ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի արտաքին քաղաքականությունը 2017 թվականին

Телеграф

2017թ-ին Վրաստանի արտաքին քաղաքականությունն աչքի ընկավ մեծ ակտիվությամբ՝ տարբեր ուղղություններում արձանագրելով որոշակի ձեռքբերումներ:

Տարվա ընթացքում Վրաստանի արտաքին քաղաքականության ամենագլխավոր ձեռքբերումը կարելի է համարել ԵՄ կողմից վիզային ռեժիմի ազատականացումը: Որոշումն ուժի մեջ մտավ մարտի 28-ին՝ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն տալով առանց վիզայի 90 օր գտնվել Շենգեն գոտու տարածքում: Վիզային ռեժիմի ազատականացումը Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի թերևս կարևոր հանգրվաններից մեկը դարձավ: Սակայն, ինչպես և կանխատեսում էին որոշ փորձագետներ, վիզային ռեժիմի չեղարկումը ստեղծեց նաև անօրինական միգրանցիայի հնարավորություններ: Ըստ Վրաստանի ԱԳՆ տվյալների՝ մոտ 6 ամսվա ընթացքում առանց վիզային ռեժիմից օգտված Վրաստանի 165 059 քաղաքացուց 10 330-ը խախտել է ռեժիմի պայմանները: Անօրինական միգրացիայի հոսքերը կանխելու համար Եվրամիությունը Վրաստանի քաղաքացիների համար սահմանեց «նախնական թույլտվության» պայմանը: «Նախնական թույլտվություն» ստանալու համար՝ քաղաքացին պետք է հատուկ դիմում լրացնի «Ճանապարհորդի թույլտվության եվրոպական համակարգի» էջում, որին կցվում են տեղեկանքներ աշխատանքի վայրից, եկամուտների վերաբերյալ: Բացի այդ սահմանվում է վճար 10 եվրոի չափով: Չնայած նոր կարգավորումները հարուցեցին որոշակի դժգոհություն վրացական հանրության շրջանում, այնուամենայնիվ դրա ընդունման անհրաժեշտությունը, կարծես, գիտակցում են բոլոր կողմերը:

Բացի այդ 2017թ ապրիլին Վրաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրոպական էներգետիկ միությանը միանալու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները սկսվել էին դեռ 2014 թվականին:

Տարին բավական ակտիվ էր նաև ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության տեսանկյունից: Նախ ոոշում կայացվեց, որ ևս մեկ ջոկատ կմիանա ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերին: Բացի այդ, Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ կազմակեպվեցին մի շարք զորաարժություններ: Դրանցից կարելի է առանձնացնել  ամռանը կայացած «Արժանի գործընկեր-2017» զորավարժությունը՝ 8 երկրի մասնակցությամբ: Հայաստանից զորավարժություններին մասնակցել է 40 զինվորական: Վրաստանի և ԱՄՆ կողմից կազմակերպված մեկ այլ մեծամասշտաբ զորավարժություն՝ Agile Spirit – 2017-ը տեղի ունեցավ սեպտեմբերին, որին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Բուլղարիայի, Լատվիայի, Ռումինիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Նախապես ծրագրվում էր, որ զորավարժություններին պետք է մասնակցի նաև Հայաստանը (1 զինվորականով), սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Ադրբեջանի մասնակցության հաստատումից հետո, հայկական կողմը չեղարկեց իր մասնակցությունը:

ԱՄՆ հետ փոխգործակցությունը նշանավորվեց նաև երկկողմ փոխայցելություններով, որոնցից թերևս կարելի է առանձնացնել նախագահ Մարգվելաշվիլիի այցը Վաշինգտոն, որտեղ երկկողմ հարաբերությունները քննարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Վրաստանին հաջողվեց նաև ամերիկյան կողմի հետ սերտ աշխատանքի արդյունքում ԱՄՆ Պետդեպը նոյեմբերին որոշում կայացրեց Վրաստանին վաճառել 75 մլն դոլար արժողությամբ հակատանկային «Javelin» համակարգեր: Որոշումն առաջին հերթին ունի բավական մեծ քաղաքական կարևորություն, և եթե գործարքը կյանքի կոչվի, այն կդառնա աննախադեպ՝ տարածաշրջանի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունների համատեքստում:

Վրաստանի արտաքին քաղաքականության 2017թ. ձեռքբերումերից կարելի է համարել մայիսին Չինաստանի հետ Ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը: Շուրջ վեց ամսվա ընթացքում պատրաստված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2018թ-ի սկզբին, ինչի շնորհիվ Չինաստանից Վրաստան արտահանվող արտադրանքի 96.5%-ը և Վրաստանից Չինաստան արտահանվող ապրանքների 90.9%-ը կազատվի մաքսատուրքերից:

Տարվա ընթացքում բավական ակտիվ էր նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը: Հունիսին կայացավ եռակողմ ձևաչափով կազմակերպված «Կովկասյան արծիվ 2017» զորավարժությունը՝ ուղղված երեք երկրների զինված ուժերի կողմից համատեղ հատուկ գործողությունների իրականացման հնարավորությունների զարգացմանը:

Սեպտեմբերին Բաքվում կայացած հանդիպման շրջանակներում երեք երկրների արտգործնախարարները ստորագրեցին Եռակողմ ոլորտային համագործակցության գործողությունների ծրագիրը 2017-2019թթ ընկած ժամանակահատվածի համար»:

Բացի այդ, եռակողմ ձևաչափով  մայիսին Բաթումիում հանդիպեցին երեք երկրների պաշտպանության նախարարները՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով նաև համատեղ զորավարժությունների և տարածաշրջանային տնտեսական նախագծերի անվտանգության առնչվող հարցեր: Իսկ արդեն հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ հանդիպեցին երեք երկրների Գլխավոր շտաբերի պետերը: Հանդիպման շրջանակներում նրանք քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը և կարծիքներ եյն փոխանակվել եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման վերաբերյալ:

Եռակողմ համագործակցության թերևս ամենակարևոր ձեռքբերումը հոկտեմբերի վերջին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում շահագործումն էր: Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարեկան կփոխադրի 17 միլիոն տոննա բեռ և մինչև մեկ միլիոն ուղևոր։ Երկաթգծի կառուցմանը մասնակից երեք երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչությամբ աշխարհի ավելի քան 60 երկիր միավորող «Մետաքսե ճանապարհի» կարևոր բաղադրիչ է։

Բազմակողմ համաձործակցության ձևաչափերից կարելի է առանձնացնել նաև մարտին կայացած ՎՈՒԱՄ գագաթաժողովը, որի շրջանակներում Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի ներկայացուցիչները ստորագրեցին երկու արձանագրություն՝ աշխատանքային մարմնի ստեղծման և անդամ երկրների միջև մաքսային վերահսկողության վերաբերյալ:

 Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա չնայած պահպանվող լարվածությանը, այնուամենայնիվ որոշակի դրական միտումներ ևս արձանագրվեցին: Տարեսկզբին «Գազպրոմ էքսպորտը» և վրացական կողմը պայմանավորվածություն ձեռք բերեցին դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման, ինչպես նաև տարանցման ֆինանսական վճարի վերաբերյալ։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռուսական կողմը երաշխավորում է դեպի Հայաստան Վրաստանի տարածքով գազի տեղափոխման վճարումը 2017-2018 թվականներին տարեկան 2-2,2 մլրդ խմ ծավալի չափով, ինչպես նաև դեպի Վրաստան գազի մատակարարումը ճկուն պայմաններով, 2016 թվականի համեմատ 1 հազար խմ-ի համար 30 դոլար պակաս: Գազպրոմի հետ գործարքը բավական լուրջ քննադատության արժանացավ ընդդիմադիր ուժերի կողմից:

Երկկողմ հարաբերություններում որոշակի լարվածություն ստեղծեցին Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղի ունեցող ընտրական գործընթացները, ռուս պաշտոնյաների այցելությունները Ցխինվալ և Սուխում, անցկացվող զորավարժությունները և այլն:

Տարեվերջին երկկողմ օրակարգում ակտիվացավ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011թ ստորագրված «Տրանսպորտային միջոցների մասին» համաձայնագրի կյանքի կոչման խնդիրը: Համաձայնագիրը նախատեսում է 3 տրանսպորտային միջանցքի ստեղծում, այդ թվում՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով,  որոնցով իրականացվող տարանցումը որևէ կերպ չի շոշափի նշված երկու սուբյեկտների կարգավիճակի խնդիրը: Ընդ որում, տարանցման վերահսկողությունն իրականացնելու է երրորդ կողմ, որը, կողմերի համաձայնությամբ, պետք է լինի շվեյցարական SGS ընկերությունը:

Հատկանշական է, որ 2017թ հուլիսին և հոկտեմբերին վրացական ընդդիմադիր Հայրենասերների դաշինք կուսակցության պատվիրակությունը, իսկ նոյեմբերին՝ Դեմոկրատական շարժում կուսակցության ղեկավար Նինո Բուրջանաձեն այցելեցին Մոսկվա՝ ունենալով մի շարք հանդիպումներ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց Վրաստանում:

Ամփոփելով կարող ենք նշել, որ Վրաստանի արտաքին քաղաքականության համար տարին ընդհանուր առմամբ հաջող էր՝ հստակ ամրագրված ձեռքբերումներով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: