ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նորընտիր ԱԺ-ն խնդիր ունի բարեփոխել խորհրդարանական դիվանագիտությունը

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան էին կառավարման խորհրդարանական համակարգի անցման ճանապարհին: Հենց նորընտիր խորհրդարանն է իր վրա կրելու անցումային գործընթացի բեռը՝ զուգահեռաբար ստանձնելով առավել մեծ դերակատարում: Հաշվի առնելով, որ խորհրդարանի դերակատարումը  կառավարման նոր համակարգում պետք է լինի շատ ավելի առաջնային և ընդգծված, նրանից եղած ակնկալիքները ևս բավական կմեծանան: Խոսքը վերաբերում է թե՛ օրենսդիր գործունեությանը, թե՛ խորհրդարանի առանձին գործառույթներին: Այդ գործառույթների շարքում թերևս կարելի է առանձնացնել խորհրդարանական դիվանագիտությունը:

Որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը դեռևս իր կայացման փուլում է: Սակայն, հակառակորդը քնած չէ: Ադրբեջանի ներկայացուցիչներն իրենց թուրք գործընկերների բացահայտ աջակցությամբ հնարավոր բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության, փորձում են առաջ մղել ցանկացած տիպի հակահայկական նախաձեռնություն (նախագիծ, բանաձև և այլն): Ավելին՝ գաղտնիք չէ նաև, որ Բաքուն նման հարթակներում գործի է դնում նաև իր «խավիարային դիվանագիտությունը»: Այս ամենի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմը լավագույն դեպքում կարողանում է չեզոքացնել հակահայկական որոշ նախաձեռնություններ, իսկ ընդհանուր առմամբ՝ բավական հաճախ հանդես է գալիս արձագանքողի, պաշտպանվողի դերում:

Առկա խնդիրը միայն խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված անձանց սուբյեկտիվ գործոնով բացատրելը, թերևս կլինի ոչ օբյեկտիվ, թեև դա ևս իր դերակատարումն ունի: Խնդիրն առավել ինստիտուցիոնալ է: Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում մեր խորհրդարանական դիվանագիտությունը համեմատաբար եղել է ստվերված և միայն վերջին շրջանում է նկատվում որոշակի ակտիվացում,  այն էլ՝ ի պատասխան ադրբեջանական դիվանագիտության:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում աճող ճնշումները և խորհրդարանի համար կառավարման նոր կարգով սահմանվող հնարավորությունները՝ անհրաժեշտ է էականորեն վերափոխել ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունը՝ աշխատանքի հիմքում դնելով հստակ ամրագրված սկզբունքներ: Այդ սկզբունքներից թերևս կարելի է առանձնացնել խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված ԱԺ պատգամավորների գործունեության չափելիությունը (թե՛ որակական, թե ՛քանականան), նրանց նախաձեռնողականությունը և ակտիվությունը, հաշվետվողականությունը, աշխատանքի համակարգվածությունը և շարունակականությունը, անձնական պատասխանատվությունը և այլն:

Այս սկզբունքները պետք է դրվեն խորհրդարանական դիվանագիտության հիմնական գործիքների՝ միջխորհրդարանական հանձնաժողովների, բարեկամության խմբերի և խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքի կազմակերպման հիմքում:

Նորընտիր խորհրդարան անցած քաղաքական բոլոր ուժերի շարքում միանշանակ կգտնվեն անձիք, ովքեր ունեն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական անհրաժեշտ ունակություններ խորհրդարանական դիվանագիտության վերակազմակերպման և արդյունավետության բարձրացման գործընթացում ներգրավվելու համար: Հատկանշական է, որ խորհրդարանական դիվանագիտությունն այն փոքրաթիվ ոլորտներից է, որտեղ իշխանությունը և ընդդիմությունը համագործակցում են՝ մի կողմ դնելով տարբեր հարցերի հետ կապված տարաձայնությունները: Անշուշտ, պետական շահի վրա հիմնված այդ համագործակցությանը հասնելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, սակայն դա անխուսափելի է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: