ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի միջուկային գործարքը վտանգվա՞ծ է

CNN

ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը սպառնացել է, որ եթե Իրանի միջուկային գործարքը մոտակա ամիսների ընթացքում չվերանայվի, ԱՄՆ-ը դուրս կգա գործարքից: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել:

ԱՄՆ-ը, փաստորեն, շարունակում է մեղադրել Իրանին՝ բալիստիկ հրթիռներ ստեղծելու և ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, և հանդես է գալիս բավական կոշտ դիրքերից: Ըստ փոխնախագահի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զերծ մնաց Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուց, որպեսզի այդ քայլով չխոչընդոտի բանակցային գործընթացի նորմալ ընթացքին, սակայն ԱՄՆ-ից նման զիջումներ Իրանը կարող է այլևս չսպասել. «սա նրանց վերջին շանսն է»:

Իրանի միջուկային ծրագրի, դրա իրականացման գործընթացի և այն չեղարկելու հարցերում իր դիրքորոշմամբ ԱՄՆ-ը, կարծես թե, միայնակ է մնացել:

Մարտի 5-ին ՄԱԳԱՏԵ-ն հաստատել է  համաձայնագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների նորմալ կատարումը: Մասնավորապես, նշվում է, որ ՄԱԳԱՏԵ-ի աշխատակիցները հասանելիություն են ստացել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներ, որոնք պետք է այցելեին, և փաստում են, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս դիրքորոշումը հայտնի է և անփոփոխ. դեռ փետրվարին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ռուսաստանը պնդելու է, որ համաձայնագրի բոլոր կողմերը անշեղորեն իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում՝ բոլորը կբախվեն անցանկալի և անկանխատեսելի հետևանքների, ինչը կխարխլի միջուկային զենքի չտարածման ամբողջ համակարգը:

Եվրամիությունը ևս դեմ է միջուկային գործարքը չեղարկելու ԱՄՆ-ի մտադրություններին: ԵՄ-ում նշում են, որ եթե անգամ ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից իրենք հավատարիմ կմնան համաձայնագրի տառին և ոգուն:

Պետք է նշել, որ Իրանի միջուկային ծրագրի քննարկումն ԱՄՆ-ի կողմից համընկավ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ ԱՄՆ կարատած այցի ժամանակահատվածի հետ: Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցությունների հիմնական թեման լինելու է «Իրանի միջուկային ծրագիրն ու տարածաշրջանային էքսպանսիան»: Արդյո՞ք ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդեցություն է ունենում Իսրայելի դիրքորոշումը:

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Եվրամիության երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի միջուկային ծրագրի հարցում ունեն նույն դիրքորոշումը, որին հակադրվում են ԱՄՆ-ը և Իսրայելը: Ստացվում է, որ ԱՄՆ-ն այլևս չի ստանում Եվրոպական Միության իր դաշնակիցների աջակցությունը, և միայնակ է մնացել տարածաշրջանում, ուստի ԱՄՆ-ի նման դիրքորոշումը լրացուցիչ լարվածություն է առաջացնում Մերձավոր Արևելքում, և հնարավոր է՝ այստեղ ԱՄՆ-ի ազդեցությունը գնալով նվազի:

Այս փոխադարձ մեղադրանքներից անմասն չի մնում նաև Իրանը: Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու և դրա դրույթները խախտելու մեջ:

Հետաքրքիր է, որ Իրանի արտգործնախարարը շարունակում է մեղադրել նաև Եվրամիությանը՝ նշելով, որ Եվրոպայի գործողությունները մինչ օրս պայմանավորված են եղել ԱՄՆ-ի քաղաքականությամբ, իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ Վաշինգտոնի քաղաքականությամբ:

Բանն այն է, որ 2015թ. Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) համաձայնության էին հասել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և համաձայնեցրել էին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Ծրագիրը նախատեսում էր  Իրանի նկատմամբ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների վերացում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից: Սակայն, ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները, ի տարբերություն մյուս 5 միջնորդ-պետությունների, այն համարում են երկրի վատագույն համաձայնագիրը, այսինքն՝ Դոնալդ Թրամփի՝  ԱՄՆ նախագահությունը ստանձնելով, փոխվել է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ:

Համաձայնագրից դուրս գալուց և պատժամիջոցներ սահմանելուց բացի՝ ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունները ոչինչ չեն առաջարկում՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցման կամ առհասարակ միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրն ապահովելու համար: Սա, իհարկե, սրում է լարվածությունը ինչպես ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան հարաբերություններում, այնպես էլ ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների միջև:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: