ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան հակամարտությունը՝ Իսլամական համագործակցություն կազմակերպությունում

AWDNEWC.COM

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը հայտնել է, որ սեպտեմբերին նախատեսվում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում ստեղծված Ղարաբաղի հարցող Կոնտակտային խմբի նիստ անցկացնել: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ աշխատանքներ են տարվում Ղարաբաղի հարցով ԻՀԿ Կոնտակտային խմբի առաջին նիստը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում որպես առանձին միջոցառում անցկացնելու ուղղությամբ: Նախատեսվում է Կոնտակտային խմբի առաջին նիստն անցկացնել արտգործնախարարների մակարդակով:  Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանը տեղի կունենա սեպտեմբերի 13-26-ին Նյու Յորքում:

Ղարաբաղի հարցով ԻՀԿ Կոնտակտային խումբ ստեղծելու մասին որոշումը կայացվել է 2016 թվականի ապրիլի 14-15-ին Թուրքիայում տեղի ունեցած ԻՀԿ 13-րդ գագաթաժողովի ժամանակ, որի  ընդունած փաստաթղթերում տեղ գտան հակահայկական բազմաթիվ ձևակերպումներ: Մասնավորապես, գագաթաժողովի արդյուքնում ընդունված Վերջնական կոմյունիկեն կոչ էր անում Հայաստանին իր «զինված ուժերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի Հանրապետության այլ գրավյալ տարածքներից»՝ վերահաստատելով իր «սկզբունքային աջակցությունն Ադրբեջանի ջանքերին»: Ավելին, ընդգծելով «Հայաստանի վրա ճնշումը քաղաքական, տնտեսական և հարկադրանքի այլ միջոցներով մեծացնելու անհրաժեշտությունը»՝ ԻՀԿ-ն կոչերից անցավ պրակտիկ գործողությունների: Որոշում կայացվեց ԻՀԿ-ի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով ստեղծել «Կոնտակտային խումբ՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի դեմ»:

Ընդ որում, նախատեսվում էր Կոնտակտային խմբի առաջին հանդիպումը հրավիրել հենց ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովի շրջանակներում, բայց, ինչպես երևում է, այդ գործընթացն այնքան էլ մեծ հետաքրքրություն չառաջացրեց ԻՀԿ անդամ-պետությունների շարքում: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբում ներառված են Թուրքիան, Մարոկկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալազիան, Գամբիան և Ջիբութին:

Պետք է նշել, որ Ղարաբաղյան հակամարտությունն ԻՀԿ-ում քննարկման առարկա դարձնելու գործընթացում Ադրբեջանին մեծապես աջակցում է Թուրքիան, որը վերջին տարիներին աստիճանաբար դառնում է այս կազմակերպության ազդեցիկ անդամներից մեկը: Պատահական չէ, որ Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբի ստեղծման մասին որոշման ընդունումից հետո Թուրքիան կոչ էր անում ԻՀԿ անդամ-պետություններին ակտիվորեն ներգրավվել կոնտակտային խմբի աշխատանքներում:

Առհասարակ, Թուրքիան հանդես է գալիս միջազգային հարաբերություններում այս կազմակերպության դերակատարումն ամրապնդելու օգտին (սրանում տեսնելով նաև իսլամական աշխարհում սեփական դիրքերն ամրապնդելու անհրաժեշտությունը): Հենց այդ նպատակով վերջին տասնամյակում ԻՀԿ-ն հետևողականորեն մեծացնում է հակամարտությանների կարգավորմանն իր ներգրավվածությունը, հատկապես իսլամական ժողովուրդների ներգրավմամբ ճգնաժամերում: Ընդ որում, «իսլամական աշխարհի հավաքական ձայն» ներկայանալու փորձերը հազվադեպ են հաջողությամբ պսակվում, ինչը փաստում է կազմակերպության ներսում առկա բազմաթիվ հակասությունների մասին:

ԻՀԿ ապրիլյան գագաթաժողովից հետո հունիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում իսլամական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և իսլամական կազմակերպությունների ղեկավարներին և իր շնորհակակալությունը հայտնեց ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ընդունված հակահայկական փաստաթղթերի համար: Ալիևը հայտարարեց, որ «Հայաստանի ղեկավարությունը մուսուլմանական երկրներին վերաբերվում է որպես թշնամիների, հետևաբար, շատ կարևոր է, որ ողջ իսլամական աշխարհը միասնականություն դրսևորի» Ղարաբաղյան հակամարտության և մյուս հարցերում:

Հերթական անգամ փորձելով կրոնական երանգ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը և կարգավորման գործընթացը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից՝ Ադրբեջանն ու Թուրքիան թշնամանքի պատրանք են ստեղծում Հայաստանի և իսլամական աշխարհի միջև, ինչը, սակայն, անտրամաբանական է՝ հաշվի առնելով իսլամական բազմաթիվ երկրների հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները:

Հետևաբար, Ղարաբաղի հարցով ԻՀԿ Կոնտակտային խմբի նիստը, եթե անգամ այն կայանա (դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ), չի կարող նշանակալի ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են միջազգայնորեն ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ նույն Մինսկի խմբի համանախագահները բազմիցս ընդգծել են, որ հակամարտության կարգավորումն այլ հարթակ տեղափոխելու ջանքերը կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ողջ գործընթացի վրա: Բացի այդ, անհնար է անգամ խոսել այդ հարթակում կառուցողական քննարկման հնարավորության մասին՝ հաշվի առնելով նախ քննարկումներում հայկական կողմերի բացակայությունը, և երկրորդ, Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անելու են Ղարաբաղյան հակամարտության էությունից գրեթե անտեղյակ այս երկրներից հակահայկական հայտարարություններ կորզելու համար:

Տեղեկանք

ԻՀԿ-ն ՄԱԿ-ից հետո երկրորդ ամենամեծ միջկառավարական կազմակերպությունն է: Ստեղծվել է 1969 թվականին: Այսօր ԻՀԿ-ն 57 անդամ-երկիր ունի: Իր գոյության առաջին տասնամյակների ընթացքում ԻՀԿ-ն հիմնականում կենտրոնացել է Պաղեստինի խնդրի, իսլամական սրբավայրերի պաշտպանության և անդամ-պետությունների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման վրա: Տասնամյակներ շարունակ ԻՀԿ-ն ներքին տարաձայնությունների և հակամարտությունների պատճառով չի կարողացել ներկայանալ որպես մեկ միասնական կազմակերպություն: 2000-ական թվականներից բարեփոխումներ սկսվեցին կազմակերպության ազդեցությունը միջազգային ասպարեզում ուժեղացնելու ուղղությամբ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: