ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նախընտրական կրքերը Ղրղըզստանի և Ղազախստանի միջև ճգնաժամի պատճառ են դարձել

Հոկտեմբերի 15-ին Ղրղզստանում կկայանան նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, որոնցից միայն երկուսն ունեն իրական շանս դառնալու նախագահ՝ նախկին վարչապետ Սոորոնբայ Ժէէնբելովը և ընդդիմության թեկնածու Օմուրբեկ Բաբանովը: Նրանց միջև ընթանում է բավականին թեժ պայքար, ինչն ազդում է նաև Ղազախստանի և Ղրղըզստանի հարաբերությունների վրա:

Բաբանովն, ով սոցհարցումների համաձայն ընտրապայքարի առաջատարն է, շաբաթներ առաջ հանդիպում է ունեցել Ղազախստանի իշխանությունների, այդ թվում`  նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Սա բավականին վատ ընկալվեց Բիշքեքում. գործող նախագահ Ալմազմեկ Աթամբաևն, ով աջակցում է Ժէէնբելովին և նրա ընտրվելու դեպքում, ըստ վերլուծաբանների, պատրաստվում է դառնալ երկրի վարչապետ, այս կապակցությամբ բավականին կոշտ քննադատության ենթարկեց Աստանային՝ վերջինիս մեղադրելով Ղրղըզստանի ներքին գործերին միջամտելու մեջ: Բնականաբար, Ղազախստանի և Նազարբաևի հասցեին հնչող քննդատությունները չէին կարող առանց արձագանք մնալ Աստանայում, և արդյունքում երկու երկրների միջև իսկական դիվանագիտական պատերազմ է սկսվել: Ղրղզստանի նախագահը նույնիսկ չեղարկել է իր մասնակցությունը հոկտեմբերի 10-11-ը Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին Նազարբաևի հետ չհանդիպելու համար:

Աթամբաևի բավականին ցածր վարկանիշի պայմաններում ակնկալել, որ ղրղզների մեծամասնությունը կընտրի վերջինիս քաղաքական գիծը շարունակելու հակված Ժէէնբելովին, չարժե, ուստի գործող նախագահը, Բաբանովին որպես Ղազախստանի դրածո ներկայացնելով, ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում նրան հանել մրցապայքարից, և այդ կերպ ապահովել իր թեկնածուի հաղթանակը: Սակայն որքանո՞վ է արդարացված ներքաղաքական խնդիրներ լուծելու համար հարևան երկրի հետ հարաբերություններում լարվածություն առաջացնելու Աթամբաևի այս քաղաքականությունը:

Թեև Աստանան կտրականապես հերքում է հարևան երկրի ներքին գործերին միջամտելու Աթամբաևի մեղադրանքները, սակայն պետք է նկատել, որ վերջինիս հայտարարությունները բնավ անհիմն չեն: Վերջին երկու տարիների ընթացքում սա արդեն չորրորդ դեպքն է, երբ Ղրղզստանի նախագահը մեղադրանքներ և քննադատություններ է հնչեցնում Ղազախստանի հասցեին, և նախորդներն ակնհայտորեն կապված չեն ընտրությունների հետ: Ղազախստանը՝ որպես Կենտրոնական Ասիայի ամենուժեղ երկիր, փորձում է իր գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում, և այս առումով հարևան Ղրղզստանը, որը դեռ խորհրդային ժամանակներից ընկալվում է, որ Ղազախստանի «փոքր եղբայր», թերևս ամենաշատն է հետաքրքրում Աստանային: Ղազախ փորձագիտական որոշ շրջանակներ անգամ հայտարարում են, որ բնական ռեսուրսներ չունեցող Ղրղզստանը պետք է որպես ինքնավարություն միանա Ղազախստանին, հակառակ դեպքում՝ Ղրղզստանը կարող է դառնալ Չինաստանի անկլավ (վերջինս Ղրղզստանում տնտեսական լուրջ հետաքրքրություններ ունի և սկսել է խոշոր հողատարածքներ գնել սահմանային շրջաններում): Ղազախստանի նման վերաբերմունքը, բնականաբար, դուր չի գալիս Բիշքեքին, որը վերջին տարիների սկսել է բարձրաձայնել իր դժգոհությունը: Աթամբաևի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ վերջին շրջանում Աստանան ակտիվացրել է իր ջանքերը Ղրղզստանում իր ազդեցության ամրապնդման ուղղությամբ՝ այդ թվում նաև ընտրություններում իրական աջակցություն ցուցաբերելով ընդդիմադիր թեկնածուին:

Ղազախստանին ուղղված Աթամբայի քննադատությունները նման պայմաններում կարող է որոշակի դիվիդենտներ բերել Ժէէնբելովին, ինչպես նաև Աստանային հետ պահել հարևան երկրում իր ազդեցությունն ամրապնդելու բացահայտ գործողություններից: Իսկ ինչ վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս լարվածությանը, պետք է նշել, որ իրական լարվածություն երկու երկրների միջև չկա և ընտրություններից հետո Աստանան և Բիշքեքը շարունակելու են համագործակցել նախկինի պես, եթե նույնիսկ ընտրվի անցանկալի համարվող Ժէէնբելովը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: