղելով Ռուսաստանում դժարին իրավիճակից և չցանկանալով այլևս կախում ունենալ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից: Բելառուսում մտադիր են մինչև 2020թ. արտահանման միայն մեկ երրորդն ուղարկել ԵԱՏՄ երկրներ, մյուս մեկ երրորդը՝ Եվրամիություն, իսկ մնացածը՝ այլ պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի շուկաներ:

Ակնհայտ է, որ Լուկաշենկոն փորձում է ռուս-թուրքական լարվածությունն օգտագործել սեփական շահերի համար. ամրապնդել առևտրատնտեսական կապերը Թուրքիայի հետ, ակնկալել նրանից մասշտաբային ներդրումներ: Բացի այդ, Լուկաշենկոն ցանկանում  է փորձել միջնորդի դեր խաղալ ռուս-թուրքական հակամարտության մեջ: Նա տեսնում է, որ երկու կողմերին էլ ձեռնտու է հարաբերությունների վերականգնումը. Կրեմլին հարկավոր չէ Ղարաբաղյան հակամարտության սրացումը (ինչի հետևում կանգնած է Թուրքիան) և հարկավոր է Թուրքիայի կառուցողական մասնակցությունը սիրիական խաղաղ կարգավորման գործընթացին: Իր հերթին, Էրդողանը, ամռան գալուն համընթաց, փորձում է թուրքական հանգստավայրեր վերադարձնել ռուս հանգստացողներին և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ:

 Լուկաշենկոյի մտադրություններն ու գործողությունները լրիվ տրամաբանական են, եթե նրան դիտարկենք ոչ թե որպես Պուտինի ընկեր, այլ որպես Բելառուսի նախագահ: Հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական դիրքը և ազգային շահերը պաշտպանելու ցանկությունը, ինչպես նաև երկրի ծանր տնտեսական վիճակը՝ դժվար թե Բելառուսից կարելի էր այլ բան սպասել: Դե, ինչպես այստեղ չհիշես ռուսական թևավոր խոսքը. "хочешь жить, умей вертеться":


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: