ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի պապի կողմից հնչած մի շարք ուղերձներ Հայաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն

Ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս I պապի այցը Հայաստան կամ, ինչպես ինքն էր իր ուղերձում նշել, ուխտագնացությունն առաջին քրիստոնյա երկիր: Հռոմի պապի այցի ընտրված կարգախոսից, տարբեր միջոցառումների ժամանակ նրա կողմից հնչած խոսքերից մինչև նրա լուռ աղոթքը Ծիծեռնակաբերդում և նրա կեցվածքն այս ողջ երեք օրերի ընթացքում, ցույց տվեցին ու խոսեցին շատ բաների մասին:

Նախ, Հռոմի պապի այցը Հայաստան ևս մեկ անգամ հիշեցրեց ողջ աշխարհին քրիստոնյա աշխարհում հայերի և Հայ Առաքելական Եղեղեցու յուրահատուկ դերի մասին: Պատահական չէր, որ նա իր պատգամների ժամանակ հիշեց սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսին, սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ անվանելով նրան «Խաղաղության Վարդապետ», այցելեց Խոր Վիրապ՝ մոմ վառելով Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռում:

Երկրորդ, ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության հիմքի վրա կառուցված եվրոպական արժեհամակարգի կրողը, ինչով շատ հաճախ պայմանավորված հայ ժաղավուրդն առերեսվել է բազմաթիվ դժվարությունների, ինչը, միևնույն ժամանակ, նաև հայ ժողովրդի վերածնունդն է ապահովել:

Երրորդ, Հռոմի պապն իր բոլոր ուղերձներում խաղաղության կոչ արեց՝ մաղթելով, որ Արցախում տիրի խաղաղություն, իսկ հայ և թուրք հասարակությունների միջև ձեռք բերվի հաշտություն: Ակնհայտ է, որ նման ուղերձ Հռոմի պապի շուրթերից չէր հնչի մի երկրից, որտեղ թե´ իշխանությունների, թե´ հասարակության շրջանում տիրեր թշնամանկան մթնոլորտ՝ ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ, աղավնիներ բաց չէին թողնվի դեպի հայ-թուրքական փակ սահման մի երկրից, որը չի գիտակցում խաղաղության արժեքն ու գինը:

 Հռոմ մեկնելու ճանապարհին ինքնաթիռի մեջ տված իր մամուլի ասուլիսի ժամանակ հենց այս մասին փաստեց Հռոմի պապը: Նա հատուկ շեշտադրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում Հայոց ցեղասպանության համատեքստում հնչած այն միտքը, որ «ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով պետք է շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»: Հռոմի պապի խոսքով մի ժողովուրդ, որն այդքան շատ է տառապել, պետք է մեծ քաջություն ունենա նման բան ասելու համար:

Չորրորդ, պետք է հիշել, որ Հռոմի պապը, բացի հոգևոր առաջնորդ լինելուց, նաև Վատիկան պետության ղեկավարն է: Այս առումով նրա այցը, որը բավականին դրական ու ջերմ մթնոլորտում ընթացավ, բնականաբար զարկ կտա ոչ միայն կաթոլիկ և առաքելական եկեղեցիների հարաբերությունների խորացմանը, այլ նաև նոր, առավել բարձր մակարդակի վրա կբարձրացնի Վատիկան պետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը:

Հաշվի առնելով Հռոմի պապի սիմվոլիկ նշանակությունը և նրա խոսքի արժևորումը կաթոլիկ երկրների կողմից, ինչպես նաև հենց Ֆրանցիսկոս պապի՝ որպես անհատի նկատմամբ մարդկության տածած յուրահատուկ վերաբերմունքն ու սերը՝ այս ուղերձները, միանշանակ, ընկալելի կդառնան շատ ու շատ երկրներում: Ինչ վերաբերում է Հռոմի պապի այցի ընթացքում ստեղծված և նրա ուղերձներից բխող հնարավորություններին, ապա դրանք շատ են և կարող են կրկնապատկվել մեր ճիշտ, թիրախավորված և հետևողական աշխատանքի շնորհիվ, որը պետք է սկսել օր առաջ՝ ստեղծված պահը բաց չթողնելու համար:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: