ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հոգեկան հանգստության համար անհրաժեշտ է …

vuspehe.org

Վերջին շաբաթների դեպքերն ավելացրեցին հոգեկան լարվածությունը, սթրեսները, ընկճախտը (դեպրեսիան), որոնցով վաղուց արդեն տառապում է մեր հասարակությունը: Մինչդեռ առողջ ժողովուրդ ունենալու համար առաջին հերթին հարկավոր է նրան դարձնել երջանիկ: Ի դեպ, Հնդկաստանի և Չինաստանի արանքում գտնվող Բուտանի թագավորության սահմանադրության 9-րդ հոդվածով ամրագրված է, որ կառավարության գլխավոր նպատակն իր յուրաքանչյուր քաղաքացուն երջանկացնելն է, և այդ երկրում նույնիսկ Երջանկության նախարարություն կա:

Իսկ ինչի՞ց կարող է մարդն իրեն երջանիկ զգալ:

Դարեր շարունակ մարդկությունն այս հարցի պատասխանն է փնտրում: Արևելյան իմաստությունն ասում է. «Երջանկությունը կգա այն ժամանակ, երբ կմաքրվեն բոլոր հին հաշիվները»:

Մեր այս խելահեղ դարում սթրես չեն տանում միայն ամեն ինչի վրա «թքած ունեցող» մարդիկ,  ովքեր շատ քիչ են: Իսկ սթրեսի մեջ ընկած «նորմալ» մարդիկ փորձում են այն հաղթահարել ծխախոտով, ալկոհոլով, թմրանյութերով (ինչպես «սովորեցնում են» համարյա բոլոր հեռուստասերիալներում), երկար քնով, մեծ քանակությամբ «համեղ» բաներ ուտելով, օր ու գիշեր վիրտուալ աշխարհում թափառելով և այլն:

Դեպրեսիան առաջանում է սթրեսից: Այն աշխատում է երեք մակարդակով. մարմին, խելք և ոգի: Եվ դեպրեսիայից դուրս գալու համար հարկավոր է աշխատել այս բոլոր երեք մակարդակներով, քանի որ նրանք փոխկապակցված են և կամ ուժեղացնում, կամ էլ թուլացնում են միմյանց:

Դեպրեսիան առաջանում է մեր բացասական մտքերից, որոնց թվում են նախանձը, խանդը, վիրավորանքը, մեղքի զգացումը: Հաճախ ես լսում՝ «ողջ կյանքս նվիրել եմ...» (երեխաներիս, ամուսնուս, աշխատանքիս, երկրիս) արտահայտությունը: Բայց չէ՞ որ դա քեզ ոչ ոք չի պարտադրել, դու կատարել ես քո պարտքը, պարտականությունը, ուստի հարկավոր չէ ողջ կյանքն ապրել չգնահատված լինելու, անբավարարվածության զգացումով: Այդ ուղին դու ինքդ ես ընտրել և ոչ ոք դրանում մեղավոր չէ:

Երբ մենք շրջապատից ինչ-որ բան ենք պահանջում (օր.՝ ճանապարհ զիջել), դա մեր ներսում սպասում, ակնկալիք է առաջացնում, ինչը, չիրականանալով, առաջացնում է վիրավորանք, ագրեսիա, չարություն, ինչն արդյունքում հանգեցնում է ինքնաոչնչացման՝ դեպրեսիայի, առողջության քայքայման և այլն: Եվ ինչքան ակտիվ լինի մյուսների նկատմամբ պահանջկոտությունն, այնքան ավելի արագ ու լուրջ կլինի սեփական առողջությանը հասցված հարվածը:

Պահ է գալիս, որ ոչինչ չես ուզում, թվում է, թե ամեն ինչ վատ է, և «թունելի վերջում» լույս չի երևում: Սակայն չպետք է մոռանալ, որ աշխարհն այնպիսին է, ինչպիսին մեր մտքերն են: Շատ կարևոր է գիտակցել, որ քանի դեռ մենք միայն վատն ենք մտածում ու տեսնում, ապա այդպես էլ կշարունակվի: Այս կապակցությամբ մի փոքրիկ առած մեջբերեմ:

Մի կին ավտոբուսով աշխատանքից հետո գնում է տուն: Ավտոբուսը լիքն է, նա հոգնած է, անտրամադիր, ձեռքերին ծանր տոպրակներ են և մտածում է. «Ամուսինս անհաջողակ է, երեխաներս չլսող են ու վատ են սովորում, երկիրը երկիր չի, փող չկա, պատերազմը քթի տակ է, ղեկավարս ինձ վատ է վերաբերվում»: Կնոջ հետևում կանգնած նրա պահապան հրեշտակն այս ամենը գրի է առնում ու մտածում. «Լավ, այս ամենը նրա ինչի՞ն է հարկավոր: Բայց դե քանի որ պատվիրել է, ստիպված պետք է կատարեմ»:

Դեպրեսիայից դուրս գալու համար շատ կարևոր և օգտակար է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչն օգնում է շարժել մարմինը, իսկ դա էլ իր հերթին ազդում է զգացմունքների վրա, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ է արտադրում:

Դեպրեսիայից դուրս գալուն շատ լավ օգնում է նաև բոլորին երջանկություն ցանկանալը: Ուստի ամեն առավոտ և երեկո գոնե 5 րոպե բոլորին երջանկություն ցանկացեք (օրինակ, երբ գնում եք տրանսպորտով): Իհարկե, սկզբում դժվար կլինի, բայց կտեսնեք, թե դա ինչպես է լավացնում թե′ ձեր շրջապատը, թե′ նաև ձեր ինքնազգացողությունը:

Դեպրեսիան հաղթահարելու համար խորհուրդ են տրվում հետևյալ ութ քայլերը.

- մի վերցրեք ձեզ վրա ավելին, քան կարող եք կատարել,

- ձեզ պաշտպանեք լրատվամիջոցների բացասական տեղեկատվությունից,

- մի մեկուսացեք ձեր խնդիրներով հանդերձ, այլ կիսվեք ընկերների, մոտիկների հետ,

- հաճախակի ժպտացեք,

- շատ շարժվեք, լավ է լողը, վազքը, տարբեր խաղերը, վարժությունները,

- սովորեք թուլանալ, մերսման, մեդիտացիայի, զբոսանքի միջոցով,

- ճիշտ սնվեք: Դեպրեսիայի դեմ պայքարում չեմպիոն են համարվում դեղձը, խաղողը, կիվին, ցիտրուսային մրգերը, կարմիր պղպեղը, բանանը, ռեհանը:

- սովորեք կառավարել ձեր զգացմունքները: Մի լավ արտահայտություն կա. եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր քո վերաբերմունքը դրա նկատմամբ: Հիշո՞ւմ եք, Սողոմոն թագավորի մատանու վրա գրված էր՝ «սա էլ կանցնի»:

Այս վերջին կետի վերաբերյալ ներկայացնենք հետևյալ առածը:

Մի թագավոր շատ մոտ էր իր մանկության ընկերոջ հետ, որն իր կյանքի ցանկացած իրավիճակում՝ լավ թե վատ, սովորություն ուներ ասելու՝ «սա լավ եղավ»: Մի անգամ որսի ժամանակ հրացանի հետ խնդիր է առաջանում, ինչի ադյունքում կտրվում է թագավորի բութը: Նրա ընկերը, սովորության համաձայն, ասում է՝ «սա լավ եղավ»: Սակայն թագավորը բարկանում է. «Ոչ, բոլորովին էլ լավ չեղավ», - և հրամայում է ընկերոջը բանտ նետել:

Անցնում է մոտ մեկ տարի: Թագավորը գնում է որսի մի շրջան, որտեղ, նրա կարծիքով, անվտանգ էր: Սակայն, այդտեղ մարդակեր ցեղերը հարձակվում են, գերի վերցնում թագավորին ու նրա շքախմբին և բերում իրենց գյուղ: Երբ կրակ են վառում և նախապատրաստում գերիներին, նկատում են, որ թագավորը բութ մատ չունի: Նրան իսկույն բաց են թողնում, քանի որ մարդակերների սնահավատությունը թույլ չէր տալիս ուտել մարմնական խեղվածք ունեցող մարդկանց:

Վերադառնալով պալատ, թագավորն իսկույն գնում է բանտ՝ ընկերոջ մոտ:

-         Դու ճիշտ էիր, - ասում է թագավորը, - լավ եղավ, որ ես մնացի առանց մատի, - և պատմում է գլխին եկածը: - Շատ եմ ցավում, որ քեզ բանտ նետեցի, դա իմ կողմից շատ վատ էր:

-         Ոչ, - պատասխանում է ընկերը, - դա լավ էր:

-         Ի՞նչ ես խոսում: Ի՞նչ լավ բան կա նրանում, որ իմ ընկերը մեկ տարի անցկացրեց բանտում:

-         Եթե ես բանտում չլինեի, ես քեզ հետ այնտեղ կլինեի…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: