ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին

president.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին, հայտնում ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը: 

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

ԱԶԲ փոխնախագահը հանդիպման սկզբում ջերմությամբ է հիշել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումը և իր հերթին գոհունակությամբ փաստել, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը նկատելի առաջընթաց է արձանագրել: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարևոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:

ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկն այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ համատեքստում Վենկայ Ժանգը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում և դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր: ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում: 

Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը: Հանրապետության Նախագահի կարծիքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետևողական շարունակումը կարևորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման և այլն: 

ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարևորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: