ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փոփոխության հարցը և Հայաստանի դիրքորոշումը
Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Ընդ որում, քննարկումներն ընթանում են երկու ուղղությամբ: Մի կողմից, Ադրբեջանը շարունակում է փորձերը 1992 թվականից հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ կարգավորման գործընթացին ժամանակ առ ժամանակ մասնակցելու ցանկություն են հայտնում տարբեր երկրներ: Եվ եթե որոշների պարագայում այդ մասնակցության հնարավորությունը տեսականորեն կարող է դրական համարվել, ապա ոմանց պարագայում կարգավորման գործընթացին միանալը կարող է կործանարար ազդեցություն ունենալ ողջ բանակցային գործընթացի համար: Բայց այս ամենի մասին՝ հերթով:
Նախորդ ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական դերակատարում ունենալու ցանկություն են հայտնել տարածաշրջանային երկրներից Իրանն ու Թուրքիան:
Օրեր առաջ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի երկիր չի կարող նույնքան դրական դերակատարում ունենալ, որքան Իրանը, բայց Իրանի միջնորդության հարցն այսօր օրակարգում առկա չէ»: Թեհրանը, որի դիրքորոշումը հակամարտության հարցում խարսխված է երկու առանցքային գործոնների՝ դրական չեզոքության և միջնորդական նախաձեռնողականության վրա, միջազգային պատժամիջոցներից ազատվելու արդյունքում տարածաշրջանային զարգացումներում ակտիվ ներգրավվելու հնարավություն է ստացել: Տնտեսական և անվտանգային տարբեր պատճառներից ելնելով՝ Իրանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ՝ միաժամանակ հանդես գալով տարածաշրջանային գործերին արտաքին ուժերի միջամտության դեմ: Ընդհանուր առմամբ, բարիդրացիական հարաբերություններ պահպանելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ ապրիլյան պատերազմի օրերին Իրանը խուսափեց հակամարտող կողմերից որևէ մեկին աջակցություն հայտնելուց:
Հատկանշական է, որ Հայաստանը մշտապես գնահատել է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը և նրա պատրաստակամությունը՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը (այդ թվում նաև հաշվի առնելով 1992 թվականի միջնորդության արդյունավետ փորձերը):
Նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը չնայած իր ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներին՝ շարունակում է տարաբնույթ գործողություններով միջամտել գործընթացին: Հասկանալի է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է հակամարտության կարգավորումն իր ուշադրության կենտրոնում պահի, բայց այդ ուշադրությունը չպետք է մեղմ ասած ապակառուցողական լինի: Ապրիլյան պատերազմի օրերին թուրքական իշխանությունները բոլոր հնարավոր մակարդակներով իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին «եղբայրական Ադրբեջանին»՝ միաժամանակ ակտիվացնելով գործընթացում Թուրքիայի ներգրավման անհրաժեշտության շուրջ քննարկումները: Անտեսելով միջազգային հանրության կոչերը, որոնք ընդգծում են առանձին «արտաքին խաղացողների» փորձերը կանխելու անհրաժեշտությունը՝ թուրքական իշխանությունների կողմից Ադրբեջանին սատարելու մասին հայտարարությունները որքան գնում, այնքան ավելի «սրտառուչ ու ոգևորող» են դառնում: Արդյունքում՝ Թուրքիան հենց ինքն է ապացուցում կարգավորման գործընթացում իր նման կողմնակալ և սադրիչ պետության ներգրավման անհնարինությունը, ինչն արդեն ակնհայտ է բոլորի համար:
Մյուս կողմից, Ադրբեջանը Թուրքիայի անմիջական աջակցությամբ շարունակում է աշխատանքները Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը այլ հարթակներ, մասնավորապես` ՄԱԿ, ԵԽԽՎ, Իսլամական համագործակցության կազմակերպություն և այլ կառույցներ տեղափոխելու ուղղությամբ:
Հասկանալի է, որ հայկական կողմերը բավականին զգուշավորությամբ են մոտենում Ղարաբաղյան կարգավորման գործընթացի նկատմամբ տարաբնույթ հետաքրքրություններին: Եվ խնդիրն այստեղ միայն այն չէ, որ Հայաստանին շրջափակման մեջ պահող և փաստացի թշնամական կեցվածք ունեցող Թուրքիայի նման երկիրը չի կարող որևէ կառուցողական դերակատարում ունենալ գործընթացում: Գլխավոր խնդիրն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությունից բացի որևէ կառույցի միջամտությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին կարող է էապես վնասել առկա բանակցային գործընթացին՝ վտանգելով մինչ այժմ գրանցված արդյունքները և, ըստ էության, հետ քայլ արձանագրել: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության որևէ փոփոխություն նշանակում է հրաժարվել հակամարտության կարգավորման մինչև անգամ դետալներում մասնագիտացված խմբից և ամեն ինչ սկսել զրոյից: Սա, ինքնին, հետաձգելու է հակամարտության հնարավոր կարգավորումը:
Պատահական չէ, որ նույն ՄԱԿ ԱԽ բանաձևերը, որոնք այդքան սիրում է մեջբերել ադրբեջանական կողմը, «հորդորում են տարածաշրջանի բոլոր պետություններին զերծ մնալ որևէ տեսակի թշնամական գործողություններից և որևէ տեսակի միջամտություններից, որը կհանգեցնի հակամարտության էլ ավելի սրմանը և կխաթարի խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»:
Նույն կերպ, հակամարտության շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու ջանքերը մեծապես վնասում են առանց այն էլ փխրուն բանակցային գործընթացին: Խնդրի էությունից անտեղյակ երկրների կողմից միակողմանի հայտարարությունները որևէ նպաստ չեն կարող բերել հակամարտության կարգավորմանը: Ցանկացած կառույցում քննարկում ծավալողները պետք է առաջնորդվեն առաջին հերթին գործընթացին չվնասելու սկզբունքով:
Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ սխալ է այն մոտեցումը, թե իբր Հայաստանը լիովին բավարարված է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության աշխատանքով: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների արդյունավետությունն ու օբյեկտիվությունը բավարար գնահատել չի կարելի: Ադրբեջանի սադրիչ պահվածքին համարժեք արձագանք տալու անկարողությունն, ինչպես նաև հայկական կողմերի և Ադրբեջանի միջև անդադար հավասարության նշաններ դնելու քաղաքականությունը չեն կարող մշտապես ընդունելի լինել: Նույն կերպ, ամեն անգամ բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններից հրաժարվելը չի կարող Ադրբեջանի համար մշտապես անպատիժ մնալ: Եվ չնայած այս հարցերի կարևորությանը՝ ապրիլյան իրադարձությունների համեմատ սրանք աննշան են թվում: Ադրբեջանի կողմից լայնամաշստաբ ագրեսիան, հարյուրավոր զոհերն ու ռազմական հանցագործությունները «մարսելը» իմիջային լրջագույն հարված է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահությանը: Ադրբեջանական ագրեսիային համապատասխան արձագանքի բացակայությունը մեծացնում է հետագայում նման սադրանքների կրկնության հնարավորությունը:
Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոններն՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել ոչ թե նոր հարթակների կամ ձևաչափերի փնտրտուքին, այլ գործող և միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ ՄԽ-ի արդյունավետության բարձրացմանն ու հնարավոր բոլոր սադրանքների կանխարգելմանը: Առավել ևս որ բանակցային ձևաչափի փոփոխություն առանց հայկական կողմերի համաձայնության տեղի ունենալ չի կարող:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ