ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձևավորվում է աշխարհաքաղաքական նոր առանցք

Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն ու Brexit-ն աշխարհաքաղաքական նոր իրողություն են ձևավորում, որն իր անմիջական ազդեցությունը կարող է ունենալ այդ թվում մեր տարածաշրջանի վրա։ Նկատվում են աշխարհաքաղաքական նոր առանցքի ձևավորման միտումներ:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնում ԵՄ կազմից դուրս գալու Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը՝ խոստանալով խորացնել տնտեսական հարաբերությունները: Առևտրային հարաբերությունների խորացման և ընդլայնման ուղիներ փնտրող Մեծ Բրիտանիայի վարչապետը Վաշինգտոնից հետո շտապում է Անկարա, որտեղ կնքվում է 125 մլն դոլարի պայմանագիր՝ թուրքական ռազմական կործանիչներ արտադրության վերաբերյալ և ձեռք բերվում պայմանավորվածություն  երկու երկրների ապրանքաշրջանառությունը 20 մլրդ դոլարի հասցնելու մասին:

Ուշագրավ է, որ այսօր արդեն և´ ԱՄՆ-ի, և´ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի հետ լարված բնույթ են կրում, և տպավորություն է ստեղծվում, որ Բրիտանիան ԵՄ հետ խնդրահարույց հարաբերություններ ունեցող երկրների ակումբ է հավաքում իր շուրջը, որոնց շարքում ապագայում կարող է հայտնվել անգամ Ռուսաստանը:

Նման զարգացումը կարող է էական փոփոխությունների ենթարկել աշխարհաքաղաքական ընդհանուր պատկերը և ստեղծել նոր իրողություն: Իսկ արդյունքը կլինի ԵՄ մեկուսացումը և դիրքերի զգալի թուլացումը:

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ԱՄՆ-ն դասել է Ռուսաստանի հետ նույն շարքին՝ ցույց տալով, թե որքան մեծ սպառնալիք է տեսնում Վաշինգտոնից կախվածության մեջ: «Միայն միասին ԵՄ երկրները կարող են լիարժեք անկախ լինել: Ապաինտեգրումը կհանգեցնի միայն կախվածության ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից»,- ասել է նա: Եվրախորհրդարանում ակտիվ քննարկումներ են ծավալվում, որոնց ընթացքում ԱՄՆ-ն արդեն իսկ դիտարկվում է որպես ԵՄ համար արտաքին սպառնալիք։

Դրան զուգահեռ Եվրամիության ներսում աճում են նաև Մեծ Բրիտանիայի հանդեպ բացասական տրամադրությունները՝ պայմանավորված Brexit-ով և ԱՄՆ հետ հարաբերությունների սերտացման ձգտումով։

Թուրքիա-ԵՄ հարաբերություններն, իրենց հերթին, բավական սրված ԵՄ միգրացիոն ճգնաժամի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելուց, ԵՄ-ին շանտաժի ենթարկելու Թուրքիայի փորձերից հետո։

Ուստի, ստացվում է, որ միավորվում են այն երկրները, որոնք Եվրամիության հետ ունեն համեմատաբար լարված հակասությունները, բայց միևնույն ժամանակ մեծ նշանակություն ունեն Եվրամիության համար՝ տնտեսական, քաղաքական և անվտանգային ոլորտներում։

ԵՄ հետ ունեցած խնդիրների ֆոնին ՆԱՏՕ այս երեք խոշոր երկրների միավորումը կարող է զգալիորեն թուլացնել ԵՄ-ին և միայնակ թողնել իր ներքին խնդիրների և Ռուսաստանի դեմ պայքարում:

Եթե հաշվի առնենք ռուս-թուրքական հարաբերությունների վերջին ջերմացումը, և Դոնալդ Թրամփի համեմատաբար բարյացական վերաբերմունքը Մոսկվայի հանդեպ՝ չի կարելի բացառել նաև Ռուսաստանի հետ այս առանցքի համագործակցությունը կամ նույնիսկ Ռուսաստանի ներգրավումը դրանում: Չնայած Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր բավական հաստատակամ է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները պահպանելու հարցում՝ նոր գործընկերների փնտրտուքն ու ԱՄՆ նախագահի աջակցության անհրաժեշտությունը կարող են դրդել նրան մեղմացնել իր մոտեցումները: Ի վերջո, բրիտանական արտաքին քաղաքականութունն, ինչպես հայտնի է, հիմնվում է շահերի և ոչ թե «հավերժ թշնամիների կամ բարեկամների» սկզբունքի վրա։ Հարաբերությունների զարգացման նման գործընթացը կարող է ոչ միայն քաղաքական, այլև անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել ԵՄ-ի համար:

Քաղաքական գործընթացի նման զարգացումն այսօր գուցե ամենահավանական սցենարը չի թվում, բայց առնվազն այն չի կարելի բացառել:

Իսկ այդ դեպքում կփոխվի ուժերի հավասարակշռումը նաև մեր տարածաշրջանում: Ռուսաստանի դիրքերը զգալիորեն կամրապնդվեն, իսկ ԵՄ-ն ստիպված կլինի ավելի շատ ուշադրություն դարձնել սեփական արևելյան սահմանները պաշտպանելուն՝ ձգտելով խուսափել հարևան տարածաշրջաններում Ռուսաստանի հետ հակադրումներից:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: