ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի սահմանադրական փոփոխությունները վտանգե՞լ են նրա ժողովրդավարական կերպարը

Ինչպես և կարելի էր ակնկալել «Վրացական երազանք» կուսակցությունը, որը նախորդ տարի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ խորհրդարանական մեծամասնություն, նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Ստեղծված հատուկ սահմանադրական հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել է 2017թ մայիսին՝ ներկայացնելով Սահմանադրության փոփոխության նախագիծ, որով նախատեսվում է կառավարման համակարգի փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ նախագծի՝ նախագահի լիազորությունները կրճատվում են: Բացի այդ, նախագահը պետք է ընտրվի ոչ թե համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրական կոլեգիայի կողմից: Նախատեսվում է նաև անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի՝ վերացնելով մինչ այժմ գործող մեծամասնական ընտրակարգը: Նախատեսվում են նաև փոփոխություններ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության կարգի, մարդու իրավունքների հետ կապված դրույթներում:

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց ի վեր՝ վրացական իշխանությունները բավական սերտ համագործակցել են քաղաքացիական հասարակության, քաղաքական տարբեր ուժերի, եվրոպական գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, որը սահմանադրական իրավունքին առնչվող փաստաթղթերի գնահատման թերևս ամենահեղինակավոր կառույցն է Եվրոպայում:

Թեև նախագծի մշակման գործընթացը համեմատաբար հանգիստ էր, այն խորհրդարան ներկայացնելուց հետո առաջացան խնդիրներ: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների մշակված նախագծում խորհրդարանում առաջին ընթերցումից մի քանի օր առաջ մտցվել են փոփոխություններ: Ի տարբերություն նախապես մշակված տարբերակի՝ քվեարկության դրված նախագծի համաձայն, նախագահի ընտրության նոր կարգը ուժի մեջ է մտնում ոչ թե 2020 թվականից, այլ 2024-ից: Մեծամասնական ընտրակարգի վերացումը նույնպես հետաձգվում է 2024թ, արգելվում է արտասահմանցիներին գյուղատնտեսական հողերի վաճառքը և այլն: Փոփոխված նախագիծը խորհրդարանում հաստատվել է առաջին և երկրորդ ընթերցմամբ:

Նախագծում նման փոփոխությունները, սակայն, բավական բուռն արձագանք առաջացրին թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության շրջանում: Ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանում նախագծի երկու քվեարկությունները: Իսկ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող շուրջ 32 կազմակերպություն համատեղ դիմում հղեցին միջազգային հանրությանը, որտեղ, մասնավորապես, իրենց դժգոհությունն էին հայտնում մեծամասնական ընտրակարգի չեղարկման հետաձգման որոշման հետ կապված:

Վենետիկի հանձնաժողովը ևս չողջունեց վրացական իշխանությունների նման քայլը: Հունիսի վերջին Վրաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն իր հիասթափությունը հայտնեց՝ շեշտելով, որ վերջին զարգացումները կասկածի տակ են դրել սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման համար իրականացված ողջ աշխատանքը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել նաև, որ եթե «Վրացական երազանքը» նախագծի փոփոխված տարբերակն ընդունի առանց մյուս ուժերի հետ համաձայնեցնելու, այն չի ունենա բավարար լեգիտիմություն:

Խորհրդարան ներկայացված փոփոխված նախգծի հետ կապված իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ նրա՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված նախագիծը պատրաստվել է բավական հապշտապ, և փաստաթղթի հետ կապված չկա կոնսենսուս: Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, լիովին այլ կարծիքի են և գտնում են, որ նախագիծը պատրաստվել է հանրային լայն ներգրավմամբ:

Փաստորեն, ստեղծվել է իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ակտիվորեն առաջ է տանում իր նախաձեռնությամբ մշակված, այնուհետև փոփոխված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Միևնույն ժամանակ այդ նախագծին դեմ է երկրի նախագահը, հիմնական ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի զգալի հատված: Բացի այդ, միջազգային գործընկերները ևս միանշանակ վերաբերմունք չունեն տվյալ նախագծի հետ կապված: Ստեղծված իրավիճակը բավական բարդ է և որոշակի ռիսկեր է պարունակում Վրաստանի ժողովրդավարական իմիջի համար: Նման ռիսկերից գլխավորը, թերևս, կարող է լինել սահմանադրական փոփոխությունների լեգիտիմության ցածր մակարդակը:

Ստեղծված իրավիճակի հնարավոր ռիսկերի գիտակցումը, ինչպես նաև միջազգային գործընկերների կոշտ գնահատականները թերևս կստիպեն վրացական իշխանություններին գնալ որոշակի զիջումների: Վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչներից արդեն հայտարարել են, որ նախագիծը մինչև երրորդ ընթերցման ներկայացվելը կարող է կրել որոշակի փոփոխություններ: Չնայած նման պատրաստակամությանը՝ ընդդիմադիր ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հազիվ թե համաձայն են նոր երկխոսության, քանի որ խորհրդարան ներկայացված նախագիծը համարում են լիովին տարբեր նախապես մշակված տարբերակից: Բացի այդ, ցանկացած երկխոսություն և դրա արդյունքում թեկուզ ոչ էական փոփոխությունները կարող են լեգիտիմացնել նոր նախագիծը, ինչը հազիվ թե բխում է ընդդիմադիր ուժերի շահերից: Միևնույն ժամանակ արդեն հնչում են փորձագիտական կարծիքներ, որ եթե աշնանը  խորհրդարան ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծն (անկախ փոփոխություններից)  ընդունվի երրորդ ընթերցմամբ, նախագահը նրա նկատմամբ կկիրառի իր վետոյի իրավունքը և «Վրացական երազանքը» ստիպված կլինի դիմել վետոյի հաղթահարման մեխանիզմին:

Այսպիսով Վրաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացը թեև իրավական առումով որևէ խնդիր չունի, ժողովրդավարական նորմերի տեսանկյունից այն քննադատության հիմքեր է պարունակում: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքը» հայտնվել է բավական բարդ իրավիճակում և երկրի ժողովրդավարական կերպարը պահելու համար խնդիր ունի բավական լուրջ աշխատանք իրականացնել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: