ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն հարվածի տակ է դրել Վրաստանի միջազգային հեղինակությունը

Վրաստանը բավական բարդ դրության մեջ է հայտնվել: Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված և Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլըիի գործը միջազգային հնչեղություն է ստացել:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում առկա կոռուպցիոն սխեմաների բացահայտմամբ զբաղվող հետաքննող լրագրողը  Վրաստան էր տեղափոխվել 2015 թվականին՝ Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին: Մուխթարլըիի առջևանգման մանրամասների հետ կապված կան հակասական տեղեկություններ: Մասնավորապես, ակտիվ շրջանառվում է այդ օպերացիային վրացական կողմի  մասնակցության հնարավորությունը, ինչը վրացական իշխանություններն ամեն կերպ հերքում են: Լրագրողի առևանգման հետ կապված Վրաստանի դատախազությունն արդեն հետաքննություն է  սկսել, սակայն հազիվ թե դա որևէ կերպ օգնի Ադրբեջանում արդեն  երեք ամսով կալանավորված լրագրողին:

Չնայած Մուխթարլըիի առևանգման մանրամասների բացակայությանը և հակասական տեղեկություններին, այն յուրահատուկ է մի քանի առումով:  Նախ, այն ադրբեջանական ընդդիմադիրների և անկախ լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումների՝ տարածաշրջանային մակարդակի անցման մասին է խոսում: Բավական տրամաբանական հարց է ծագում՝ արդյո՞ք սա նման առևանգման առաջին դեպքն է: Միգուցե նախկինում ևս Վրաստանի տարածքից անհասկանալի եղանակներով Ադրբեջան են տեղափոխվել Բաքվին հետաքրքրած տարբեր անձիք, սակայն դա հանրային հնչեղություն չի ստացել:

Բացի այդ, գործողությունն իրականացվել է երրորդ երկրի տարածքում: Վրացական իշխանությունները հայտնվել են բավական բարդ իրավիճակում: Մի կողմից, եթե հաստատվի, որ Մուխթարլըիի առևանգման և Ադրբեջան տեղափոխելու օպերացիային մասնակցել են նաև վրացական իրավապահ մարմինները, ապա դա ուղղակի հարված կլինի Վրաստանի ժողովրդավարական իմիջին: Այս սցենարի դեպքում ստացվում է, որ Թբիլիսին աջակցել է ալիևյան ռեժիմի քաղաքական հետապնդումներից փախած ընդդիմադիր լրագրողի անօրինական ձերբակալությանը և տեղափոխմանն Ադրբեջան, ուր բոլորին հայտնի է, թե ինչ ճակատագիր է սպասում ընդդիմադիրներին: Այս ամենը, բնականաբար, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, և հաստատվելու դեպքում լրջագույն հարված կլինի տարածաշրջանում «ժողովրդավարության կղզյակ» դառնալու Թբիլիսիի հավակնություններին:

Մյուս դեպքում, եթե հաստատվի, որ վրացական պետական մարմինները ներգրավված չեն եղել Մուխթարլըիի գործին, ապա դա իր հերթին հարված կլինի Թբիլիսիի ինքնիշխանությանը: Տվյալ դեպքում կստացվի, որ երրորդ երկիրը հատուկ գործողություն է իրականացրել Վրաստանի տարածքում՝ առանց վրացական իշխանությունների թույլտվության և առավել ևս իմացության: Արդյո՞ք կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ մի երկիր, որի տարածքում երրորդ երկրների հատուկ ծառայությունները կարող են քաղաքացիներ առևանգել: Բնականաբար, այս ամենը դրական չի խոսում ոչ վրացական իրավապահ մարմինների, ոչ էլ վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների մասին:

Թերևս միանշանակ է, որ Մուխթարլըիի գործն արդեն հարված է հասցրել Վրաստանի միջազգային հեղինակությանը, ինչի մասին են վկայում միջազգային կառույցների և առանձին երկրների տարածած հայտարարությունները և մտահոգությունները: Սակայն, ադրբեջանցի լրագրողի գործը դեռևս զարգացումներ է ապրում, և Վրաստանի դատախազության սկսած հետաքննության արդյունքները բացասական նոր հարված կլինեն Վրաստանի իմիջին և հեղինակությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: