ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական զարգացումները 2016թ-ին

EurActiv.com

2016 թվականին Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն աչքի ընկավ ինչպես տարածաշրջանն ապակայունացնող գործողություններով, այնպես էլ մի շարք երկրների հետ համագործակցության զարգացման միտումներով: Ստորև հակիրճ ամփոփենք Ադրբեջանի արտաքին քաղաքական զարգացումները մի քանի հիմնական ուղղություններով:

 Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա

Տարածաշրջանային համագործակցության համատեքստում Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունեցավ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հինգերորդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց Թբիլիսյան հռչակագիրը՝ վերահաստատելով  ռազմավարական գործընկերությունը խորացնելու հանձնառությունը և աջակցություն հայտնելով Հարավային գազային միջանցքի նախագծի իրականացմանը: Ավելի ուշ տեղի ունեցավ այս երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ Վրաստանը համագործակցություն առաջարկեց այն նախագծերում, որոնք իրականացվում են Վրաստանում ՆԱՏՕ օգնությամբ, իսկ ավելի ուշ համաձայնություն ձեռք բերվեց 2017թ.-ի ամռանը Վրաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժության անցկացման մասին: Ձեռք բերված այս համաձայնությունը վերահաստատվեց նաև դեկտեմբերի 17-ին՝ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյան կառուցումն Ադրբեջանին և Թուրքիային հնարավորություն է տալիս մեծացնել իրենց ազդեցությունը Վրաստանի՝ հետևաբար նաև ողջ տարածաշրջանի վրա: Զուգահեռ, փորձ է արվում այս ձևաչափն անուղղակիորեն ծառայեցնել նաև Հայաստանի շրջափակմանը, տարածաշրջանային ծրագրերից վերջինիս մեկուսացման քաղաքականությանը: Սակայն Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության միջոցով այդ եռանկյունուց բխող մարտահրավերները որոշ չափով հաջողվում է նվազեցնել:

 

Ադրբեջան-Ռուսաստան-Իրան

Այս տարվա ընթացքում Ադրբեջանը մեջ ջանքեր գործադրեց նաև Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների թուլացումից օգուտներ քաղելու և Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով համագործակցություն կառուցելու ուղղությամբ: Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև Ադրբեջանի նախաձեռնությամբ Բաքվում կայացավ առաջին եռակողմ հանդիպումը:

Օգոստոսին կայացած այս հանդիպման ժամանակ քննարկվել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի, էներգետիկ համագործակցության, Կասպից ծովի կարգավիճակի հարցերը: Ադրբեջանը մեծ ակնկալիքներ ունի տրանսպորտային նախագծի իրականացումից, ինչը հնարավորություն կտա ստանալ տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտ: Ավելին, դառնալով տարանցիկ կարևոր երկիր ՌԴ-ի և Իրանի միջև, Ադրբեջանը հույս ունի քաղաքական դիվիդենտներ ստանալ և մեծացնել իր կշիռը տարածաշրջանում:

 

Ադրբեջան-ՌԴ 

Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը 2016թ.-ին, կարելի է ասել, ավելի շատ ռազմական բնույթ էր կրում: Այս ոլորտում Ռուսաստանի հետ ձեռք բերվեցին մի շարք համաձայնություններ, որոնք նաև ուղեկցվեցին  քաղաքական շանտաժներով, մասնավորապես՝ եթե ոչ Ռուսաստանից, ապա այլ երկրներից զենք գնելու հայտարարությունների տեսքով:

Այսպես, ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում հայտարարվել է Ադրբեջանում ավիացիոն գործարանի բացման hեռանկարի մասին, որտեղ կիրականացվեն ռուսական արտադրության ինքնաթիռների և ուղղաթիռների արդիականացումը և սպասարկումը, իսկ «Вертолеты России» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Ի.Չեչիկովն էլ հայտարարել է Ադրբեջանում Ми-8/17 ուղղաթիռների վերանորոգման կենտրոնի բացման ծրագրի մասին: Ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում նույնպես ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ կապված ռուսական սպառազինության մատակարարման հետ: Իսկ դեկտեմբերին Ադրբեջան կատարած իր այցելության ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մի շարք երկկողմ հարցերի թվում քննարկել է նաև Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:

Չնայած պաշտոնական հաղորդագրության բացակայությանը՝ մի շարք աղբյուրներ նշում են, որ կողմերը քննարկել են նաև Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համակարգեր վաճառելու հարցը: Պատահական չէ, որ այս հարցը կարող էր դառնալ երկկողմ քննարկման առարկա՝ հաշվի առնելով Հայաստանին «Իսկանդեր-Մ» վաճառելու հետ կապված Ադրբեջանում բարձրացած մեծ աղմուկը: Ադրբեջանցի խորհրդարանականներն անգամ երկրի իշխանություններից պահանջեցին վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նման արձագանքի պատճառն այն էր, որ «Իսկանդեր-Մ» համակարգը Ռուասատանը վաճառեց Հայաստանին՝ վերականգնելով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ադրբեջանի դժգոհությունները կարող են Հայաստանի հետ հարաբերություններում Ռուասատանի դիրքորոշման մեջ փոփոխություններ մտցնել, ապա բավական է հիշել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսեյ Պավլովսկու հայտարարությունը: Մի առիթով նա նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրվում են որպես ռազմավարական գործընկերություն՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերությունները ճիշտ չէ դիտել նույն մակարդակի վրա:

 

Ադրբեջան-Իրան 

Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների թուլացումից հետո Ադրբեջանն ակտիվ աշխատանք ծավալեց Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Դեռ տարվա սկզբին Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ երկու երկրների միջև ստորագրվեց 11 փաստաթուղթ, այդ թվում՝ մաքսային հարցերում փոխադարձ վարչական օգնության, էլեկտրաէներգիայի վաճառքի, ադրբեջանական և իրանական երկաթուղիների միացման, Աստարայի երկաթուղային կամրջի շինարարության ոլորտում համագործակցության մասին: Չնայած պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Ադրբեջանում լուրջ դժգոհություններ առաջացան Իրանի և  Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունների զարգացման, Հայաստանի և Իրանի միջև առանց վիզային ռեժիմի սահմանման հետ կապված: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գ.Հասանգուլիևը հակաադրբեջանական անվանեց Իրանի ներկա քաղաքականությունը և անգամ սպառնաց, որ եթե Իրանը չհարգի երկրում բնակվող «30 միլիոն ադրբեջանցիների» իրավունքները, ապա կբախվի տխուր հետևանքների։ 

Ադրբեջանի և Իրանի միջև խնդիրներ կան նաև Ադրբեջանի կողմից իրանական մշակութային ժառանգության յուրացման փորձերի հետ կապված: 2016թ-ին էլ Ադրբեջանը փորձեց Հիրքանի անտառները ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես ադրբեջանական գրանցել: Նշենք, որ այս անտառների 2 միլիոն հեկտարը գտնվում է Իրանում, իսկ 50 հեկտարը` Ադրբեջանի տարածքում: 

 

 Ադրբեջան-Իսրայել


Ադրբեջանն  2016թ-ին Իսրայելի հետ նունյպես ակտիվ համագործակցություն ծավալեց ռազմական, ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում: Վերջին տարիներին Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման գործընթացին իր ակտիվ մասնակցությունն են ունեցել իսրայելական խոշոր պաշտպանական ընկերություններն ու կազմակերպությունները։ Այս տարի հատկապես մեծ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում իսրայելական արտադրության տարբեր տեսակի ԱԹՍ-ների հետ կապված, որոնք ադրբեջանական կողմը կիրառեց ԼՂՀ դեմ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ 

Ադրբեջանի և Իսրայելի միջև ձեռք է բերվել նաև համաձայնություն Իսրայելից «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգ գնելու մասին:

Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում կարևոր նշանակություն ունի նաև էներգետիկ համագործակցությունը:  Իսրայելի նավթի մոտ 40%-ը մատակարարվում է Ադրբեջանից: Բացի տնտեսական բաղադրիչի շուրջ համագործակցությունից, Ադրբեջանի համար Իսրայելի հետ հարաբերությունները կարևորվում են նաև ԱՄՆ-ի հետ Իսրայելի սերտ հարաբերություններով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում ստվար հրեական համայնքի գոյությունը: Բացի այդ, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների խորացումը դիտարկվում է Հայաստան-Իրան հարաբերությունների հակակշիռ:  

 

Ադրբեջան-Թուրքիա 

2016թ-ին, ինչպես և նախկինում, Թուրքիայի հետ Ադրբեջանի «եղբայրական» հարաբերությունները շարունակեցին զարգանալ: Դրանք հատկապես վառ դրսևորվեցին ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ագրեսիայի ժամանակ: Թուրքիան փաստացի դարձավ միակ երկիրը, որը բացահայտ կերպով իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանի պատերազմական գործողություններին: «Մինչև չազատագրվեն օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, մենք` որպես 78 միլիոն քաղաքացի, շարունակելու ենք կանգնած մնալ Ադրբեջանի կողքին», - ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտարարել է Թուրքիայի վարչապետը: 

 

Ադրբեջան-ԵՄ հարաբերություններ

 

2016թ-ին ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում բավականին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան:  Չնայած մարդու իրավունքների խախտումների, ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված Ադրբեջանին ուղղված մի շարք քննդատություններին՝ Եվրամիության Խորհուրդը Եվրահանձնաժողովին և Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին տվեց մանդատ Ադրբեջանի հետ բանակցելու համապարփակ համաձայնագրի շուրջ։  Այս համաձայնագիրը նախատեսվում է դառնալ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև փոխշահավետ համագործակցության և քաղաքական երկխոսության համար արդիականացված հիմք: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ նման մեղմ ու շատ բաների վրա «աչք փակելու» քաղաքականությունը պայմանավորված է Ադրբեջանում վերջինիս շահերով, մասնավորապես էներգետիկ ոլորտում՝ ԵՄ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու համար: Սրա վառ ապացույցն է մայիսի 17-ին ԵՄ-ի կողմից Տրանսադրիատիկ գազատարի (TAP) շինարարության մեկնարկի մասին հայտարարությունը: Այս գազատարով նախատեսում է ադրբեջանական գազի արտահանում Եվրոպա «Շահ դենիզ» հանքավայրից:

 

Ադրբեջան-ԱՄՆ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերություններին, ապա 2015թ-ի տարվա հարաբերական լարվածությունը շարունակվեց նաև 2016թ-ին, ինչը հիմնականում կապված էր Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, մամուլի անազատության հետ: ԱՄՆ կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանի կառավարություննը ուժգնացրել է ճնշումներն այլախոհների, լրագրողների, ընդդիմության ներկայացուցիչների, կրոնական գործիչների և քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Ադրբեջանը ԱՄՆ կողմից քննադատության է ենթարկվել նաև «Ազատություն» ռադիոկայանի փակվելու, երկրից մի քանի արտերկրյա կազմակերպություններ արտքսելու համար:

Այնուամենայնիվ, այս լարվածությունը բալանսավորվում է ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում ունեցած շահերով՝ իր ազդեցության լծակները չկորցնելու ձգտումով

 

Ադրբեջան-Հայաստան

Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությանը, ապա Բաքուն շարունակում է իր թշնամական կեցվածքը՝ սպառնալով անգամ «գրավել Երևանը», ինչը, ռազմական հռետորաբանության ևս մեկ դրսևորում է:

 

Ամփոփելով կարող ենք փաստել, որ 2016թ-նն Ադրբեջանի համար արտաքին քաղաքական զարգացումների տեսակետից բավական ակտիվ տարի էր: Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում իր դերակատարումը մեծացնելուն ուղղված գործողությունները՝ այդ թվում փորձելով մշակել նոր ձևաչափեր: Դրան զուգահեռ, Բաքուն չի հրաժարվում Հայաստանի և ԼՂՀ-ի հանդեպ իր ագրեսիվ կեցվածքից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: