ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը սկսել է շանտաժի երկրորդ սերիան

Ադրբեջանը սկսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շանտաժի երկրորդ սերիան: «RIA Novosti»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց համանախագահներին հայտարարություններ ընդունելուց բացի ոչինչ չանելու մեջ: «Չնայած նրան, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան, ի դեմս նախագահների, մեկ անգամ չէ, որ ասել են, թե ստատուս-քվոն անընդունելի է, և այն պետք է փոփոխվի, սակայն այդ հայտարարություններից այն կողմ, ցավոք սրտի, գործը չի գնում», - ասել է Ալիևը:

Հիշեցնենք նաև, որ ընդամենը օրերս նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին մեղադրելով անարդյունավետ աշխատանքի մեջ:

Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի նմանատիպ քաղաքականությունն առնվազն լուրջ հակազդեցություններ չի առաջացնում համանախագահների մոտ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները կամ արդեն հոգնել են այսքան տարի շարունակ Ադրբեջանին ինչ-որ բան բացատրելուց և արդեն լուրջ չեն վերաբերվում վերջինիս, կամ էլ կուլ են գնացել այդ երկրի շանտաժային քաղաքականությանը: Սա էլ իր հերթին «ոգեշնչել է» Ադրբեջանին, որպեսզի վերջինս համարի իր շանտաժային քաղաքականության առաջին սերիան կամ «լեվել»-ը հաղթահարված և անցնի հաջորդ «լեվել»-ի իրականացմանը:

Երևի թե բոլորն էլ հիշում են Ադրբեջանի կողմից բարձր մակարդակներով  ԵԱՀԿ ՄԽ համանախագահության՝ մասնավորապես Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին հնչած մեղանդրանքները, իբրև թե կողմնակալ դիրքորոշում ունենալու համար: Այս ալիքի ժամանակ անգամ առաջ քաշվեց վերջինիս հնարավոր փոխարինման հարցը:

Ամերիկացի համանախագահը, սակայն, դասեր չքաղեց այս մեղադրանքներից. այս ալիքին հաջորդեց Քարնեգիի միջազգային հիմնադրամում Ուորլիքի ելույթը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին, որից մեկ տող մեջբերումն անգամ բավական է՝ ցույց տալու, թե որքան լավ է աշխատել Ադրբեջանի շանտաժը. «Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր՝ որպես համաշխարհային խաղացողի հանդես գալու հարցում»:

Փաստացի, դա Ադրբեջանի համար շանտաժային քաղաքականությամբ ինչ-որ բանի հասնելու բավականին լավ նախադեպ էր, ինչն օգտագործվում է նաև այս օրերին: Հուսանք, որ գոնե այս անգամ համանախագահներից որևէ մեկը միջազգային ինչ-որ հիմնադրամում չի քծնի Ադրբեջանին, ավելին՝ կհասկացնի, որ շանտաժն այլևս չի աշխատում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: