ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի և Իրանի միջև նկատվող լարվածությունը դեռևս չի ազդում հայ-իրանական հարաբերությունների վրա. Նարեկ Մինասյան

 

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքի, հնարավոր բացասական գործոնների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:


-Ինչպե՞ս կգնահատեք հայ-իրանական հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքը:

- Հայ-իրանական հարաբերությունները թևակոխել են զարգացման բավական ակտիվ փուլ: Մի կողմից դա պայմանավորված է հայ-իրանական հարաբերությունների ավանդական ջերմ բնույթով, բավական է թեկուզ հիշել, որ դեռ այն ժամանակ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ, Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից էր, որ հնարավորության սահմաններում փորձում էր զարգացնել երկկողմ հարաբերություննները, այդ թվում՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելով: Մյուս կողմից դա պայմանավորված է երկկողմ հարաբերությունների մեծ պոտենցիալով: Այսօր նկատելի է թե’ համագործակցության ավանդական ոլորտներում կապերի խորացում, թե’ համագործակցության ոլորտների ընդլայնում, նոր կապերի հաստատում: Իրանական բիզնեսը հետաքրքրված է նաև Հայաստանի տարածքում արտադրության կազմակերպմամբ, ինչը պայմանավորված է  Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների արդյունքում ստեղծված հնարավորություններով. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և հանդիսանում է «պատուհան» ԵԱՏՄ շուկա մտնելու համար, մյուս կողմից Հայաստանը ԵՄ հետ ունի GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմ, որի շնորհիվ մի քանի հազար հայկական ապրանքատեսակ զրոյական մաքսատուրքով արտահանվում է ԵՄ: Բացի այդ, արդեն իրականաություն է դառնում Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտին, ինչը ևս կարող է ծառայել որպես համագործակցության հարթակ:

- Վերջին շրջանում նկատվող ամերիկա-իրանյան լարվածությունը և ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն արդյո՞ք չեն խորընդոտում հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:

- Պետք է նշել, որ հայ իրանական քաղաքական փոխհարաբերություններն, ի տարբերություն տնտեսական փոխհարաբերությունների, որոնք զարգացման բավական մեծ ներուժ ունեն, արդեն իսկ գտնվում են բավական բարձր մակարդակի վրա: Թերևս դրա վառ դրսևորումներից էր նաև ՀՀ նախագահի մասնակցությունը Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը (ի դեպ՝ ներկա էր 8 նախագահ): Նման բարձր մակարդակի մասնակցությունը բավական խորհրդանշական է և հստակ ընդգծում է հայ-իրանական բավական ջերմ հարաբերությունները: Հատկանշական է, որ մեր տարածաշրջանից միայն Հայաստանն էր ներկայացված նախագահի մակարդակով:

Ինչ վերաբերում է ամերիկա-իրանյան հարաբերություններում նկատվող լարվածությանը, ապա այն թերևս կարելի է բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած քաղաքական գծով: Դեռևս նախընտրական շրջանում Թրամփը բավական կոշտ հակաիրանական հայտարարություններով էր հանդես գալիս և նախագահության շրջանում, բնականաբար, փորձում է հավատարիմ մնալ իր գծին: Դրա դրսևորումներից է Թրամփի կողմից օգոստոսի սկզբին Սենատի կողմից հավանության արժանացած օրենքը, որը պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի նկատմամբ: Չնայած այդ օրենքը հիմնականում ուղղված էր Ռուսաստանի դեմ, իսկ Իրանի մասով պատժամիջոցներն այնդքան էլ էական չեն, այնուամենայնիվ փորձագիտական դաշտում դրանք հասցրել են դառնալ վաղաժամ վատատեսական կանխատեսումների առիթ: Կարծում եմ՝ քանի դեռ Իրանի «միջուկային գործարքը» պահպանվում է, հակաիրականական լուրջ պատժամիջոցների հնարավորության մասին խոսելն իրատեսական չէ: Չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում նկատվող լարվածությանը՝ դրանք հայ-իրանական փոխհարաբերությունների զարգացման ծրագրերի և դրանց իրականացման տեմպի վրա դեռևս չեն ազդել:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: