ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բունդեսթագի Կանաչների կուսակցության ներկայացուցիչը պատմել է բանաձևի ընդունման գործընթացի և ներկայիս իրավիճակի մասին (ԲԱՑԱՌԻԿ)

deutschlandfunk.de

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնումէ բացառիկ հարցազրույց Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչների կուսակցության» Արևելյան Եվրոպայի քաղաքականության մամուլի քարտուղար Մարիլուիզ Բեքի հետ՝ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և գերմանա-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: 

- Գերմանիայում բազմիցս տարբեր մակարդակներով հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, բայց Բունդեսթագն այն ճանաչեց միայն 101 տարի անց: Ինչպե՞ս հասունացավ այդ պահը, և արդյո՞ք կանխատեսելի էր, որ այդ բանաձևը գրեթե միաձայն կընդունվի:

- Գերմանիայի Բունդեսթագում 2005 թվականին արդեն ընդունել էին բանաձև Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ, որը միաձայն աջակցություն էր ստացել խորհրդարանում բոլոր քաղաքական խմբերի կողմից: Այն ժամանակ Բունդեսթագը խուսափեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ մեղմելու համար հնարավոր ռիսկերը Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման փորձերի համատեքստում։ Սակայն արդեն 2005 թ.-ի բանաձևում նկարագրված էր այն փաստը, որ պատմաբանների ճնշող մեծամասնությունը 1915թ. տեղի ունեցածը որպես «ցեղասպանություն» է գնահատում:

Ակնհայտ էր, որ Բունդեսթագը կհիշեր Հայոց ցեղասպանության մասին 100-ամյա տարելիցի ժամանակ, քանի որ տեղի ունեցածի համար առկա է նաև Գերմանիայի ակնհայտ պատասխանատվությունը: Գերմանիայի կառավարությունը քաջատեղյակ էր Ցեղասպանության մասին, սակայն չէր միջամտել հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների, որն իր խոշոր դաշնակիցն էր Առաջին համաշխարհային պատերազմում: Անցյալ տարի իմ գործընկեր Ջեմ Օզդեմիրը նախաձեռնել էր Կանաչների քաղաքական խմբի բանաձևի նախագիծը Բունդեսթագում: Տասը տարի անց մենք ստիպված էինք նկատել, որ հաշտեցման զգուշավոր և հուսադրող փորձերը դադարել են, և որ դրանք աստիճանաբար ավելի ու ավելի քիչ հավանական են դառնում, քանի որ Թուրքիայի կառավարությունը քարոզում է նոր՝ խիստ ազգայնական մոտեցում: Այնպես որ նոր բանաձևի համար ակնհայտ դարձավ, որ ցեղասպանությունը պետք է հենց «ցեղասպանություն» կոչել՝ պատմական հանձնաժողովին սպասելու փոխարեն:

Իշխող կոալիցիան նախապատրաստել էր բանաձևի նախագիծ, բայց կրկին խուսափեց «ցեղասպանություն» տերմինն օգտագործելուց՝ Թուրքիայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով: Սակայն առաջին ընթերցումից հետո կոալիցիայի ներսում շատացան այն մարդիկ, ովքեր կողմ էին զանգվածային սպանությունը հստակ «ցեղասպանություն» անվանելուն: Այսպիսով, կոալիցիան առաջարկեց մի նոր ընդհանուր բանաձև նախագծել, որը պետք է ընդունվեր դեռևս 100-րդ տարելիցին: Սակայն 2015 թ.-ի փախստականների ճգնաժամից հետո պարզ դարձավ, որ ԵՄ-ն Թուրքիայի կարիքն ունի, և բանաձևի հարցը ձգձգվեց: 2016 թ.-ի մարտին մենք ի վերջո որոշեցինք, որ այլևս պետք չէ սպասել կոալիցիային, և կրկին քննարկման դրեցինք մեր սեփական բանաձևը, որն արտացոլում էր իշխանական կոալիցիայի հետ արդեն վաղուց համաձայնեցված տեքստը: Քննարկման ժամանակ մեզ խնդրեցին նորից սպասել և ընդհանուր բանաձև ընդունել մինչ 2016-ի ամառը: Այնպես որ դա եղել է երկար ու դժվարին պայքար՝ հանուն ընդհանուր բանաձևի: Ես ուրախ եմ, որ մենք վերջապես հասել ենք դրան:

- Այսօր Թուրքիայի իշխանությունները սպառնում են Գերմանիային Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Նույնիսկ որոշ պատժամիջոցներ կիրառելու մասին են սկսել խոսել: Արդյո՞ք Հայոց ցեղասպանության ճանաչումը գերմանա-թուրքական հարաբերությունների վատթարացման պատճառ կդառնա:

- Անշուշտ բանաձևն ավելի չի հեշտացնի Թուրքիայի հետ գործ բռնելը: Բայց մենք չենք կարող սահմանափակել մեր խոսքի ազատությունը կամ քննադատությունն այնտեղ օր օրի վատթարացող ժողովրդավարության և մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանուն Թուրքիայի հետ լավ հարաբերությունների: Եթե ​​դուք ուշադիր կարդաք բանաձևի տեքստը, ապա սա ոչ թե մեղադրանք է Թուրքիայի դեմ, այլ մի փաստաթուղթ, որն ավելի շատ ընդգծում է Գերմանիայի դերն ու պատասխանատվությունը: Ցավոք, գերմանական օրենսդիրները, ովքեր թուրքական արմատներ ունեն, այժմ թուրք համայնքների կողմից սպառնալիքներ են ստանում, ընդհուպ մինչև մահվան սպառնալիքներ: Նախագահ Էրդողանն ինքն իր մեկնաբանություններով ատելություն է սերմանում այդ պատգամավորների հանդեպ: Ակնհայտ է, որ Թուրքիան և Գերմանիան ստիպված կլինեն աշխատել միասին ապագայում ևս, և մենք պետք է անմիջապես վայր դնենք այս կտրուկ հռետորաբանությունը:

- Որո՞նք կլինեն Գերմանիայի հաջորդ քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո:

- Հայոց ցեղասպանության մասին բանավեճը մեկ այլ բանավեճ հրահրեց՝ կապված Նամիբիայում Հերերո ժողովրդի դեմ ցեղասպանության շուրջ բանաձևի նախագծման հետ, որը ևս մութ էջ է Գերմանիայի պատմության մեջ, և որը դեռ պաշտոնապես չի ճանաչվել:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, Գերմանիան շարունակելու է աջակցել պատմական հետազոտություններին և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: