ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջան. Սահմանադրական փոփոխություններով դեպի բռնապետություն

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ կպատասխանեն այն հարցին, թե կո՞ղմ են արդյոք սահմանադրության առաջարկվող փոփոխություններին, թե՞ ոչ: Հանրաքվեի արդյունքները կանխատեսելը դժվար չէ. Ադրբեջանում տիրող ռեժիմի պայմաններում առանց լուրջ խոչընդոտների փաստաթուղթը կստանա անհրաժեշտ «այո»-ն: Իսկ ինչու՞ այս գործընթացը մեկնարկեց հենց հիմա, ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իրական նպատակը և ի՞նչ կլինի Ադրբեջանի հետ սահմանադրական փոփոխություններից հետո: Սրանք հարցեր են, որ պատասխանի կարիք ունեն:

Սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որն արդեն ստացել է երկրի Սահմանադրական դատարանի հավանությունը, ներկայացրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Փաստաթուղթը մի շարք փոփոխություններ է նախատեսում սահմանադրության տարբեր գլուխներում: Փոփոխությունների մեջ ամենահատկանշականը թերևս այն է, որ դրանցով էապես լայնանում են նախագահի լիազորությունները: Այսպես, սահմանադրական փոփոխությունների գործընթացի հաջողման արդյունքում Ադրբեջանում նախագահը նախկին 5 տարվա փոխարեն հնարավորություն կունենա պաշտոնավարել 7 տարի, կունենա նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք, կներդրվի առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտ: Բացի այդ, նոր սահմանադրությամբ նվազեցվում են նախագահի և պատգամավորների թեկնածուների համար նախատեսված  տարիքային շեմերը: Նախագահի պաշտոնի պարագայում այն 35-ից իջեցվում է 25-ի, իսկ պատգամավորների պարագայում՝ 25-ից 18-ի: Մի շարք փոփոխություններ են նախատեսվում նաև մարդու իրավունքներին վերաբերող գլուխներում:

Կասկածից վեր է, որ նման փոփոխություններով Իլհամ Ալիևը փորձում է սահմանադրական հիմքեր ապահովել իշխանությունը որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին փոխանցելու համար: 2018-ին նախագահ Ալիևը կավարտի իր պաշտոնավարման 3-րդ շրջանը: Մեծ է հավանականությունը, և ըստ ամենայնի այդպես էլ կլինի, որ Ալիևը չորրորդ անգամ կդնի իր թեկնածությունը: Դրանից հետո՝ 2025-ին, ժառանգաբար փոխանցվող աթոռին նստելուն լիարժեք պատրաստ կլինի որդին՝ այնժամ արդեն 28-ամյա Հեյդար Ալիև կրտսերը:

Նման փոփոխությունները լրիվ տեղավորվում են ողջ իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացնելու Ալիևի քաղաքականության տրամաբանության շրջանակներում: Եվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկող տարին՝ 2017-ը, Ադրբեջանում կլինի արդեն նոր ընտրություններին նախապատրաստվելու տարի, այս նախագծի կյանքի կոչման համար լավագույն ժամանակն, ըստ էության, մինչև այս տարվա ավարտն էր, ինչը և Ալիևը արեց:

Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական փոփոխությունների միջոցով Ալիևների կլանը փորձ է անում վերջնականապես ամրապնդվել իշխանության գլխին՝ ստեղծելով սահմանադրական բոլոր հիմքերը իշխանությունն անարգել հորից որդի փոխանցելու համար: Բացի այդ, դրա միջոցով Ադրբեջանի ժողովուրդը վերջնականապես կզրկվի սեփական երկրի կառավարմանը մասնակցելու գոնե դե-յուրե հնարավորությունից: Ողջ իշխանությունը կկենտրոնանա գործադիրի ձեռքում, իսկ որոշումների ընդունումն ու կառավարումը տեղի կունենան մի կետից: Գուցե դե-ֆակտո Ադրբեջանում վաղուց այս վիճակն էր, բայց սրանից հետո այն կդառնա նաև սահմանադրությամբ ամրագրված իրողություն:

Եվ, ի վերջո, ի՞նչ կլինի այս ամենից հետո: Ըստ էության, բովանդակությունը կմնա նույնը, կփոխվի միայն ձևը: Սահմանադրությունը կարտացոլի իշխանության ձգտումներն ու մոտեցումները: Այս ամենից դուրս է մնում ժողովուրդը, Ադրբեջանի քաղաքացին, ում համար էլ, ըստ էության, ոչինչ չի փոխվի, քանի որ վաղուց համակերպվել ու համակերպվում է Ալիևների կլանի հավերժ լինելու գաղափարին: Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն կառուցում են միջնադարյան բռնապետություններին հատուկ մի պետություն, որտեղ ժողովուրդը չունի ձայնի իրավունք, որտեղ ժողովուրդն ընդամենը օբյեկտ է, ոչ ավելին:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2024
       
    27.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: