ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարսելոնա - Մադրիդ. հանրաքվեի շեմին

Sabemos Digital

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մազան հայտարարել է, որ հնարավոր է համարում անկախության մասին հանրաքվե անցկացնելու մտադրության պատճառով Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնի ձերբակալությունը: Նրա խոսքով, «նման որոշում կարող է կայացվել, սակայն տվյալ պահին դրա կարիքը չկա», հայտնում է RFI-ը:

Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեն նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 1-ին՝ չնայած Իսպանիայի վարչապետի ուղղակի արգելքին և Սահմանադրական դատարանի կողմից այն ոչ օրինական ճանաչելուն: Իսպանական իշխանությունների գործողությունները բողոքի ալիք են բարձրացրել Կատալոնիայում, քանի որ հանրաքվեի ացկացմանը կողմ է կատալոնացիների մոտ 80%-ը:  Միևնույն ժամանակ, ըստ նախնական հարցումների, տեղի բնակիչների միայն 41%-ն է կողմ Իսպանիայից առանձնանալուն, իսկ 49%-ը դեմ է: Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն արդեն իսկ կոչ է արել կատալոնացիներին դուրս գալ փողոցներ և պայքարել սեփական իրավուքների համար: Անկախությանը «կողմ» և «դեմ» հանդես եկողների զանգվածային ցույցերն արդեն դուրս են գալիս ինքնավարության սահմաններից:

Այս ֆոնին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: «Ուզում եմ ասել հանգիստ և հստակ. ոչ մի հանրաքվե տեղի չի ունենա», - ասել է նա, գրում է BBC-ն

Նշենք, որ Իսպանիայի կազմից դուրս գալու դեպքում Կատալոնիան խնդիրներ կունենա ոչ միայն Մադրիդի հետ, այլ նաև ԵՄ-ի: Բրյուսելում հայտնել են, որ եթե կատալոնացիները հոկտմբերի 1-ին «կողմ» քվեարկեն Իսպանիայից անկախանալուն, նրանք ստիպված կլինեն դուրս գալ Եվրամիության կազմից ևս:

Սկսած 2004 թվականից Եվրամիությունում գործում է այսպես կոչված Բարոզոի դոկտրինը, որը ենթադրում է, որ ԵՄ անդամ հանդիսացող որևէ երկրից առանձնանալու արդյունքում ձևավորված ցանկացած նոր պետություն չի կարող մեխանիկորեն դառնալ ԵՄ անդամ: Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այն ժամանակ նման նախաձեռնությամբ հանդես էր գալիս ԵՄ մի շարք շրջաններում «անջատողականներին» լռեցնելու համար, որոնցից էին, օրինակ, բելգիական Ֆլանդրիան, Հյուսիսային Իռլանդիան, Բասկերի երկիրն Իսպանիայում և Ֆրանսիայում, Շոտլանդիան, ինչպես նաև Կատալոնիան:   

Այսօր Եվրահանձնաժողովում այդ դոկտրինը կրկնում են գրեթե ամեն օր: Եվ եթե նույնիսկ Կատալոնիան անկախանալուց հետո որոշի դիմել ԵՄ անդամ դառնալու համար, Իսպանիան դրան միանշանակ կխանգարի՝ կիրառելով վետո: Իսկ ԵՄ անդամ դառնալու համար, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Ինչևէ, Կատալոնիայի իշխանությունները համոզված են, որ Պիրենեյան թերակղզու հյուսիսում բնակվող 7,5 միլիոն կատալոնացիները հանրաքվեի արդյունքում կկարողանան դուրս գալ Իսպանիայի կազմից՝ միևնույն ժամանակ մնալով ԵՄ քաղաքացի:

Կատալոնիայի հանրաքվեին չեն միջամտում ԱՄՆ-ն և ՌԴ-ն: Երկու երկրներն էլ արդեն իսկ հայտարարել են, որ Կատալոնիայի անկախության մասին հնարավոր հանրաքվեն Իսպանիայի ներքին գործն է, և իրենք չեն պատրաստվում միջամտել դրան:

Ինչպես հայտնի է, Կատալոնիան առաջին տարին չէ, որ փորձում է առանձնանալ Իսպանիայից: 2006 թվականին Կատալոնիայի և Իսպանիայի իշխանությունները ստորագրեցին պայմանագիր, որն էական վարչական և ֆինանսական անկախություն էր տալիս շրջանին: Սակայն 2010 թվականին Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այդ պայմանագրի որոշ կետեր՝ դրանով իսկ առաջացնելով կատալոնացիների դժգոհությունը:

Անկախության մասին ոչ պաշտոնական հանրաքվեներ արդեն իսկ անց են կացվել 2009 և 2011 թվականներին: Իսկ 2014 թվականի հանրաքվեի փորձը կասեցվեց Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից: Փոխարենը Կատալոնիայում անցկացվեն «քաղաքացիական հարցում», որի ընթացքում քվեարկողների մոտ 81%-ը կողմ արտահայտվեցին Իսպանիայից առանձնանալուն:   Ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց անցումային շրջանի մասին օրենք, որը, անկախության կողմնակիցների կարծիքով, պետք է իրավական հիմք ստեղծեր Իսպանիայից առանձնանալու համար: Հենց այդ ժամանակ էլ Կատալոնիայի վարչապետն ստորագրեց հանրաքվեի անցկացման մասին օրենքը՝ հայտարարելով, որ նոր հանրաքվե անցկացնելու մասին որոշումը կայացվել է միակողմանի Մադրիդի հետ համաձայնության գալու անհաջող փորձերից հետո: Անմիջապես հաջորդ օրն Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրեց հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները:

Անկախության կողմնակիցները պնդում են, որ Մադրիդը բավարար հարգանք չի դրսևորում կատալոնացիների լեզվի և մշակույթի նկատմամբ: Սկսած XV դարից՝ Կատալոնիան հանդիսանում է Իսպանիայի կարևոր մաս, սակայն անկախության կողմնակիցները կարծում են, որ շրջանը մշտապես տուժում է այն «ավելի իսպանական» դարձնելու Մադրիդի փորձերից: Բացի այդ, նրանց խոսքով, Կատալոնիան պետական բյուջե վճարում է ավելի շատ գումար, քան ստանում է շրջանի զարգացման համար:

Ինչևէ, անհերքելի փաստ է, որ կատալոնացիները չեն պատրաստվում հետ կանգնել հանրաքվե անցկացելու իրենց որոշումից: Հանրաքվեի դրական արդյունքների դեպքում Կատալոնիայի իշխանությունները խոստանում են անմիջապես սկսել Իսպանիայի կազմից դուրս գալու գործընթացը, նույնիսկ եթե դա լինի միակողմանի:  Անկախ այդ հանրաքվեի արդյունքներից՝ Մադրիդի ներկայիս դիրքորոշումն ու կոշտ քաղաքականությունն ավելի են սրում անկախության ձգտող շրջանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: