ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցը ոչնչացնող պատմական փաստ է. Թաներ Աքչամ

Horizon Weekly

Թուրքիայի իշխանությունները պարտավոր են առերեսվել սեփական պատմության հետ, եթե ցանկանում են հիմնել ժողովրդավարական և մարդու իրավունքները հարգող համակարգ:

Առանց պատմության հետ առերեսման հասարակական խաղաղություն չի կարող հաստատվել և ժողովրդավարական համակարգ չի կարող հիմնվել: Այս մասին T24.com-ում հրապարակած նոր հոդվածում գրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամը, փոխանցում է Արցախպրեսը:

«Պատմությանն առերեսվելու պարտավորությունը և դրա դիմաց առկա արգելքները» խորագրով հոդվածում Աքչամն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայում ավտորիտար և բռնապետական ռեժիմ է, ոտնահարվում են մարդու ամենահիմնարար իրավունքներն ու ազատությունները, գլխավորապես՝ մտքի ազատությունը: «Հարյուրավոր մտավորականներ, գրողներ, լրագրողներ բանտարկված են, ժողովրդավարության ամենահիմնական կառույցներն ու օրենքները չեն գործում, դատական համակարգն ամբողջությամբ մեկ մարդու ազդեցության տակ է, օրենքի գերակայության սկզբունքը վերացվել է: Էթնիկ-կրոնական խնդիրները, մասնավորապես քրդական հարցը, ալևի, քրիստոնյա և հրեա փոքրամասնությունների հարցերը հիվանդագին վիճակում են»,- նշել է պատմաբանը:

Նա առանձնացրել է պատմությանն առերեսվելու չորս հիմնական պատճառ: «Առաջինը, եթե ցանկանում եք մարդու իրավունքները հարգող ժողովրդավարական ռեժիմ ունենալ, ապա ստիպված եք առերեսվել պատմության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ: Եթե անցյալի խախտումների հետ չկարողանաք առերեսվել, այսօր չեք կարողանա մարդու իրավունքները հարգող հասարակություն հիմնել: Ինչպես նայեք անցյալին, այնպես էլ կկառուցեք այսօրը: Եթե պատմության մեջ առկա խնդիրները քննարկեք՝ ասելով «Հայերը դավաճանել են», «Հույներն արժանի էինք», «Քրդերը իմպերիալիստների խաղն են խաղում», «Սրանք երկիրը բաժանել ցանկացող դավաճաններ են և մեր երկրի համար լուրջ վտանգ են ներկայացնում», ապա ներկայում էլ նման հարցերն այդ տեսանկյունից կընկալվեն: Ինչպես նախկինում խախտել եք ամենահիմնարար իրավունքները, այսօր էլ նույնը կանեք»,- նշել է Աքչամը:

Որպես երկրորդ պատճառ՝ պատմաբանն ընդգծել է, որ պատմության ընթացքում վատ և ցավալի հարաբերություններ ունեցող հասարակությունները կկարողանան համատեղ ապրել միայն մեկը մյուսի հետ խոսելու ճանապարհով: Երրորդը՝ անհրաժեշտ է անցյալում ոչնչացված մարդկանց մարդկային արժանապատվությունը, որը ոտնատակ է արվել, հետ վերադարձնել նրանց: Եվ վերջապես, որպես չորրորդ պատճառ Աքչամը նշել է՝ պատմության հետ առերեսումից հրաժարումը վատ հետևանքներ կարող է ունենալ: Առերեսումը հերքելը նշանակում է ունենալ նույն հանցանքը կրկնելու ներուժը:

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Աքչամը գրել է. «Մենք 1923 թվականին ազգ-պետություն հիմնեցինք և դրան համապատասխան ինքնություն ստեղծեցինք: Եվ այդ ինքնությունն այսօր վերածվել է մեր մտածելակերպը, զգացմունքները, այսինքն` հասարակության ամբողջ սոցիալ-մշակութային հարաբերությունները որոշող իրականության: Սակայն եթե մենք, օրինակ, սկսենք խոսել Հայոց ցեղասպանության մասին, կտեսնենք, թե ինչպես է այդ իրականությունը սկսում խարխլվել: Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի հասարակության ինքնության կառույցն ամբողջությամբ ոչնչացնող պատմական փաստ է: Այս պատճառով է, որ խուսափում ենք առերեսումից»:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 64%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: