ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանը կոչ է անում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել Հայաստանի հետ

news.am

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության կառավարությանն ու արտաքին գործերի նախարարությանը երկխոսություն սկսել Հայաստանի հետ՝ վիզաների ազատականացման շուրջ, փոխանցում է news.am գործակալությունը:

Խորհրդարանի լիագումար նիստում նախօրեին ընդունված բանաձևն արձանագրում է՝ երկու տարի առաջ Ռիգայում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո էական առաջընթաց է արձանագրվել. «Հայաստանի հետ բանակցությունները խորը և համապարփակ գործընկերության պայմանագրի շուրջ ավարտվել են, ինչը հաջող օրինակ է, թե ինչպես կարող են Եվրասիական միությանն անդամակցությունը և մասնակցությունը Եվրամիության հարևանության ծրագրերին համատեղվել»: «Հաշվի առնելով այդ առաջընթացը՝ եվրոպացի պատգամավորները հորդորում են Հայաստանի հետ ևս առանց վիզաների ռեժիմ սահմանել, ինչն արդեն արվել է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ, սակայն վերջնական որոշումը պետք է անդամ երկրներն ու Եվրահանձնաժողովը կայացնեն», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի՝ Բրյուսելում աշխատող թղթակից Ռիկարդ Յոզվյակը:

«Եվրախորհրդարանը Եվրամիության թերևս առավել առաջադիմական կառույցներից է, որը փորձում է ինչ-որ գաղափարներ առաջ տանել: Նրանք ակնհայտորեն ուզում են Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիր սկսել, ինչը բավական ընդարձակ պլան է․ այնտեղ բազմաթիվ կանոններ ու բարեփոխումներ կան, որոնք իրագործելու համար, օրինակ, Վրաստանից պահանջվեց երկու տարի, Ուկրաինայից՝ երկուսուկես: Եվրամիության խորհուրդը, Եվրահանձնաժողովը, անդամ երկրները քննարկում են հարցը, սակայն չեմ կարծում, որ առաջիկա՝ բրյուսելյան գագաթնաժողովում արդեն նրանք Հայաստանին նման արտոնություն կտրամադրեն», - նշում է Բրյուսելում «Ազատության» թղթակիցը:

Է՛լ առավել հավակնոտ ու խոստումնալից են եվրոպացի պատգամավորների առաջարկները Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ: Բարձր գնահատելով այդ երկրների առաջընթացը ժողովրդավարության ու շուկայի ազատականացման ուղղությամբ, եվրոպացի օրենսդիրները կոչ են անում իրենց առաջնորդներին հստակ ազդանշան տալ՝ Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան ևս մի օր կարող են Եվրամիության լիիրավ անդամ դառնալ:

«Մենք առաջարկում ենք այդ երկրների համար նոր՝ EP+ ձևաչափ սահմանել և դրա շրջանակներում ստեղծել եվրոպական ներդրումների հիմնադրամ ու հավելյալ ֆինանսական աջակցության մեխանիզմներ: Եվ երբ կգա ժամանակը, երբ այդ երկրները կանեն իրենց տնային առաջադրանքն ու պահանջվող բարեփոխումները, պետք է դիտարկվի նաև Եվրամիությանը նրանց հնարավոր անդամակցության հարցը», - հայտարարեց բանաձևի համահեղինակ, լիտվացի պատգամավոր Լայմա Անդրիկիենեն:

Խոստանալով լայնարձակ քաղաքական ու ֆինանսական հնարավորություններ, Եվրախորհրդարանը միաժամանակ ընդգծում է՝ Բրյուսելը պետք է հստակ սահմաններ դնի և դադարեցնի համագործակցությունն ու աջակցությունը այն երկրներին, որոնք չեն հարգում եվրոպական արժեքներն ու մարդու իրավունքները:

«Քանի որ մեր միջոցները սահմանափակ են, մենք պետք է գործի դնենք ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքը, կենտրոնացնելով ուշադրությունն առավելապես այն երկրների վրա, որոնք էական առաջընթաց են արձանագրում իրենց եվրոպական բարեփոխումների ճանապարհին», - հայտարարում էին բանաձևի հեղինակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: