ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

UNESCO-ն Դիլիջանն ընդգրկել է ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում

studytravel.network

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (UNESCO) Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC): Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ցկյանս ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում՝ կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանելով քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին IdeA հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:

«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական և միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին: 

Դիլիջանի համայնքային կենտրոնին և այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդն ասել է.«Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային և ժամանցային կենտրոն դարձնելն է, և նման միջազգային ճանաչումը կարևոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»:  

Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն էլ նշել է. «Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»: 

Այս ցանցում Դիլիջանը Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու հնարավորություն կստանա՝ իր քաղաքացիներին ցկյանս ուսումնառության հնարավորություն տալով և, այդպիսով, բազմակողմ և հավասար կրթություն ապահովելով:

Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցի մասին

Այժմ աշխարհի ավելի քան 1000 քաղաքներ և համայնքներ դարձել են կամ դառնում են ուսումնառու/կրթական քաղաքներ: Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական  երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը: Ինչպես նաև նրանք կարող են իրենց քաղաքացիների համար արդյունավետ օգտագործել ցկյանս ուսումնառությունը խթանելու՝ ուսումնառու քաղաքի մոտեցումները:  GNLC համաշխարհային ցանցը մոբիլիզացնում է քաղաքները՝ ներկայացնելով, թե տվյալ քաղաքի ռեսուրսները ինչպես կարող են բնակիչներին ուսումնառության արդյունավետ հնարավորություններ տալ՝ «խթանելով մարդկային ներուժի աճը, պահպանելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաև ապահովելով սոցիալական համախմբվածություն և կայուն բարեկեցություն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: