ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացական բանակում պարտադիր զինծառայությունը վերացնելու որոշումը բարդ իրավիճակ է ստեղծել

Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին՝ իր պաշտոնավարման մեկ տարին ամփոփելու ժամանակ լրագրողների ներկայությամբ հրաման է ստորագրել բանակում պարտադիր ժամկետային զինծառայությունը (տևողությունը՝ 1 տարի) դադարեցնելու վերաբերյալ: Նախարարը պայմանագրային ծառայության անցում ենթադրող այս որոշումը ներկայացրել է որպես տրված խոստումի կատարում՝ ընդգծելով, որ «եթե հաջորդ նախարարին դուրս չգա, թող չեղարկի այն»:

Խնդիրն առավել հստակ պատկերացնելու համար նշենք, որ Թինաթին Խիդաշելիի որոշումը չի վերաբերում Վրաստանում պարտադիր ծառայությունը և հետևաբար նաև զորակոչն ընդհանրապես չեղարկելուն: Նախարարի որոշումը վերաբերում է միայն պարտադիր ծառայության Պաշտպանության նախարարության քվոտային (զորակոչիկների 25%-ին), սակայն չի տարածվում մնացած 75%-ի վրա, ովքեր զորակոչվում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության, Վրաստանի պատիժների իրականացման և իրավաբանական օգնության նախարարության, Պետանվտանգության ծառայության, ինչպես նաև Պետական անվտանգության հատուկ ծառայության կողմից:

Խիդաշելիի՝ առաջին հայացքից ոգևորություն առաջացնող որոշումը, սակայն, դարձել է ներքաղաքական  լուրջ տարաձայնությունների առարկա: Պարզվում է, որ պաշտպանության նախարարը ՊՆ-ում պարտադիր ժամկետային ծառայությունը չեղարկելու վերաբերյալ որոշումը չի համաձայնեցրել ոչ մեկի հետ, ինչն էլ հանգեցրել է քննադատության տարափի ինչպես իշխանությունների, այնպես էլ առանձին ուժերի կողմից: Ազգային անվտանգության խորհուրդն արդեն հայտարարել է, որ իրենց գրավոր չեն տեղեկացրել և խնդրել է տրամադրել համապատասխան փաստաթուղթը՝ դրան ծանոթանալու նպատակով: Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նշել է, որ, անկախ որոշման ճշմարտացիությունից, այն պետք է քննարկման դրվեր կառավարության նիստի ընթացքում և ոչ թե միանձնյա որոշում կայացվեր: Երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ևս հայտարարել է, որ նման որոշումը պետք է կայացվեր համաընդգրկուն քննարկումներից հետո:

Հաշվի առնելով Վրաստանում մեկնարկած նախընտրական արշավը՝ ինչպես և կարելի էր ակնկալել, «Հանրապետական կուսացկության» (որը կոալիցիայից դուրս է եկել և աշնանն առանձին կմասնակցի ընտրություններին) ներկայացուցիչ հանդիսացող Թինաթին Խիդաշելիի որոշումը տարբեր ուժերի կողմից սկսեց մեկնաբանվել նաև ընտրարշավի տրամաբանության համատեքստում: Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտարարել է, որ Խիդաշելիի որոշումը համաձայնեցված չի եղել ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԱԽ-ի, ո՛չ էլ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի հետ: Սեսիաշվիլիի կարծիքով բավական տարօրինակ է այն, որ Խիդաշելին նման հրաման է ստորագրել Պաշտպանության բանակը գարնանային զորակոչի շրջանակներում 1000 զորակոչիկով համալրելուց հետո: Ըստ նրա՝ Խիդաշելին կարող էր զորակոչից պարզապես հրաժարվել՝ աշնան զորակոչի շրջանակներում ՊՆ քվոտայի հայտ չներկայացնելով, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ նման հրամանի ընդունումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական PR: Համանման կարծիք է հայտնել նաև խորհրդարանական մեծամասնության ղեկավար Զվիադ Կվաչանտարաձեն. «Ինձ մոտ ստեղծվել է տպավորություն, որ պաշտպանության նախարարի հրամանի հրապարակումը տեղի է ունեցել բավական գրավիչ վերնագրերով, որոնք կարող են ստանալ վրաց երիտասարդների համակրանքը, թե, իբր, Վրաստանում վերացվում է պարտադիր ծառայությունը: Սակայն, ինչպես գիտեք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ»:

Պաշտպանության նախարարի որոշումը քննադատության են ենթարկել նաև որոշ ընդդիմադիր ուժեր: «Դեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ նախարարի կողմից նման կարևորության որոշման միանձնյա ընդունման «նախադեպեր չկան ո՛չ  որևէ ժողովրդավարական, ո՛չ բռնապետական երկրում»: «Բոլորին հայտնի է, որ Հանրապետական կուսակցության համար խորթ չէ երկրի շահերը զոհելը՝ փոխարենը սեփական կուսակցության շահերն առաջ տանելը և քաղաքական դիվիդենտներ քաղելը»,- նշել է Բուրջանաձեն:

Փորձելով ամփոփել Խիդաշելիի որոշման հնարավոր ազդեցությունը՝ կարող ենք նշել, որ վրացական իշխանությունները, մասնավորապես՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիան, հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ նման զգայուն խնդրի հետ կապված ցանկացած սխալ քայլ  կարող է թանկ արժենալ (չնայած արդեն կան խոսակցություններ Խիդաշելիի որոշումը կառավարության մակարդակով չեղարկելու մասին)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խիդաշելիի որոշումը հասարակության որոշ շրջանակների կողմից ընդունվեց բավական մեծ ոգևորությամբ: Ինչ վերաբերում է նման որոշման հնարավոր քաղաքական մոտիվներին, ապա, բնականաբար, դա բացառելը ևս սխալ կլինի: Անշուշտ, Խիդաշելին՝ որպես «Հանրապետական կուսակցության» կարկառուն ներկայացուցիչ, նման որոշմամբ որոշակի քաղաքական դիվիդենտներ բերեց նաև իր կուսակցությանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: