ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ընտրություններից մինչև միասեռ ամուսնությունների բացառման հանրաքվե. Վրաստանի ներքաղաքական կյանքը 2016թ-ին

2016թ.-ը Վրաստանի համար բավական բարդ տարի էր, ինչը մի կողմից պայմանավորված էր ընտրական գործընթացներով և դրանից բխող հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական որոշ խնդիրներով, որոնց երկիրը բախվեց դեռ տարեսկզբին:

 Այսպես, դեռևս 2015թ.-ին սկսած՝ վրացական ազգային արժույթի՝ լարիի արժեզրկումը շարունակվեց նաև 2016 թվականին: Տարվա ընթացքում՝ հունվարի վերջին և դեկտեմբերին, Վրաստանի ազգային արժույթը հասցրեց արձանագրել փոխարժեքի անկման երկու պատմական ռեկորդ: Դա, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չթողնել ինչպես տարբեր ապրանքատեսակների գների, այնպես էլ հանրության շրջանում առկա տրամադրությունների վրա:

2016թ.-ի առաջին կեսին բավականին դրական տեղաշարժ նկատվեց երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետի պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին փոխարինած Գեորգի Կվիրիավիլի փոխհարաբերություններում: Ի տարբերություն իր նախորդի՝ Կվիրիկաշվիլին ներկա էր Խորհրդարանում նախագահի ելույթների ժամանակ, ինչը բավական դրական ընկալվեց քաղաքական շրջանակների կողմից: Սակայն արդեն տարվա երկրորդ կեսին տարբեր օրինագծերի վերաբերյալ նախագահի որդեգրած դիրքորոշումը կրկին դարձավ լարվածության պատճառ երկրի երկու գլխավոր պաշտոնյաների միջև:

Տարվա ընթացքում քաղաքական տարբեր ուժերի ուշադրության կենտրոնում էին Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, Սահմանադրությունում Ամուսնության սահմանման շուրջ հանրաքվե նշանակելու հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը և այլն: Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից գլխավորը թերևս մեծամասնական ընտրատարածքների համեմատաբար խոշորացումն էր, ինչը որոշակի դժգոհություններ առաջացրեց, այդ թվում՝ ջավախահայության շրջանում: Մյուս կարևոր փոփոխությունը թերևս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու դրույթն էր, որը, չնայած ընդդիմության պահանջին, չտարածվեց հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների վրա:

Հանրային և քաղաքական շրջանակների ուշադրությունը տարվա ընթացքում սևեռված էր նաև «Վրացական երազանք»-ի կողմից Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի բացառել միասեռ ամուսնությունների հնարավորությունը: Հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, սակայն, երկրի նախագահի կողմից արգելափակվեց, ինչից հետո վարչապետ Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ հանրաքվեի անցկացման հարցով առավել հետևողականորեն կզբաղվեն խորհրդարանական ընտրություններից հետո:

2016թ.-ին Վրաստանի ներքաղաքական ամենագլխավոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին:Հունիսից մեկնարկած նախընտրական արշավն անցավ բավական թեժ և աչքի ընկավ քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներով: Հատկանշական է, որ «Վրացական երազանք» կոալիցիայից դուրս եկան տարբեր ուժեր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ լայն նախընտրական դաշինքների չի գնա: Որպես գլխավոր ընդդիմադիր ուժ՝ հանդես էր գալիս նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Բացի այդ՝ բավական ակտիվ ընտրական պայքար էին մղում խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Նինո Բուրջանաձե - Դեմոկրատական շարժում» միությունը, Իրմա Ինաշվիլիի ղեկավարած «Հայրենասերների դաշինք»-ը և այլ ուժեր:

Հոկտեմբերին համամասնական և մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքում պատգամավորական մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ՝ «Վրացական երազանք»՝ 115 մանդատ, «Միացյալ ազգային շարժում»՝ 27 մանդատ, «Հայրենասերների դաշինք»՝ 6 մանդատ: Հատկանշական է, որ «Վրացական երազանք»-ը խորհրդարանում ունի սահմանադրական մեծամասնություն, որի համար անհրաժեշտ էր 113 տեղ: Այս հանգամանքը «Վրացական երազանք» կուսակցությանը բավական լայն հնարավորություններ է տալիս ինչպես սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու (ինչի համար արդեն իսկ ստեղծվել է սահմանադրական հանձնաժողով), այնպես էլ ներքին և արտաքին քաղաքականությունը մշակելիս առավել անկաշկանդ լինելու տեսանկյունից:

Ամփոփելով 2016թ.-ին Վրաստանի ներքաղաքական կյանքը՝ կարող ենք նշել, որ չնայած վրացական ընդդիմությունը բավական հաջող շահարկում էր երկրում առկա տարաբնույթ խնդիրները և բավական ակտիվ նախընտրական պայքար մղեց, իշխող «Վրացական երազանք»-ին հաջողվեց պահպանել իշխանությունն՝ անգամ առավել ամրապնդելով սեփական դիրքերը խորհրդարանում: Դա նշանակում է, որ առաջիկա 4 տարիների ընթացքում Վրաստանի քաղաքական կուրսում հազիվ թե ականատես լինենք էական փոփոխությունների, թեև չենք կարող բացառել որոշ «համարձակ» նախաձեռնությունների հնարավորությունը ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: