ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԿ-ների մասին օրինագիծ. ուժեղ և թույլ կողմերը

ՀՀ ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում է ներառվել նաև Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում լրամշակումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը մշակվել է դեռևս 2014 թվականին, մի քանի անգամ ներկայացվել է Ազգային ժողով ու հետ ուղարկվել կառավարություն` լրամշակման: Հատկանշական է, որ այդ ողջ գործընթացն ուղեկցվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներով, քննարկումներով, և ուշադրություն է դարձվել նաև նախագծի տարբեր դրույթների վերաբերյալ նրանց մտահոգություններին:

Նախ նշենք, որ դեռևս 2001թ.-ին ընդունված Հասարակական կազմակերպությունների մասին օրենքն արդեն վաղուց կարիք ունի լրամշակման, ինչը պայմանավորված է մի կողմից քաղաքացիական հասարակության զարգացմամբ, մյուս կողմից՝ երկրի պետական և հասարակական կյանքում հասարակական դերի հստակեցման անհրաժեշտությամբ: Նոր օրինագիծը նախատեսում է ՀԿ-ների պետական գրանցման վարչարարության պարզեցում, կամավորության ներգրավման, հաշվետվողականության ինստիտուտի հստակեցում, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, դատարան դիմելու իրավունք և այլն:

Նախագծում ներառված թերևս ամենակարևոր նորարարություններից է հասարակական կազմակերպություններին ձեռնարկատիրական գործունեության իրավունքով օժտելը: Նման լուծումը, անշուշտ, դրական կերպով կանդրադառնա հասարակական կազմակերպությունների ֆինանսական կենսունակության վրա՝ համեմատաբար թուլացնելով նաև նրանց կախվածությունը արտաքին ֆինանսական աղբյուրներից:

Օրինագծի մշակմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Եվրամիությունը և Բրիտանական խորհուրդը, իսկ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց առաջարկները, ինչպես նաև տարբեր դրույթների հետ կապված դիտարկումները: Դրանց հիման վրա լրամշակումների արդյունքում օրինագծի նախնական տարբերակի շատ դրույթներ փոփոխվել են, ինչն արձանագրում են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Չնայած տարբեր վերանայումներին, ըստ ՔՀԿ ներկայացուցիչների, ներկայիս օրենքի նախագիծը դեռևս պարունակում է որոշակի դրույթներ, որոնք սահմանափակում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից առավել կարևորվում են հետևյալները:

- Նախագիծը սահմանում է, որ հասարակական կազմակերպություններն իրենց կանոնադրության մեջ ձևակերպեն, թե ովքեր են կամ հասարակության որ խմբերն են իրենց շահառուները: Սակայն ոչ բոլոր կազմակերպություններն են զբաղվում ինչ-որ կոնկրետ խմբերի (երեխաներ, կանայք և այլն) իրավունքների պաշտպանությամբ: Բավական շատ են այնպիսի կազմակերպությունները, որոնք, օրինակ, աշխատում են Հայաստանում ժողովրդավարության խթանման, տարբեր գործընթացների և սոցիալական երևույթների մոնիթորինգի ուղղություններով: Տվյալ կազմակերպությունների համար այս դրույթի իրացումը կլինի բավական դժվար:

- Թեև, ըստ օրինագծի, վերականգնվում է ՀԿ-ների կողմից դատարան դիմելու իրավունքը, սակայն ըստ նախագծի` կազմակերպությունները շահերի պաշտպանություն կարող են իրականացնել միայն շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտին վերաբերող հարցերի դեպքում: Բացի այդ՝ դատարան կարող են դիմել միայն այն ՀԿ-ները, որոնք ունեն առնվազն երկու տարվա գործունեության փորձ և մինչ այդ զբաղվել են իրավունքների պաշտպանությամբ:

Սպառողների իրավունքների խախտման, պատմամշակութային հուշարձանների պահպանման և ամենատարբեր հարցերով զբաղվող կազմակերպություններին օրինագիծն այդ իրավունքը չի տալիս: Այս առնչությամբ ՔՀԿ ներկայացուցիչները հիշեցնում են Սահմանադրական դատարանի 2010թ.-ի 906 որոշումը, որում ասվում է, որ եթե ՀԿ-ն դիմում է դատարան, և տվյալ խնդիրն իր կանոնադրական նպատակների շրջանակում է, ուրեմն նա պատշաճ հայցվոր է:

- Մեղմացվել է նաև ստուգումների դրույթը, սակայն ՀԿ-ների դժգոհությունը մասամբ պահպանվել է: Նախագծի նախնական տարբերակում կազմակերպությունների ֆինանսական հաշվետվության հրապարակային ներկայացումը եղել է պարտադիր: Գործադիրը հաշվի է առել դժգոհությունները և սահմանել, որ հանրային հաշվետվություն կներկայացնեն ոչ բոլոր ՀԿ-ները, մասնավորապես ֆինանսական աուդիտի է ենթարկվում կազմակերպությունների՝ միայն հանրային միջոցներից (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցներ) ստացած գումարի շրջանառությունը, եթե այն գերազանցում է 5 մլն դրամի սահմանագիծը:

Որոշակի վիճելի կետերով հանդերձ՝ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ բավական դրական են գնահատում հասարակական կազմակերպությունների մասին օրենքի լրամշակման այս գործընթացը և այն համարում են անգամ մի փոքր ուշացած:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: