ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմքում ընկած են էներգետիկ շահերը

Վերջին շրջանում ԵՄ-Ադրբեջան զարգացող համագործակցության և այն ամրապնդելուն ուղղված հնարավոր նոր համաձայնագիր ունենալու վերաբերյալ խոսակցություններն Ադրբեջանում բավականին ակտիվացել են: Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ ԵՄ հետ «ռազմավարական գործընկերության համաձայնագրի» շուրջ բանակցություններ սկսելու համար երկրի իշխանությունները սպասում են ԵՄ կողմից տրվող մանդատին:

Ճիշտ է՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հրապարակված որևէ տեղեկություններ դեռևս չկան, սակայն նշվում է, որ այն նոր՝ առավել բարձր մակարդակի կբարձրացնի ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և հիմք կհանդիսանա այդ հարաբերությունների հետագա խորացման համար: Հնարավոր համաձայնագրի իրական արժեքն ու նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքների:

Նախ, ԵՄ-Ադրբեջան «ռազմավարական գործընկերության համաձայնագիր» ունենալու շուրջ խոսակցություններն Ադրբեջանում սկսվեցին ԵՀՔ վերանայված քաղաքականության հրապարակումից անմիջապես հետո: Այս նոր քաղաքականության հիմքում դրվեց գործընկեր երկրների՝ այդ թվում ԱլԳ, հետ հարաբերությունների զարգացումը տարբերակված մոտեցմամբ՝ ըստ այդ երկրների ունեցած նկրտումների և գերակայությունների: ԵՀՔ քաղաքականության նման փոփոխությունը մի երկրի համար, որը որևէ էական առաջընթաց չէր գրանցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, բնականաբար, լավագույն տարբերակը դարձավ ԵՄ հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ հնարավորինս քիչ պարտավորություններ ստանձնելով:

Առաջընթացի բացակայության պատճառով էր, որ Ադրբեջանի հետ չմեկնարկեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը, սակայն, Ադրբեջանի կողմից ներկայացվեց իբրև սեփական նախաձեռնությամբ այս համաձայնագրից հրաժարում: Ինչ վերաբերում է համագործակցության իրավական այլ հիմքեր փնտրելուն, ապա Ադրբեջանի իշխանությունները «պարզաբանեցին», թե Ադրբեջանն ինքնաբավ երկիր է և չի ցանկանում դառնալ ասոցացված անդամ, որը չունի հստակ սահմանում՝ մասնավորապես թե ինչ գործընկերոջ մասին է խոսքը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մի երկրի հետ, որտեղ բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, խոսքի ազատությունը, որտեղ կան մեծ թվով քաղբանտարկյալներ և նվազագույն քաղաքական կամք այս ամենը բարեփոխելու, դժվար է պատկերացնել, որ հնարավոր էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր:

Ամբողջական պատկերացում կազմելու համար, թե ինչի մասին է խոսքը, բավական է միայն ներկայացնել Արևելյան գործընկերության ինդեքսը: Երեք չափորոշիչներով էլ՝  փոխկապակցվածություն, մերձեցում և կառավարում, Ադրբեջանն իր ցածր միավորներով հետ է մնում բոլորից՝ առաջ անցնելով միայն Բելառուսից: Նույնը վերաբերում է նաև ԱլԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսին, որտեղ ամենացածր միավորներ ունեցողներն Ադրբեջանն ու Բելառուսն են՝ 532 և 491 համապատասխանաբար:

Այս ամենն, իհարկե, առավել քան տեսանելի է ԵՄ գործընկերներին: Այնուամենայնիվ, վերջիններս դիտարկում են Ադրբեջանին, որպես ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից կարևոր երկիր, ինչը ստիպում է այլընտրանքային տարբերակներ փնտրել Ադրբեջանի հետ համագործակցելու համար: ԵՄ շահերն Ադրբեջանում ոչ միայն չեն թաքցվում, այլև ամենաբարձր մակարդակով անգամ hստակ նշվում են. «Հարավային գազային միջանցք» նախագծի հնարավորինս շուտ իրագործում, քանզի այս նախագիծը «խոստանում է» էական դեր խաղալ Եվրոպա գազի մատակարարումների դիվերսիֆիկացման հարցում՝ բարձրացնելով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:

Ամփոփելով այս ամենը՝ պետք է փաստել, որ Ադրբեջանի կողմից ԵՄ-Ադրբեջան հնարավոր նոր համաձայնագրին այդքան մեծ հնչեղություն տալը պայմանավորված չէ  նրանով, որ Ադրբեջանը համապատասխանում է ԵՄ գործընկեր դառնալու չափորոշիչներին: Նրանում, որ Ադրբեջանն իրեն համարում է «ԵՄ ռազմավարական գործընկեր»,  իր մեծ «ներդրումն» ունի հենց ինքը ԵՄ-ն՝ իր էներգետիկ շահերի պատճառով: ԵՄ այս քաղաքականությունը, սակայն, ամենաթողության զգացում է առաջացնում Ադրբեջանում, ինչը տարածաշրջանի համար անմիջական սպառնալիքներ է ստեղծում: Ավելին, Ադրբեջանին «արտոնյալ» կարգավիճակ տալով՝ ԵՄ-ն վտանգի տակ է դնում Արևելյան Գործընկերության հետագա գոյությունն ու Ադրբեջանի վրա ունեցած ազդեցության լծակները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: