ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի Թուրքիան իր գործողություններում կլինի առավել անկանխատեսելի և անկաշկանդ

Maclean's

Ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկիրն անցավ նախագահական կառավարման համակարգի, ինչը նշանակում է նախագահի՝ այս պարագայում Էրդողանի լիազորությունների ընդլայնում և նրա ձեռքում մեծ թվով լծակների կենտրոնացում:

Այն, որ «Այո» արդյունք ստանալու համար Էրդողանն ու իր թիմակիցներն օգտագործեցին տարաբնույթ միջոցներ ու լծակներ՝ ազատությունների սահմանափակումներից մինչև բռնաճնշումներ և ձերբակալություններ, երևի թե ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Այս մասին այսօր արդեն իսկ բարձրաձայնվում է երկրի ընդդիմության կողմից, որոշներն էլ (քարոզչություն իրականացնելու համար անազատ մթնոլորտ, անհավասար պայմաններ, լրագրողների ձերբակալություններ և այլն) տեղ են գտել միջազգային դիտորդների միջանկյալ զեկույցում: Ու չնայած մեծ ջանքերին՝ «Այո» քվեարկեց Թուրքիայի քաղաքացիների ընդամենը 51,42%-ը, ինչը հստակ ցույց տվեց, որ երկրում այս հարցի շուրջ կա բևեռացված մոտեցում: Հատկանշական է, որ սահմանադրական փոփոխություններին «Ոչ» քվեարկեցին երկրի 3 մեծ քաղաքները՝ Անկարան, Ստամբուլը, Իզմիրը. քաղաքներ, որտեղ բնակվում է երկրի առաջադեմ հատվածը և որը, ամենայն հավանականությամբ, ականատես լինելով Էրդողանի վարած քաղաքականությանը, պատկերացրեց, թե ինչի կարող է հանգեցնել մենիշխանության հաստատումը երկրում:

Սահմանադրական փոփոխություններին դեմ քվեարկեց նաև քրդական բնակավայրերի 60%-ը: Հատկանշական է, որ 40% «Այո»-ն էապես ավելի մեծ թիվ է 2015թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քրդերի տված ձայների հետ համեմատած: Իհարկե, հաշվի առնելով քրդերի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը հատկապես վերջին շրջանում, գուցեև ակնկալվում էր, որ «ոչ» քվեարկողների թիվը պետք է ավելի մեծ լիներ, սակայն տեղի ունեցավ հակառակը, քանի որ  քրդերի շրջանում  ստեղծված վախի մթնոլորտն աշխատեց հօգուտ Էրդողանի:

Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ կարելի է ակնկալել սահմանադրական հանրաքվեից հետո:

Չնայած այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, հազարավոր մարդկաց փողոց դուրս գալուն ու ընդդիմության՝ Սահմանադրական դատարան դիմելուն, ամենայն հավանականությամբ, Էրդողանին կհաջողվի հանգստացնել կրքերը: Սա, իհարկե, տեղի կունենա ոչ թե պահանջները բավարարելու, այլ պարտադրանքի միջոցով, ինչպես սովորաբար նման հարցերը լուծվում են Թուրքիայում: Ներքաղաքական բուռն զարգացումներ հնարավոր կլիներ ակնկալել միայն այն դեպքում, եթե լիներ արտաքին միջամտություն, սակայն այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում դա չի բխում ուժային կենտրոններից և ոչ մեկի շահերից:

Ինչ վերաբերում է քրդերին, ապա ստեղծված իրավիճակում նրանց մնում է երկու տարբերակ՝ կամ կրկին զենքը վերցնել և պայքարել, կամ էլ շարունակել ապրել աստիճանաբար ոչնչանալու սպառնալիքի ներքո: Տարբերակներ, որոնցից և ոչ մեկը չի ներշնչում լավատեսություն: 

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, և դրա հնարավոր փոփոխություններին՝ պետք է նախևառաջ հաշվի առնել մի կարևոր հանգամանք. լիազորությունների ընդլայնումն ու լծակների մեծացումը Էրդողանին այսուհետ կդարձնեն առավել անկանխատեսելի, իսկ տարաբնույթ իրադարձություններին վերջինիս արձագանքն՝ էլ ավելի արագ:

Այս առումով չպետք է բացառել, որ ԱՄՆ հետ հարաբերություններում՝ նախկինում վարած քաղաքականության մեջ էական փոփոխություններ չմտցնելով, Էրդողանը կոնկրետ հարցերի հետ կապված առավել թիրախավորված և կոշտ քայլեր իրականացնի: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գյուլենի արտահանձնման հարցին, որն առավել ակտուալ դարձավ հեղաշրջման տապալված փորձից հետո, սակայն դեռևս վերջնական լուծում չի ստացել:

Առավել բարդ իրավիճակ է Թուրքիա-ԵՄ հարաբերություններում: ԵՄ-ն շարունակում է քննադատել Թուրքիային՝ ժողովրդավարական, եվրոպական արժեհամակարգին հակասող գործողություններ իրականացնելու համար՝ նշելով, որ այդ կերպ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները չեն կարող առաջ ընթանալ: Թուրքիան էլ իր հերթին սպառնում է Եվրոպային՝ չեղարկել միգրանտների գործարքը՝ միևնույն ժամանակ լուրջ չվերաբերվելով հնչող քննադատություններին: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ չնայած երկկողմ դժգոհություններին և առկա լարված իրավիճակին՝ ԵՄ-ն և Թուրքիան միմյանց համար ունեն կարևոր նշանակություն, իսկ սա գիտակցում են երկու կողմերն էլ: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ նրանցից և ոչ մեկը չի դիմում կտրուկ քայլերի՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով:

Այս ամենով է պայմանավորված սահմանադրական հանրաքվեից հետո Էրդողանի բավականին հետաքրքիր քայլը: Հեղաշրջման փորձից հետո Էրդողանը մի քանի անգամ հայտարարել էր մահապատժի վերականգնամ ծրագրերի մասին, որի մասին բարձրաձայնեց նաև հանրաքվեից հետո՝ այս անգամ արդեն իսկ խոսելով դրա շուրջ հնարավոր հանրաքվեի անցկացման մասին: Հաշվի առնելով Էրդողանի այսքան տարիների քաղաքականությունը՝ չի բացառվում, որ սա նպատակ էր հետապնդում հանրաքվեի շուրջ եղած աղմուկից շեղել միջազգային հանրության, մասնավորապես ԵՄ ուշադրությունը: Շահարկելով այս հարցը, մի որոշ ժամանակ անց, ամենայն հավանականությամբ, իբրև «բարի կամքի դրսևորում», Էրդողանը պարզապես կհրաժարվի մահապատժի վերականգնման գաղափարից, ինչն էլ կողջունվի Եվրոպայի կողմից: Այս հնարքը, կարծես թե, հաջողվում է: Հետաքրքիր է, որ Թուրքիայի հանրաքվեից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարության մեջ բավական մեծ ուշադրություն էր հատկացված հատկապես մահապատժի վերականգնման խնդրին, ինչը  ըստ Օլանդի, կհակասի Թուրքիայի ստորագրած ԵԽ համաձայնագրին և առհասարակ եվրոպական արժեքներին: 

Անդրադառնալով մյուս ուժային կենտրոնի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններին, պետք է նշել, որ այստեղ լուրջ փոփոխություններ հազիվ թե կարելի է ակնկալել: Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը, քանի դեռ դրանք չեն հակասում իր շահերին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականությանը, ապա, Էրդողանի անձով պայմանավորված՝ լիազորությունների ընդլայնումը Թուրքիային կդարձնի առավել անկանխատեսելի և անկաշկանդ: Սա, բնականաբար, առաջին հերթին կընդգծվի տարածաշրջանում Թուրքիայի վարած քաղաքականությամբ: Այս առումով բացառություն չեն կազմի նաև հայ-թուրքական հարաբերությունները:

Այսպիսով, պետք է փաստել, որ սահմանադրական փոփոխություններից հետո աշխարհը այլևս գործ է ունենալու նոր Թուրքիայի հետ, որն իր գործողություններում կլինի առավել կտրուկ, անկաշկանդ և արագ արձագանքող:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: