ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիա. «փափուկ հեղափոխությո՞ւն», թե՞ բարեփոխումների ժամանակաշրջան

Tportal

Սաուդյան Արաբիայի 31-ամյա թագաժառանգ արքայազնը շարունակում է շնորհավորանքներ ստանալ: Բահրեյնի նախարարների խորհուրդը շնորհավորել է Մուհամմադ իբն Սալմանին իր նշանակման առթիվ` հայտնելով Սաուդյան Արաբիային իր լիակատար աջակցությունը բոլոր քայլերում՝ ուղղված այդ երկրի անվտանգության և կայունության ապահովմանը, ինչպես նաև ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ պայքարին: Արքայազն Մուհամմադին շնորհավորել է նաև Քուվեյթի նախարարների խորհուրդը: Վարչապետի ղեկավարած կաբինետը հաջողություններ է մաղթել արքայազնին ինչպես թագավորությանն ու իր ժողովրդին, այնպես էլ իսլամին և մուսուլմաններին ծառայելու համար, հայտնում է Saudi Gazette-ը

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քուվեյթը առաջարկել էր իր միջնորդությունը Կատարի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական ևս մի քանի երկրի միջև գոյություն ունեցող ճգնաժամի կարգավորման գործընթացում: Այս առաջարկը դրական արձագանք էր ստացել Կատարի իշխանությունների կողմից: Չի բացառվում, որ Քուվեյթն իսկապես կարող է լուրջ ներդրում ունենալ կողմերի միջև տարաձայնությունների վերացման հարցում, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2014 թվականին՝ նախորդ ճգնաժամի ժամանակ, Քուվեյթի ղեկավարը կարևոր դերակատարություն է ունեցել որպես միջնորդ:        

Չնայած Կատարի և Պարսից ծոցի երկրների միջև ներկայիս դիվանագիտական ճգնաժամին, Կատարի էմիրն ավելի վաղ ևս շնորհավորել էր Մուհամմադ իբն Սալմանին, ով համարվում է պահպանողական հայացքների ավելի քիչ կրող, քան իր հայրը: Արքայազնը արդեն հասցրել է սահմանափակել կրոնական ոստիկանության լիազորությունները, կրճատել պետական սուբսիդավորումը և առաջարկել է վաճառել Saudi Aramco ազգային նավթային ընկերության բաժնետոմսերի մի մասը: Մուհամմադի կարծիքով, նավթից կախվածությունը խախտել է թագավարությունում տնտեսության բազմաթիվ ճյուղերի զարգացումը, և ինքը մտադիր է մինչև 2030 թվականը նվազեցնել այդ կախվածությունը: Գահաժառանգ արքայազնը կոշտ դիրքորոշում ունի նաև ահաբեկչության հարցում: 2016 թվականին նա հաստատել է մոտ 50 ծայրահեղական ջիհադիստների մահապատիժը, ինչն էլ հանգեցրեց Սաուդյան Արաբիայի և Իրանի դիվանագիտական հարաբերությունների խզմանը: Հարկ է նշել, որ Մուհամմադ իբն Սալմանն առհասարակ կոշտ դիրքորոշում ունի տարածաշրջանում Իրանի ազդեցության ընդլայնման հարցի հետ կապված: Դրա վառ օրինակ է հանդիսանում այն, որ նա, զբաղեցնելով  երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, որոշում կայացրեց հարևան Եմենի քաղաքացիական պատերազմում իր երկրի մասնակցության մասին՝ պնդելով, որ Եմենի կենտրոնական իշխանությունների դեմ դուրս եկած շիա ապստամբների ետևում կանգնած է Թեհրանը: Կարծիք կա, որ 2017 թվականի հունիսին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը ևս հանդիսանում է Սաուդյան Արաբիայի նոր գահաժառանգը, գրում է ТАСС-ը: Մի շարք փորձագետների կարծիքով, դրա պատճառ հանդիսանում է Թեհրանի հետ կապերն ամրապնդելու Դոհայի ձգտումը, ինչը Սաուդյան Արաբիան ընկալում է որպես սպառնալիք տարածաշրջանում և ողջ մուսուլմանական աշխարհում իր զբաղեցրած դիրքին: Մուհամմադ իբն Սալմանի նշանակումը Թեհրանում արդեն անվանել է «փափուկ հեղափոխություն» Սաուդյան Արաբիայում: Ուստի, չի բացառվում, որ 2015 թվականից արաբական այդ երկրի թագավոր հանդիսացող Սալման իբն Աբդել Ազիզ Ալ-Սաուդի որոշումը կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության խորացմանը:

Թերևս Սաուդյան Արաբիայում նոր գահաժառանգի նշանակումը վկայում է այն մասին, որ թագավորությունում գիտակցում են տնտեսական և քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Փորձագետները վաղուց էին նշում, որ Սաուդյան Արաբիայում գնալով վատանում է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական դրությունը: Երկիրը ներքաշվել է Եմենի հակամարտության մեջ, որը մեծ ռեսուրսներ է խլում, բացի այդ, կան մի շարք այլ խնդիրներ, օրինակ՝ Թեհրանի հետ լարվածությունը, սիրիական ճգնաժամը և այլն:

Մուհամմադ իբն Նաիֆի փոխարեն նշանակված նոր գահաժառանգն իր քաղաքական գործունեությունն սկսել է 2009 թվականին՝ զբաղեցնելով իր հոր հատուկ խորհրդականի պաշտոնը: Նա եղել է նահանգապետ Էր Ռիադ նահանգում: Վերջին շրջանում արքայազնը ղեկավարում էր Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և զարգացման հարցերով խորհուրդը: Բացի այդ, նա զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Արքայազն Մուհամմադը առաջին անգամ հայտնվեց միջազգային ասպարեզում, երբ թագավոր Սալմանը նշանակեց նրան արքայազնի տեղակալի պաշտոնում, ինչը նշանակում է գահի երկրորդ հավակնորդ: 2015 թվականին Forbes ամսագիրը երիտասարտ արքայազնին ներառել էր աշխարհի 100 ամենաազդեցիկ մտածողների ցանկում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին:
Արքայազնի նշանակումը որպես նոր գահաժառանգ շատերի կողմից դիտարկվում է չափազանց կարևոր քայլ: Պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան ավանդաբար ղեկավարում են 70 տարեկան և ավելի տարեց թագավորներ, գրում է NDtv-ն: Այս նշանակումը ընկալվում է որպես ազդանշան երկրի երիտասարդներին, որ ամեն ինչ փոխվում է: Եվս մեկ ուշագրավ փաստ հանդիսանում է այն, որ եթե Սաուդյան Արաբիայի գոյության գրեթե ողջ ընթացքում իշխանությունը փոխանցվել է եղբորից եղբորը, ապա այժմ մենք ականատես ենք լինում նոր երևույթի. երկրի նոր գահաժառանգը թագավորի որդին է, ընդ որում, նախորդ հավակնորդը ևս իշխող թագավորի եղբայրը չէր, այլ զարմիկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: