ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիա. տարածքային ամբողջականության սկզբունքը չպետք է կիրառվի ժողովուրդների ինքնորոշման շրջանում

Газета.ru

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ինքնավարությունում արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու: Նման որոշումը նա մեկնաբանել է այն հանգամանքով, որ Իսպանիայի կառավարությունից չի ստացել բավարար երաշխիքներ, որ այդ քայլը կկանխի Կատալոնիայում Մադրիդի ուղղակի կառավարման անցումը: BBC-ի հաղորդմամբ, Պուչդեմոնը մասնավորապես ասել է. «Ես պատրաստ էի ընտրություններ հայտարարել, եթե երաշխիքներ լինեին: Այսօր չկան երաշխիքներ, որոնք կարդարացնեին արտահերթ ընտրությունների անցկացումը»: Պուչդեմոնը հավելել է, որ այժմ Կատալոնիայի խորհրդարանն է որոշելու Իսպանիայից անկախանալու հարցը, համաձայն մանդատի, որն ստացել է անկախության մասին հանրաքվեի արդյունքում:  

Պուչդեմոնի հայտարարությունը կապված էր նրա հետ, որ ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության մասին հանրաքվեից հետո «օրենքը վերականգնելու» նպատակով Մադրիդը գործողության մեջ է մտցնում 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս ազգային կառավարությանը ճգնաժամի դեպքում ուղղակի կառավարում հաստատել Իսպանիայի ինքնավար շրջաններում: Նշենք, որ այդ հոդվածը մինչ օրս երբևէ չի կիրառվել:

Մադրիդի և կատալոնացիների միջև հակամարտությունը սրվեց, երբ ինքնավար շրջանը սեփական նախաձեռնությամբ կազմակերպեց անկախության մասին հանրաքվե: Պաշտոնական Մադրիդը հայտարարեց, որ հանրաքվեն չունի օրինական ուժ և խախտում է սահմանադրությունը: Հանրաքվեի ընթացքում իսպանական ոստիկանությունը և ազգային գվարդիան իրենց դրսևորեցին ոչ այնքան լավ կողմից՝ անզեն ակտիվիստների դեմ կիրառելով ռետինե մահակներ և արցունքաբեր գազ:

Հարկ է նշել, որ անկախության կողմնակիցները Կատալոնիայի ղեկավար Պուչդեմոնից բավական կտրուկ քայլեր էին սպասում Մադրիդի հետ հարաբերություններում և անկախություն հռչակելու հարցում: Ինքնավարության ղեկավարությունն սկզբնական շրջանում մարտական էր տրամադրված: Կատալոնիայի փոխվարչապետ Օրիոլ Ժունկերոսը հայտարարել էր, որ կատալոնացիները պաշտպանելու են իրենց քաղաքացիական իրավունքները, քանի որ Իսպանիայի կառավարությունն այլ տարբերակներ չի թողել: Հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի իշխանություններն ստորագրեցին անկախության մասին հռչակագիր, սակայն դրա կյանքի կոչվելը կասեցվեց կառավարության ղեկավար Պուչդեմոնի կողմից, ով որոշեց փոխզիջում գտնել կենտրոնական իշխանությունների հետ՝ խուսափելով բռնության սրումից:

Միևնույն ժամանակ, Մադրիդի սենատում հայտարարել են, որ վերջին ժամանակներս Կատալոնիայում տեղի ունեցողը անկիրթ կառավարման օրինակ է, գրում է РИА Новости-ն: «Կատալոնիայում իշխանությունները չեն ենթարկվում օրենքին և արգելում են խոսել նրանց, ովքեր իրենց պես չեն մտածում: Նրանք կորցրել են քաղաքացիների հարգանքը», - հայտարարել են սենատում:

Հիշեցնենք, որ նախքան իր ելույթը Պուչդեմոնը սուր քննադատության էր արժանացել իր ծայրահեղական կողմնակիցներից, ովքեր, փաստորեն իրավացիորեն, համարում էին, որ, չնայած բոլոր խոստումներին, Պուչդեմոնը չի համարձակվի անկախություն հռչակել: Բացի այդ, անկախությանը կողմ հանդես եկող հազարավոր ուսանողներ և ակտիվիստներ ցույցեր էին կազմակերպել Կատալոնիայի կառավարության շենքի մոտ՝ վանկարկելով «Անկախություն»: Ցուցարարներից մեկի ձեռքի կարգախոսը հետևյալն էր. «Պուչդեմոնը դավաճան է»: Պուչդեմոնի դավաճան լինել-չլինելու հարցը թերևս մենք չենք որոշողը, սակայն մի բան ակնհայտ է. Պուչդեմոնը չի կողմնորոշվում ինչպես գործել և փորձում է ժամանակ շահել: Սակայն դեռևս նրան չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ ո՛չ Մադրիդի, ո՛չ կատալոնացիների հետ:

Նշենք, որ ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը կոչ է արել Մադրիդին բանակցություններ սկսել Կատալոնիայի իշխանությունների հետ, քանի որ կատալոնական ինքնավարության սահմանափակումը խախտում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փորձագետն ընդգծել է, որ կատալոնացիների իրավունքների սահմանափակումն իրենից ներկայացնում է «հետընթաց մարդու իրավունքների ոլորտում»: Զայասը հիշեցրել է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի մասին խոսում է Մադրիդը, կարևոր գործոն է, սակայն այն տարածվում է արտաքին սպառնալիքների վրա և չպետք է կիրառվի ժողովուրդների ինքնորոշման շրջանում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, օրինակ, աջակցում է իսպանիայի տարածքային ամբողջականությունը և տեղի ունեցողը համարում է այդ երկրի ներքին խնդիր: Եվրոպան ևս իրեն հեռու է պահում Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձություներից: Ինչևէ, Բրյուսելում նախազգուշացրել են, որ եթե Կատալոնիան այնուամենայնիվ դուրս գա Իսպանիայի կազմից, ԵՄ-ին նրա ինքնուրույն անդամակցումը շատ դժվար կլինի:   

Չի բացառվում, որ տվյալ պահին հակամարտությունը ունի միայն մեկ լուծում: Այդ լուծումը կարող է լինել Սահմանադրության բարեփոխումը, որն ավելի մեծ իքնավարություն կտա Կատալոնիային՝ միևնույն ժամանակ թույլ տալով շրջանում անցկացնել ընտրություններ, որոնք կճանաչեին ինչպես կատալոնացիները, այնպես էլ Մադրիդը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: