ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական հոսք նախագիծ. ռուս-թուրքական «անխնդիր» հարաբերություններում ամեն ինչ հարթ է

AP Photo

Ռուսաստանն ու Թուրքիան ջանք չեն խնայում իրենց հաշտեցման վերջնական և անբեկանելի բնույթը ցույց տալու համար: Այս տեսանկյունից կիրառական է հատկապես «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը, որի շուրջ աշխատանքները դեռևս քարոզչական մակարդակից այն կողմ չեն գնում:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ Թուրքիան որևէ հետաձգում չի ակնկալում «Թուրքական հոսք» նախագծի իրականացման ժամկետների հարցում: Anadolu գործակալության հետ զրույցում թուրք նախարարը հաստատել է ավելի վաղ ռուսական Գազպրոմ ընկերության նախագահի հայտարարությունն այն մասին, որ նախագծի երկու հոսքերը պատրաստ կլինեն 2019 թվականին, հայտնում է թուրքական Yeni Safak-ը: Թուրքիայի էներգետիկայի նախարարը հերթական անգամ ընդգծել է, որ նախագիծը win-win ծրագիր է լինելու Թուրքիայի և Ռուսաստանի համար:

Հիշեցնենք, որ Ստամբուլում Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի երկկողմ փակ հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվել է երկար սպասված միջկառավարական համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Այն անցնելու է Սև ծովի հատակով: Գազատարի ծովային հատվածը լինելու է ռուսական կողմի տնօրինության, իսկ ցամաքային հատվածը՝ թուրքական կողմի տնօրինության տակ: Գազատարը բաղկացած է լինելու երկու գծից: Առաջին գիծը հնարավորություն է տալու տարեկան 15,75 մլրդ մ/խ գազ մատակարարել Թուրքիային: Գազատարի երկրորդ գիծը նախատեսված է լինելու Եվրոպայի սպառողների համար: Ավելի վաղ Գազպրոմը հայտնում էր առաջին փուլում միայն առաջին գծի շինարարության մասին՝ որպես վերջնաժամկետ մատնանշելով 2019 թվականը:

Սակայն հոկտեմբերի 24-ին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Գազպրոմի նախագահ Ալեքսեյ Միլլերը տեղեկացրել է, որ ժամանակացույցի համաձայն երկու ծովային գծերի շինարարությունը պետք է ավարտվի 2019 թվականին: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, Միլլերը տեղեկացրել է, որ Ռուսաստանի տարածքում արդեն ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները գազը ծովային խողովակաշար մատակարարելու համար:

Ռուս-թուրքական «հաշտեցման» գործընթացն ապացուցելու տեսանկյունից «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ նման հավակնոտ հայտարարություններն, ինչ խոսք, կարող են ծառայել քարոզչական նպատակների: Դրանք լիովին տեղավորվում են երկու երկրներից հնչող այն հայտարարությունների համատեքստում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ արագ է ընթանում, և խնդիր է դրված հասնել համակողմանի և լիակատար կարգավորման: Իսկ իրականում նախագծի իրականացման համար ոչ միայն զգալի ֆինանսական միջոցներ պետք է ներդրվեն, որոնց մասին դեռևս տեղեկություններ չկան, այլ նաև պետք է համաձայնության գալ Եվրոպայի (Բրյուսելի կամ առանձին եվրոպական երկրների մակարդակով) գազի սպառման շուրջ, ինչն այս պահին, մեղմ ասած, խնդրահարույց է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: