ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր իրավիճակ ԵԽԽՎ-ում. որո՞նք են Հայաստանի հնարավորությունները և մարտահրավերները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանն ընթանում է նոր՝ փոփոխված պայմաններում, երբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ վերացնելու ԵԽԽՎ տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտի թողած բացասական հետքերը: 

Նստաշրջանի ամենակարևոր իրադարձություններից մեկը թերևս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում իտալացի Միկելե Նիկոլետտիի ընտրությունն էր: 2017 թվականի հոկտեմբերին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով հայտնվել էր կոռուպցիոն սկանդալների կիզակետում, երկարատև ձգձգումից հետո, աճող ճնշման արդյունքում ստիպված եղավ հրաժարական տալ: Ստեղծված աննախադեպ իրավիճակում աշնանային նստաշրջանը նախագահելու համար ժամանակավորապես ընտրվել էր Կիպրոսի պատվիրակության ղեկավար Ստելլա Կիրիակիդեսը:

Այժմ նորընտիր Միկելե Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի ժամկետով և ևս մեկ անգամ պաշտոնավարումը երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ էության, նա ԵԽԽՎ նախագահությունը ստանձնում է կառույցի համար բավական բարդ ժամանակահատվածում. բարդ թե՛ կառույցի կրած իմիջային հարվածի, թե՛ առանձին խորհրդարանականների նկատմամբ կոռուպցիոն սկանդալների ֆոնին:

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Նիկոլետտիին մինչև ընտրվելը բավական ակտիվ հանդես է եկել սկանդալային Պեդրո Ագրամունտի դեմ՝ պահանջելով նրա հեռացումը ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: Բացի այդ, իտալացի խորհրդարանականը ներգրավված է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի դեմ պայքարին և իր ներդրումն է ունեցել նաև ԵԽԽՎ ներկա ու նախկին անդամներին ուղղված կոռուպցիոն մեղադրանքներն ուսումնասիրող արտաքին, անկախ հետաքննական մարմնի ստեղծմանը:

Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում տեղի ունեցող այս փոփոխությունները և ստեղծված նոր իրավիճակը՝ կարելի է պնդել, որ Հայաստանի և մասնավորապես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության համար ստեղծում է թե՛ հնարավորություններ, թե՛ մարտահրավերներ:

Ըստ էության, Ադրբեջանի կողմից խավիարային դիվանագիտության միջոցով սեփական շահերն առաջ մղելուն ուղղված քաղաքականությունը միանշանակ չի ունենա նախկին հաջողությունը: Ադրբեջանական իշխանությունները, զրկվելով ԵԽԽՎ-ում իրենց ընկեր Ագրամունտի աջակցությունից, ինչպես նաև չկարողանալով այլևս սեփական շահերի ակտիվ լոբբինգ իրականացնել նավթադոլլարների միջոցով, ամենայն հավանականությամբ, կդիմեն ԵԽԽՎ-ում սեփական քաղաքականության վերանայման՝ փորձելով տարբեր երկրների խորհրդարանականներին մոտիվացնելու նոր հիմքեր գտնել: Միևնույն ժամանակ, մինչ այժմ ԵԽԽՎ-ում ծախսվող միջոցներն, ըստ երևույթի, Բաքուն կուղղի այլ խորհրդարանական կառույցներ՝ ադրբեջանական շահերն առաջ տանելու համար, ինչը մեզ համար նոր խնդիրներ կարող է ստեղծել:

Այնուամենայնիվ ԵԽԽՎ-ում ադրբեջանական ազդեցության և կոռուպցիոն լծակների ազդեցության թուլացումը բավական լավ հնարավորություն է ստեղծում հայկական պատվիրակության համար: Սեփական դիրքերի ամրապնդման, պետական և ազգային շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ հայ խորհրդարանականներն էապես մեծացնեն կառույցում և նրա տարբեր մարմիններում իրենց նախաձեռնողականությունը՝ միևնույն ժամանակ առավել բարձրացնելով խորհրդարանական դիվանագիտության մյուս գործիքների իրացման արդյունավետությունը: Նախաձեռնողականության առանձին ուղղություն պետք է դիտարկել ԵԽԽՎ ներկա և նախկին խորհրդարանականների (ոչ միայն Բաքվի հետ կապված, այլ ընդհանրապես) նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների անաչառ քննությունը: Ի դեպ, այս առումով հատկանշական է, որ Եվրոպայի խորհուրդն արդեն հետաքննություն է սկսել Բոսնիայի խորհրդարանի անդամ և ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միլիցա Մարկովիչի նկատմամբ, ով ժամանակին հեղինակել էր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցը: Մարկովիչը կասկածվում է Ադրբեջանի օգտին կողմնակալ տեղեկատվություն ներկայացնելու մեջ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: