ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կնյազ Հասանով. հանրաքվեին միասնական քվեարկության պարագայում անկախ քրդական պետության ստեղծումը հնարավոր կլինի (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կնյազ Հասանովի հետ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանի ղեկավարության կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:  

 

-  Պարո՛ն Հասանով, վերջերս Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը հայտարարեց հանրաքվե անցկացնելու մասին, որի ժամանակ կդրվի «Ցանկանո՞ւմ եք անկախ Քրդստան» հարցը: Ինչպիսի՞ն է Հայաստանում քրդական համայնքի դիրքորոշումն այս հանրաքվեի վերաբերյալ:  

-  Քրդական համայնքը, ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, ազգային նպատակներից ելնելով, միասնական է այն  հարցի շուրջ, որ ստեղծվի անկախ քրդական պետություն: Աշխարհի մոտ 50 միլիոն քրդերը մինչև այսօր չունեն պետություն: Միայն մոտ 15 տարի առաջ, երբ ԱՄՆ կողմից տապալվեց Սադդամ Հուսեյնի իշխանությունը, Իրաքի կազմում ֆեդերատիվ կարգով ստեղծվեց քրդական ինքնավարություն: Ձեռք բերելով ինքնավարություն՝ Իրաքյան Քրդստանը կարողացավ պահպանել իր բանակը՝ Բեշմերգան՝ ապահովելու իր պաշտպանությունը արտաքին, այդ թվում՝  վերջին շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից առաջացած վտանգներից:  

Մենք բոլորս կողմ ենք, որ անցկացվի հանրաքվե, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 25-ին և ստեղծվի քրդական պետություն: Մենք լիահույս ենք, որ այդ հանրաքվեն կորոշի, որ Իրաքյան Քրդստանը պատրաստ է գնալ անկախացման: Միաժամանակ նշեմ, որ կա Քիրքուք քաղաքի (քաղաքում ճնշող մեծամասնությունը քրդեր են) կարգավիճակի հարցը: Քիրքուքը կռվախնձոր է Իրաքի կենտրոնական իշխանությունների և Իրաքյան Քրդստանի միջև: Քրդերն ակնկալում են, որ այս հարցն էլ իր լուծումը կստանա:

Այնուամենայնիվ, այս համատեքստում պետք է նաև հաշվի առնել, որ Իրաքյան Քրդստանը շրջապատված է թշնամի պետություններով, որոնք չեն ցանկանում, որ ստեղծվի անկախ քրդական պետություն, օրինակ՝ նույն Թուրքիան: Կան նաև պետություններ, որոնք դրական են վերաբերվում քրդական պետության ստեղծմանը: Այդ պետություններից է, օրինակ` Իսրայելը: Կան պետություններ էլ, որոնք միանշական դիրքորոշում չեն արտահայտում: ԱՄՆ-ից մեկ տարբեր մակարդակներով լսվում էին կարծիքներ, որ պետք է ստեղծվի անկախ քրդական պետություն, մեկ էլ` որ դեռ շուտ է դրա համար: Ռուսաստանի պարագայում նույնպես հնչել են տարբեր կարծիքներ տարբեր մակարդակներով: Որոշների պնդմամբ չպետք է խախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը, որոշներն էլ կողմ են արտահայտվել անկախ քրդական պետության ստեղծմանը:

Նման իրավիճակում շատ բարդ է ասել, որ այսօր կամ վաղը կստեղծվի անկախ քրդական պետություն: Թշնամի պետությունները քրդերի մեջ տարաձայնություններ են մտցնում, քարոզչություն են իրականացնում, որ չմասնակցեն հանրաքվեին: Ամեն ինչ անում են, որ այդ հանրաքվեն չեղյալ հայտարարվի: Միևնույն ժամանակ, եթե իրաքյան քրդերը միակամ լինեն և քվեարկեն, ապա, կարծում եմ, անկախ քրդական պետության ստեղծումը հնարավոր կլինի:

Տեղյա՞կ եք արդյոք` Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը աջակցության համար դիմե՞լ է այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում գտնվող քրդական համայնքին:  

- Իրաքյան Քրդստանի ղեկավարների համար այսօր կարևոր է բոլոր տեղերի քրդերի, քրդական համայնքների կարծիքը, նրանց որևէ կերպ աջակցությունն ու մասնակցությունը:

Մեզ համար շատ կարևոր է նաև, իհարկե, մեր պետության՝ Հայաստանի մոտեցումը: Այն փաստը, որ Հայաստանն Իրաքյան Քրդստանում ունի իր գլխավոր հյուպատոսությունը, նույնպես վերաբերմունքի դրսևորում է:

Ես չեմ կասկածում, որ հայ ժողովուրդը ցանկանում է, որ ստեղծվի Իրաքյան Քրդստանի անկախ պետություն: Ես սա բացատրում եմ այն բարեկամությամբ, որ գոյություն ունի մեր երկու ժողովուրդների միջև: Օրինակները բազմաթիվ են: Նույն Իրաքի համատեքստում այն օրերին, երբ տապալվում էր Սադդամ Հուսեյնի իշխանությունը, ահաբեկչությունը Բաղդադում լայն տարածում ուներ, այնտեղի հայերը փախան Իրաքյան Քրդստան, որտեղ ղեկավարությունը և ժողովուրդը հայերին ապահովեցին ամեն ինչով: Իրաքյան Քրդստանում այսօր 4,000-ից ավելի հայեր կան և մի հայ էլ ընտրվեց որպես քրդական Մեջլիսի պատգամավոր, ով երկու ամիս առաջ Հայաստանում էր, և ես, իհարկե, բաց չթողեցի առիթը նրան հանդիպելու: Ինքս էլ հպարտ եմ, որ ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր:

Արդյո՞ք Հայաստանում քրդական համայնքը պատրաստվում է որևէ ձևաչափով մասնակցություն ունենալ այդ հանրաքվեի անցկացման գործընթացին:

- Մենք բարոյական աջակցություն ենք ցուցաբերում: Մենք կապի մեջ ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող քրդական կազմակերպությունների հետ, և բոլորս կոչ ենք անում իրաքյան քրդերին միավորվել: Այսօր Իրաքյան Քրդստանում կան կուսակցություններ, որոնք միմյանց դեմ են, կան մի քանի կուսակցություններ, որոնք չեն ցանկանում մասնակցել այս հանրաքվեին:

Մենք սրտանց ցանկանում ենք, որ այդ հանրաքվեն անցկացվի, որ ստեղծվի անկախ պետություն, մենք էլ զգանք, որ ունենք պետություն՝ անկախ նրանից այնտեղ կապրենք, թե ոչ:     


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: