ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Գահերի խաղը». ինչո՞ւ է Սաուդյան Արաբիան սրում տարածաշրջանային իրավիճակը

Reuters

Սաուդյան Արաբիայում օրերս 40 բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ 11 արքայազնի, 4 գործող նախարարի ձերբակալությունը խոսում է աս-Սաուդների թագավորական տանն առկա խնդիրների մասին, որոնք ավելի սրվեցին, երբ իշխող թագավորը՝ 81-ամյա Սալմանը, խախտելով թագավորական ընտանիքում գործող ավանդույթը, թագաժառանգ նշանակեց իր կրտսեր որդուն՝ 31-ամյա Մուհամմադ բեն Սալմանին: Նշենք, որ Սաուդյան Արաբիայում մինչ այժմ թագը ժառանգել են թագավորության հիմնադիր Աբդուլ Ազիզ աս-Սաուդի որդիները (45), այսինքն` գահն ոչ թե հորից անցնում էր որդուն, այլ եղբորից՝ եղբորը:

Սալմանը սկզբում այս ավանդույթը խախտեց՝ իր եղբորը զրկելով գահը ժառանգելու իրավունքից, այնուհետև թագաժառանգ արքայազնի կոչումից զրկեց նաև իր ավագ զարմիկին՝ այդ կոչումը շնորհելով իր կրտսեր որդուն: Սա, բնականաբար, թագավորական ընտանիքում, որտեղ հաշվվում է 5-6 հազար արքայազն, որոշակի լարվածություն առաջացրեց. թագավոր փաստորեն կարող է դառնալ ցանկացած ոք, այլևս պարտադիր չէ լինել ավագը:

Նման պայմաններում Մուհամմադ բեն Սալմանը «ստիպված» է հնարավորինս չեզոքացնել իր իշխանության համար առկա սպառնալիքները: Այս նպատակով սկզբնական շրջանում կիրառվում էր արքայազներին՝ առանց որևէ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու տնային կալանքի տակ պահելու պրակտիկան: Այժմ արքայազնը, կարծես թե, անցել է ավելի խիստ գործելաոճի՝ միևնույն ժամանակ  իր գործողությունների համար աշխարհին և սաուդական հասարակության համար միանգամայն ընդունելի պատճառաբանությամբ՝ կոռուպցիայի մեղադրանքներ (այդ մեղադրանքների արդարացիություն չի բացառվում):

Նշենք, որ սաուդյան արքայական ընտանիքի մի շարք անդամներ թագաժառանգի նկատմամբ բասացական են տրամադրված ոչ միայն թագաժառանգության ավանդույթների խախտման, այլ նաև նրա վարած քաղաքականության (հատկապես՝ ներքին) պատճառով: Այսպես, 31-ամյա արքայազնը թագավորությունում սկսել է արդիականացման գործընթաց (Saudi Vision 2030), որը վերաբերում է ոչ միայն երկրի տնտեսությանը, այլ նաև արժեհամակարգին: Մուհամմադ բեն Սալմանն արդեն հայտարարել, որ թագավորությունը հնարավորինս արագ պետք է վերադառնա չափավոր իսլամին: Թերևս նրա գործոնով է պայմանավորված, որ Սաուդյան Արաբիայում վերջապես կանանց թույլատրվեց մեքենա վարել, ինչպես նաև կանայք իրավունք ստացան մարզական միջոցառումներին մասնակցելու համար մարզադաշտ գնալ: Նման բարեփոխումներն ընդհանրապես դուր չեն գալիս հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ևս փորձում են ընդդիմություն ձևավորել արքայազնի դեմ:

Իր իշխանության համար հնարավոր սպառնալիքները հաղթահարելու համար՝ Մուհամմադ բեն Սալմանն օգտագործում է նաև արտաքին քաղաքականությունը: Նշենք, որ արքայազների ձերբակալության օրը սաուդյան մայրաքաղաքի օդանավակայանի մոտ Եմենի ապստամբների արձակած բալիստիկ հրթիռի պատճառով պայթյուն որոտաց, ինչն էր-Ռիադն օգտագործեց՝ իր թշնամի Իրանի նկատմամբ հռետորաբանությունը խստացնելու համար: Սա որոշակիորեն շեղեց սաուդյան հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից: Եվ սա միակ զուգադիպությունը չէ:  Իրանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Կատարի շուրջ առաջացած ճգնաժամը համընկավ սաուդյան թագավորի կողմից թագաժառանգ արքայազնին կոչումից զրկելու և Մուհամմադ բեն Սալմանին այդ պաշտոնում նշանակելու հետ, ինչը, կարծում ենք, ևս պատահականություն չէ:

Այսպիսով, կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիան այսօր կանգնած է իր հիմնադրման օրվանից՝ 1932 թվականից ի վեր, ամենամեծ փոփոխությունների շեմին, ինչը որոշակի ազդեցություն է ունենում նաև տարածաշրջանային իրավիճակի վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: