ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր ճգնաժամ Պարսից ծոցում. հիմքում անկախ քաղաքականություն վարելու Կատարի ձգտումն է

Պարսից ծոցում հերթական ճգնաժամն է հասունանում: Հունիսի 5-ին Բահրեյնը հայտարարել է Կատարի հետ կապերը խզելու մասին: Մի քանի րոպե անց համանման հայտարարություններ են արել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրություններ: Ավելի ուշ նրանց միացել են Եմենը, Լիբիան և Մալդիվները: Reuters գործակալության տվյալներով Ծոցի 3 երկրները Կատարի այցելուներին և բնակիչներին 2 շաբաթ ժամանակ են տվել իրենց երկիրը լքելու համար: Կատարը նաև արտաքսվել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայից: Ծոցի երկրները Դոհային մեղադրում են «ահաբեկիչներին, ծայրահեղականներին և անջատողական կազմակերպություններին աջակցելու և ֆինանսավորելու մեջ»:

«Կատարն աջակցում է տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ»-ին, «Իսլամական պետությանը» և «Ալ-Կաիդա»-ին, որոնց նպատակն է խաթարել տարածաշրջանի կայունությունը: Դոհան մշտապես իր լրատվամիջոցներով տարածում է նրանց ուղերձները», - ասվում է սաուդական SPA լրատվական գործակալության տարածած հաղորդագրության մեջ:  Էլ-Ռիյադը Դոհային մեղադրում է նաև իր արևելյան Քաթիֆ շրջանում (այն գերազանցապես շիաներով է բնակեցված) և Բահրեյնում Իրանի կողմից հովանավորվող զինյալներին աջակցելու մեջ: Կատարը դեռևս պաշտոնապես չի արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին, թեև նախկինում բազմիցս հերքել է ահաբեկչներին աջակցելու մասին մեղադրանքները:

Հատկանշական է, որ սա առաջին նման միջադեպը չէ: 2014 թվականին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը կրկին նույն մեղադրանքներով (հիմնական վեճը ծավալվում էր «Մուսուլման եղբայրներին» աջակցելու խնդրի շուրջ) հետ կանչեցին իրենց դեսպաններին Կատարից: Դիվանագիտական սկանդալը ձգվեց ավելի քան 8 ամիս: Այս անգամ Կատարի դեմ կիրառվող միջոցները (այդ թվում նաև օդային և ծովային երթևեկության կասեցումը) շատ ավելի խիստ են:

Հասկանալի է, որ առանձին խմբավորումներին, մասնավորապես, եգիպտական «Մուսուլման եղբայրներին» (ի հեճուկս Եգիպտոսի բազմաթիվ պահանջներին) աջակցելու շուրջ մեղադրանքներն ավելի քան իրական են, բայց տեղի ունեցածի պատճառը հանդիսանալ չեն կարող: Հիմնական խնդիրը Կատար-Սաուդյան Արաբիա հակասություններն են (թեև Կատարը լրջագույն տարաձայնություններ ունի նաև նույն Եգիպտոսի և Բահրեյնի հետ)  և դրանցից ածանցվող հարցերը կապված Ծոցի միասնական քաղաքականության հետ:

Վերջին շրջանում ընդամենը 10 հազար քառ/կմ տարածք ունեցող Կատարը որդեգրել է Սաուդյան Արաբիայից անկախ արտաքին քաղաքական կուրս, ինչն ավելի ակնհայտ դարձավ հատկապես 2010 թվականից արաբական երկրներում (Եգիպտոս, Սիրիա և այլն) ընթացող զարգացումների համատեքստում: Եվ այս հանգամանքը չի կարող իր ազդեցությունը չունենալ Էլ-Ռիյադի քաղաքականության վրա, որը վերջին շրջանում տարածաշրջանային վայրիվերումների ֆոնին ջանում է միասնական ռազմավարություն ձևավորել առնվազն Պարսից ծոցի Արաբական երկրների համագործակցության խորհրդի (Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման) շրջանակներում (ընդ որում, այս մոտեցումը հիմնականում համընկնում է նաև ԱՄՆ նոր նախագահի մերձավորարևելյան ռազմավարության հետ), բայց պարբերաբար հանդիպում է Կատարի դիմադրությանը: Կատարական անկախ քաղաքականությունն ակնհայտ է դառնում նաև Իրանի հետ հարաբերություններում, ինչը ևս շեղում է հանդիսանում ընդհանուր կուրսից և լուրջ անհանգստություն է առաջացնում Էլ-Ռիյադի մոտ:

Իսկ ինչո՞ւ հենց հիմա: Ըստ էության, այս անգամ որպես առիթ ծառայեցին կատարական կողմի շնորհավորանքները Իրանի նախագահ Հասան Ռոհանիին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, ինչն արդեն ընկալվեց որպես Կատարի «բացահայտ ըմբոստություն»:  

Արդյունքում, ականատես ենք լինում սաուդական հերթական «պատժիչ» գործողությունների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: