ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 6-ին հանդիպել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանակ ՌԴ պատվիրակությանը՝ «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլևսկու և Երևանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորությամբ:
Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել Սիրիայի «Հմեյմիմ» օդանավակայանում վայրէջքի ժամանակ ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է «Թուրքմենչայի պայմանագիր. 190 տարի: Պատմությունը և ներկան» խորագրով համաժողովի անցկացումը Երևանում՝ ընդգծելով, որ նման միջոցառումները կարևոր են ոչ միայն անցյալը ևս մեկ անգամ արժևորելու, այլև հայ-ռուսական դարավոր բարեկամության և ընդհանուր անցյալի մասին երիտասարդներին իրազեկելու տեսանկյունից:
«Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է, և նոր սերունդը պետք է քաջատեղյակ լինի այդ մասին, ճանաչի հերոսներին: Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խարսխված է քրիստոնեական արժեքների վրա: Մենք ընդհանուր արժեքներ ունենք և պետք է պահպանենք դրանք»,- ընդգծել է նա:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Կուրսկի աղեղի ճակատամարտին նվիրված հայ-ռուսական գիտակրթական համաժողով կազմակերպել՝ նշելով, որ այդ ճակատամարտի հերոս է եղել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանը: Նա առաջարկել է նաև քննարկել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրությունը Ռուսաստանի Դաշնությունում ևս կազմակերպելու հարցը:
Հյուրերը համատեղ նախաձեռնությունների ու ծրագրերի իրականացման հարցում ընդգծել են «Հայրենիքի պատմություն» ֆոնդի և Երևանում գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությունը:
Քննարկվել են երկու ժողովուրդների քաղաքական, ռազմական, կրթական ու գիտական կապերի ակտիվացման հեռանկարները: Նշվել է, որ երկկողմ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը բխում է երկու պետությունների շահերից: