ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը փոխում է եվրոպական գործընկերների հետ ունեցած հարաբերությունների տրամաբանությունը

Metro

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությունից ի վեր, ԱՄՆ-ի և իր եվրոպական գործընկերների միջև հարաբերությունները կարծես թե այնքան էլ հարթ չեն ընթանում: Այս առումով, թերևս ԱՄՆ եվրոպական գործընկերների սպասելիքները մեծ էին Թրամփի՝ արտերկիր կատարած առաջին այցից, որի ժամանակ նա մասնակցեց Բրյուսելում ՆԱՏՕ գագաթաժողովին և G7 վեհաժողովին: Ինչպես արևմտյան բազմաթիվ վերլուծական նյութերում էր շրջանառվում, ակնկալվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտագործի եվրոպական իր գործընկերների հետ հանդիպման այս հնարավորությունները՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը նրանց: Որքանո՞վ արդարացան ԱՄՆ եվրոպացի գործընկերների սպասելիքները և ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել ԱՄՆ-ի՝ իր եվրոպական դաշնակիցների հետ հետագա հարաբերությունների մասին:

ՆԱՏՕ գագաթաժողով

Ակնկալվում էր, որ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահը հստակ կարտահայտեր իր դիրքորոշումն այս դաշինքի վերաբերյալ և ինչպես ԱՄՆ նախորդ նախագահները, կվերահաստատեր ԱՄՆ պատրաստակամությունը հավատարիմ մնալու դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածին, առ այն, որ հարձակումը ՆԱՏՕ մեկ անդամի վրա համարվում է հարձակում նաև մյուս անդամների վրա: ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում, ԱՄՆ նախագահը, հավատարիմ մնալով նախկինում իր կողմից որդեգրած դիրքորոշմանը, հիմնական շեշտը դրեց ՆԱՏՕ անդամների կողմից կառույցի ֆինանսական պարտավորությունները կատարելու անհրաժեշտության վրա՝ ընդգծելով, որ կառույցի 28 անդամներից 23 դեռևս չեն վճարում կառույցի ֆինանսական հատկացումները: Թրամփը նաև ընդգծեց, որ վերջին 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ն ավելի շատ է ծախսել պաշտպանության վրա, քան մյուս ՆԱՏՕ երկրները միասին վերցրած: Ինչ վերաբերում է պայմանագրի 5-րդ հոդվածին, թեպետ իր խոսքում Թրամփն անդրադարձավ դրան, վերհիշելով, որ առաջին անգամ այն գործարկվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ դեմ ահաբեկչական հարձակումներից հետո,  Թրամփը զերծ մնաց ուղղակի վերահաստատելուց ՆԱՏՕ պայմանագրի 5 հոդվածը: Համեմատության համար կարող ենք փաստել, որ իր առաջին ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ (2009թ., Ստրասբուրգ, Ֆրանսիա) ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն Թրամփի, հստակ ընգծեց. «ՆԱՏՕ-ն հիմնվել է պարզ, բայց լուրջ հանձնառության վրա. հարձակումը մեկի վրա, հարձակում է բոլորի վրա»:

G7 վեհաժողով

G7 վեհաժողով վեհաժողովի ժամանակ ԱՄՆ-ի և իր եվրոպական գործընկերների միջև քննարկվող գլխավոր խնդրահարույց հարցը Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շուրջ առկա անհամաձայնություններն էին: Վեհաժողովից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ կլիմայի շուրջ բանակցությունները «բավարարող չէին», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում նշեց, որ Փարիզի համաձայնագրի վերաբերյալ որոշում կկայացնի հաջորդ շաբաթ:

Արդեն հունիսի 1-ին, Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ, ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից, բայց սկսելու է բանակցություններ՝ վերադառնալու  այդ կամ արդեն նոր համաձայնագրին, պայմաններով, որոնք կլինեն « Միացյալ Նահանգների, ամերիկյան ընկերությունների, աշխատողների, մարդկանց և հարկ վճարողների համար արդար»: Իր խոսքում Թրամփը մանրամասն հիմնավորում է իր որոշումը՝ խոսելով թվերի լեզվով: Նա մասնավորապես նշում  է, որ  պայմանագրով նախատեսվող սահմանափակումները մինչև 2025 թվականը ԱՄՆ-ին կարժենան 2.7 միլիոն կորցված աշխատատեղեր:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ ներկայիս նախագահի՝ այս հարցում որդեգրած նման քաղաքականությունը, կտրուկ տարբերվում է նախորդ նախագահ Բարաք Օբամայի ունեցած քաղաքականությունից, ով կլիմայի շուրջ ձեռք բերած միջազգային համաձայնագիրը համարում էր պարգև՝ ԱՄՆ միջազգային առաջնորդության դիմաց (tribute to American leadership).

Մեկնաբանելով այս հարցում ԱՄՆ ունեցած քաղաքականության նման փոփոխությունը՝ պետք է փաստենք, որ այս դեպքում նույնպես Թրամփն, սեփական երկրի շահը գերադասում է միջազգային կլիմայի ոլորտում ունեցած ընդհանրական շահից, ինչպես նաև այս հարցում ԱՄՆ ունեցած առաջնորդի հեղինակությունից:

Այս համատեքստում թերևս պետք է անդրադառնալ նաև ԱՄՆ վերջին պաշտոնական դիմումին՝ վերանայելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում իր մասնակցության  հարցը: Հունիս 6-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Քեյլին, բացատրելով ԱՄՆ նման դիրքորոշումը, խոսեց Խորհրդի Իսրայելի հանդեպ ունեցած բացասական դիրքորոշման մասին: Նշենք, որ Թրամփի ընտրությունից ի վեր, նա և իր վարչակարգը մի քանի անգամ արդեն հասցրել են դեմ արտահայտվել ՄԱԿ-ի գործունեությանը: Իր թվիթերյան գրառումներից մեկում Թրամփը ՄԱԿ-ը անվանել է «ակումբ, որտեղ մարդիկ հավաքվում, խոսում և լավ ժամանակ են անցկացնում»: Թրամփի վարչակարգն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ կողմից ՄԱԿ-ին հատկացվող գումարը (նշենք, որ ԱՄՆ-ը տարեկան ՄԱԿ-ին վճարում է 10 միլիարդ դոլար, որը կազմում է կազմակերպության բյուջեի մոտ 22 տոկոսը):

Այսպիսով խոսելով Թրամփի՝ եվրոպացի գործընկերների հանդեպ վարած արտաքին քաղաքականության մասին, պետք է փաստենք, որ այդ քաղաքականության մեջ տրամաբանության հստակ փոփոխություն է նկատվում: Եթե ԱՄՆ նախկին վարչակարգն իր առաքելությունն էր համարում անհատույց պաշտպանել և հովանավորել իր եվրոպական գործընկերներին, ապա ներկայիս վարչակարգը ցանկանում է հրաժարվել ԱՄՆ այդ դերից՝ փոխարենը պահանջելով իր գործընկերներից տարբեր հարցերում ունենալ իրենց սեփական ներդրումը: Սա փոփոխություն է, որի հետ համակերպվելը եվրոպական գործընկերներին այնքան էլ հեշտ չի տրվի և որոշ ժամանակ դեռևս կշարունակի նրանց միջև անհամաձայնությունների պատճառ դառնալ:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: