ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիքորոշումը չի փոխվել

www.dailymail.co.uk

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման մասին  բանաձևի ընդունումից հետո  լրատվամիջոցներում լայն տարածում ստացավ այն տեղեկատվությունը, համաձայն որի հունիսի 16-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում պետք է անցկացվի քննարկում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ:

Սակայն որոշ ժամանակ անց, պաշտոնական աղբյուրներից տեղեկատվության ճշգրտումից անմիջապես հետո պարզվեց, որ դա վերաբերում է 2015 թվականի հունիսի 16-ին Լորդերի պալատում կայացած  քննարկմանը: Այն նախաձեռնել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը: Իր խոսքում նա հիշեցրել էր, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչված է ավելի քան  20 երկրի կողմից: Բացի այդ, նա նաև հիշատակել էր Հռոմի Պապի խոսքերը Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին:

Հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերջին տարիների  ընթացքում չի եղել առաջնահերթություն Մեծ Բրիտանիայի համար: Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին հասարակական հետաքրքրությունն այդ հարցի շուրջ էական աճ ապրեց: Եվրոպայի հարցերով պետնախարար, Մեծ Բրիտանիայի փոխնախարար Դեյվիդ Լիդվինգտոնը Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկման ընթացքում հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցեղասպանություն է ճանաչում միայն այն իրադարձությունները, որոնք ճանաչվել են որպես այդպիսին միջազգային դատարանների կողմից:

Այնուամենայնիվ, ցավոք, այս տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Դեռևս 1915 թվականի  մայիսի 29-ին Մեծ Բրիտանիան Ռուսատանի և Ֆրանսիայի հետ համատեղ հրապարակել էր հռչակագիր,  որում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքայի կառավարության գործողությունները որակել էր որպես մարդկության դեմ հանցագործություն: Հռչակագրում կոչ էր արվում քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործությունների կազմակերպիչներին և իրականացնողներին:

Սակայն վերջին 72 տարիների ընթացքում, այն բանից հետո, երբ լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին հենց այդ նույն հանցագործությունը որակեց որպես ցեղապանություն, բրիտանական կառավարության դիրքորոշումը փոխվեց: Սկսեցին հնչել հայտարարություններ այն մասին, որ չկան բավարար փաստարկներ 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու համար:

Դրան հետևեց 2009 թվականին Լոնդոնում Բարիստերների պալատի (բարձրաստիճան իրավաբաններ) հրապարակած Մեծ Բրիտանիայի պաշտոնական եզրակացությունը Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցի շուրջ:  Դրանում, մասնավորապես,  ասվում էր, որ, հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները և այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չի ունենա  օգտակարգություն Մեծ Բրիտանիայի համար և չի աջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայիս դիրքորոշումը համարվում է  Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ միակ հնարավորը:

Այնուամենայնիվ, 2010 թվականին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում (որը հետևեց Ուելսի (2006 և 2007), ինչպես նաև Շոտլանդիայի և Իռլանդիայի (2010) օրինակներին), Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների ցեղասպանության ճանաչման հարցում առկա էին տարամետ դիրքորոշումներ:  Հայոց ցեղասպանությունը ճանաչող Համայնքների պալատի ներկայացուցիչների թիվը հասավ 254-ի: Սակայն, հարկ է նշել, որ 646 պատգամավորներից միայն 495-ն  ունեն քվեարկության իրավունք այդօրինակ հարցերի շուրջ:  Համաձայն քվեարկության արդյունքների, Համայնքների պալատը միանշանակ քննադատում էր Հոլոքոստի մերժման քաղաքականությունը, ինչպես նաև Թուրքիայում հայերի և ասորիների 1915 թվականի ցեղասպանությունը:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը բավական անկանխատեսելի է՝ հաշվի առնելով առկա  հակասականությունը Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերություններում, ինչպես նաև՝ վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կողմից արված վերջին հայտարարությունները: Համաձայն Դեյվիդ Քեմերոնի խոսքերի, մոտակա տասնամյակների ընթացքում Թուրքիան չի  կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բավարարել անհրաժեշտ մի շարք  պահանջներ Եվրամիությանն ինտեգրվելու համար: Բացի այդ, Քեմերոնի խոսքով, Եվրամիության անդամ պետությունները պետք է առայժմ զերծ մնան ոչ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլև՝ Անկարայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցն արծարծելուց: Սակայն այս ամենի հետ մեկտեղ, Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է հայտարարել, որ Լոնդոնի համար կարևոր նշանակություն ունի Անկարայի հետ տարվող քաղաքական երկխոսությունը միջազգային օրակարգի գերակա հարցերի շուրջ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: