ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմտյան դեմարշ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դեմ Աստանայում

Օրեր առաջ Աստանայում ավարտվեցին սիրիական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև երկխոսությունը բեկումնային անվանել չի կարելի՝ չնայած միջնորդ երկրների գործադրած ջանքերին և նրանց կողմից ներկայացվող արդյունքներին: Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել գործընթացի կարևորությունը հակամարտությունը քաղաքական կարգավորման դաշտ տեղափոխելու ջանքերի տեսանկյունից:

Բանակցություններում հաջողություն գրանցելու հնարավորությունն, իրականում, մեծ չէր: Սիրիական հակամարտության մեջ ներգրավված հիմնական ներքին (քրդական ուժեր) և արտաքին խաղացողներից (ԱՄՆ, ԵՄ, Ծոցի երկրներ) մի քանիսի ոչ լիարժեք մասնակցությունը և այն հանգամանքը, որ նրանց շահերը պատշաճ կերպով չէին ներկայացվելու, ի սկզբանե, լրջորեն նվազեցնում էր հնարավոր համաձայնության, առավել ևս՝ դրա կայունության հավանականությունը: Բանակցությունների օրակարգում հստակության բացակայությունն ու միջնորդ երկրների միջև առկա տարաձայնություններն էլ ավելի էին դժվարացնում հնարավոր հաջողության հեռանկարը:

Աստանայի գործընթացի հիմնական ձախողումները

Նախ, Մոսկվան, Անկարան և Թեհրանը բանակցությունների նախապատրաստման փուլում ընդգծում էին այն հանգամանքը, որ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև հակամարտության 6 տարիների ընթացքում առաջին անգամ ուղղակի բանակցություններ են անցկացվելու: Եվ թեև նրանց հաջողվեց սիրիական պատվիրակություններին նստեցնել մեկ սեղանի շուրջ՝ ուղղակի բանակցություններ անցկացնել այդպես էլ չհաջողվեց. բանակցություններն ընթացան միջնորդների օգնությամբ:

Երկրորդ, նախատեսվում էր բանակցությունների արդյունքում ստորագրել եզրափակիչ փաստաթուղթ, որին պետք է միանային նաև սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունները: Բայց արդյունքում միջնորդ երկրները պարզապես եռակողմ հայտարարություն տարածեցին՝ իրենց հավատարմությունը հայտնելով «Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հայտարարեցին, որ սիրիական հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, «ռազմական լուծում գոյություն չունի»: Երեք երկրները որոշում են կայացրել Սիրիայում հրադադարի դիտարկման եռակողմ մեխանիզմ ստեղծել, որն իր աշխատանքը կսկսի Աստանայում փետրվարից: Միջնորդները խոստանում են անկողմնակալ լինել հրադադարի ռեժիմի խախտողների նկատմամբ:

Երրորդ, Աստանայում բանակցությունների արդյունքում չհաջողվեց ձևավորել հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհային քարտեզ կամ առաջիկա գործողությունների ծրագիր: Կողմերի տարակարծությունները և փոխադարձ մեղադրանքները թույլ չտվեցին անցում կատարել քաղաքական խնդիրների քննարկման՝ բավարարվելով միայն հրադադարի պահպանմանը վերաբերող հարցերի դիտարկմամբ:

Եվ վերջապես, թերևս ամենակարևորը, միջնորդ երկրները չկարողացան հակազդել Արևմուտքի բացահայտ դեմարշին և միջազգային բնույթ հաղորդել Աստանայի բանակցություններին: ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում սպասվող բանակցություններից առաջ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ըստ էության, հրաժարվեցին Աստանայի բանակցություններին մասնակցելուց՝ բավարարվելով միայն դիտորդի կարգավիճակով: Աստանայի բանակցություններին մասնակցեց միայն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան Դե Միստուրան, ինչը, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ անմիջապես սիրիական խնդրի կարգավորմամբ զբաղվող Միստուրայի բացակայությունը մեղմ ասած ընկալելի չէր լինի: Արևմուտքի դեմարշը լուրջ հարված էր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիրքերին՝ սիրիական հակամարտության կարգավորման իրենց նախաձեռնության լեգիտիմացման տեսանկյունից, քանի որ  Արևմուտքի լիարժեք մասնակցությունը Աստանայի գործընթացին կնշանակեր այս երկրների «հաղթանակը»՝ սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը ստանձնելու իմաստով: Պատահական չէ, որ արևմտյան գործիչները, գնահատելով Աստանայում բանակցությունների անցկացումը, միևնույն է շեշտադրում են ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը:

Աստանայում ձեռքբերված հիմնական հաջողությունները

Խոսելով գործընթացի գրանցած հաջողությունների մասին՝ պետք է կարևորել ինքնին բանակցությունների փաստը հակամարտությունը քաղաքական կարգավորման դաշտ տեղափոխելու ջանքերի տեսանկյունից: Ռուսական կողմի տվյալներով` Աստանայի բանակցություններին ընդդիմադիր 10-15 խմբավորման ներկայացուցիչ է մասնակցել, ինչն ինքնին դրական երևույթ է թե՛ ընդդիմադիրներին ահաբեկիչներից տարանջատելու, թե՛ կառավարության հետ երկխոսություն հաստատելու տեսանկյունից:

Երկրորդ, Սիրիայում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված զինադադարը սիրիական կառավարության և ընդդիմադիր մի շարք խմբավորումների միջև, ինչպես նաև Աստանայում զինադադարի դիտարկման մեխանիզմի ստեղծումը դրական հիմք են ստեղծում հետագա քաղաքական կարգավորման համար:

Երրորդ, չի բացառվում, որ Աստանայի բանակցությունները որոշակի հիմք դառնան Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունների վերսկսման համար և իրենց նպաստը բերեն Ժնևի գործընթացին:

Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Աստանայի գործընթացը շարունակելու նպատակ ունեն

Ակնհայտ է, որ միջնորդ երկրները, նախ և առաջ Ռուսաստանը, Աստանայի գործընթացը շարունակելու և առնվազն Ժնևի ձևաչափին համարժեք հարթակ ստեղծելու նպատակ ունեն: Ռուսական կողմը փորձելու է ներկայացնել, որ սա ամենակենսունակ ձևաչափն է, որտեղ ներկայացված են ինչպես սիրիական, այնպես էլ տարածաշրջանային ուժեր, և գործընթացի վրա բացասաբար ազդող ուժեր: Թերևս պատահական չէ, որ Սիրիայում հրադադարի դիտարկման եռակողմ մեխանիզմը գործելու է հենց Աստանայում:

Անառարկելի է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև տարաձայնությունները Սիրիայում չափազանց շատ են, բայց նրանց հաջողվել է ստանձնել սիրիական հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, և նրանք այն հեշտությամբ չեն զիջի: Նրանց միավորող գլխավոր նպատակն այս պահին տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում արտաքին ուժերի ներգրավվածությունը բացառելն է: Հասկանալի է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համար արտաքին ուժն այս պարագայում Միացյալ Նահանգներն է:

Սիրիայում ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը դեռևս սպառված չէ

Վերոնշյալն, իհարկե, դեռ չի նշանակում, թե ռուս-ամերիկյան համագործակցության հնարավորությունը Սիրիայում սպառված է: ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմը չի բացառում ՌԴ-ի հետ համատեղ պայքարի հնարավորությունը «Իսլամական պետության» դեմ: Իր հերթին, ռուսական կողմը չի բացառում, որ ԱՄՆ-ը ևս կարող է համապատասխան համաձայնությունների արդյունքում Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր դառնալ՝ հաշվի առնելով Սիրիայում ընդդիմադիր մի շարք խմբավորումների վրա ունեցած իր ազդեցությունը:

Ռուսաստանն էականորեն ամրապնդում է իր դիրքերը որպես միջնորդ և զինադադարի երաշխավոր

Ամրապնդելով իր ներկայությունը Սիրիայում և և ձեռնամուխ լինելով ռազմական գործողությունների իրականացմանը՝ Ռուսաստանն այժմ փորձում է համանման դերակատարում ունենալ նաև հակամարտության կարգավորման գործընթացում: Աստանայի գործընթացի, իսկ ավելի վաղ նաև Մոսկվայում ընդդիմության տարբեր թևերի հետ երկխոսության միջոցով Ռուսաստանն էականորեն ընդլայնել է ընդդիմության հետ ունեցած իր կապերը և այժմ փորձում է հանդես գալ անկողմնակալ միջնորդի և զինադադարի երաշխավորի դիրքերից՝ ապահովելով իր դերակատարումը հետագա գործընթացներում: Այս տեսանկյունից ամենևին պատահական չէր այն հանգամանքը, որ Ռուսաստանը բանակցող սիրիական կողմերին ներկայացրեց Սիրիայի նոր Սահմանադրության սեփական նախագիծը՝ ներկայացնելով այն «որպես հսկայական քայլ առաջ դեպի խաղաղություն»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: