ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ և ռուս պատգամավորները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հայտարարությունների կարևորությունը. Արմեն Աշոտյան

ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է ավարտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի և Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ, որի արդյունքում կողմերը՝ հանձինս նիստի համանախագահների ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կարևորվել է երկու պետությունների միջև բարեկամության և համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Աժ պաշտոնական կայքի փոխանցմամբ համատեղ հայտարարությունում անդրադարձ է կատարվել երկու երկրների օրենսդրության ներդաշնակեցման գործընթացին, նախանշվել են միջազգային հարթակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով գլոբալ անվտանգությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին՝ կողմերը կարևորել են միջազգային խնդիրների կարգավորման հարցում ՄԱԿ-ի և այլ միջազգային ճանաչում ունեցող կառույցների առանցքային դերի ամրապնդումը՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, ինչպես նաև հարգելով այլ պետությունների շահերը:

Կողմերն ընդհանուր առմամբ բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ռուս-հայկական արդյունավետ փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ կողմերը հաստատել են ձգտումը շարունակելու փնտրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հնչեցրած համատեղ հայտարարություններում և 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների Համատեղ հայտարարության դրույթներում: Կողմերը նաև ընդգծել են վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների լիարժեք պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչի մասին հնչեցվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, նաև 2017 թվականին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Համատեղ հայտարարությունում կողմերն անդրադարձել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում առաջընթացի միտումներին, 2017 թվականի ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության աճին, Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ստորագրված հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովների հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2018 թ. երկրորդ կեսին, Մոսկվայում:

Անդրադառնալով ստորագրված հայտարարությանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայ և ռուս պատգամավորները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում վերահաստատել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի հայտարարությունների կարևորությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: