ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվի կողմից Հայաստանը մեկուսացնելու ջանքերն ու դրանց հակազդման բանաձևը

Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է Հայաստանի դեմ ուղղված մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը, որը ձգվում է արդեն ավելի քան երկու տասնամյակ: Այս քաղաքականությունը, որին բավական ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1993թ-ից Հայաստանի հետ սահմանը փակ պահող Թուրքիան, ունի մի քանի ուղղություն:

Մեկուսացման և շրջափակման քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է Հայաստանը շրջանցող տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչումը (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հյուսիս-Հարավ միջանցքը և այլն), որոնք նպատակաուղղված են տարածաշրջանի տարանցիկ ներուժի իրացմանը՝ նվազեցնելով նմանատիպ նախագծերի տնտեսական նպատակահարմարությունը: Մեկ այլ կարևոր ուղղություն է համագործակցության ձևաչափերի ստեղծումը՝ դրանց պարբերական բնույթ հաղորդելով (օրինակ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, Ադրբեջան-Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և այլն):

Այս քաղաքականության վերջին դրսևորումներից էր Բաքվում Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում, ըստ տարածված հաղորդագրության, քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։  Այս տեղեկությունը, ինչպես և սպասելի էր, բավական ակտիվ սկվեց օգտագործվել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ներկայացնելով որպես «Բաքվի ևս մեկ ռազմավարական հաղթանակ» և Հայաստանի մեկուսացման ևս մեկ դրսևորում: Ըստ էության, հերթական անգամ գործ ունենք Բաքվի տեղեկատվական արշավի հետ, որի նպատակներից է նաև Հայաստանում պարտվողական տրամադրությունների տարածումը:

Թեև տարածաշրջանային առանձին նախագծերից և ձևաչափերից Հայաստանի դուրս մնալն, իհարկե, մտահոգիչ է, սակայն, օբյեկտիվ է նաև այն, որ դրանք ինչ-որ առումով (գոնե Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորմամբ) ունեն նաև հակահայկական բնույթ և դրանցում ներգրավվելու համար, իհարկե, Երևանից պահանջվելու է գին: Նման տարբերակն, անշուշտ, չի բխում մեր շահերից:

Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանն ունի նաև ադրբեջանա-թուրքական նախաձեռնություններին հակազդելու և տարածաշրջանի տարանզիտային հնարավորություններից օգտվելու հնարավորությունների դաշտ, որը դեռևս լիովին իրացված չէ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան փոխգործակցության ներուժի իրացմանը: Չնայած այդ երկրների հետ բարիդրացիական հարաբերություններին, երկու ուղղությամբ էլ նկատելի է տեսանելի արդյունքներ ապահովող նախաձեռնողականության անհրաժեշտությունը: Ընդ որում, վերջին տարիներին Երևանի իրականացրած քաղաքականությունը և այդ երկրների բարձր ղեկավարության հետ ակտիվացած շփումները բավական լավ հող են նախապատրաստել առավել մեծ ծրագրերի իրականացման համար: Օբյեկտիվության համար պետք է նշել, որ առանձին ոլորտներում արդեն իսկ արձանագրվել են փոխգործակցության բավական հաջող օրինակներ՝ Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծումը, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի ստեղծումը և այլն: Չնայած առանձին հաջողություններին՝ անհրաժեշտ է առավել խորացնել փոխգործակցությունը՝ առանձին ուշադրություն դարձնելով բազմակողմ նախագծերին: Մասնավորապես, պետք է շարունակել Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման շուրջ քննարկումները, Սև ծով-Պարսից ծոց միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հայ-իրանական երկաթուղու նախագծի մշակումը և այլն: 

Բավական կարևոր է Հայաստանի համար նմանատիպ բազմակողմ նախագծերի ռազմավարական կարևորության գիտակցումը, ինչպես նաև այն, որ առանձին նախաձեռնություններում հիմնական մոտիվացնող ուժը պետք է լինի ոչ թե տնտեսական (կամ ծախսածածկումը), այլ հենց քաղաքական նպատակահարմարությունը: Ավելին՝ չպետք է մոռանալ նաև, որ այլընտրանքային ուղիները և ուղղությունները բավական մեծ կարևորություն ունեն, առավել ևս՝ ներկայիս անկանխատեսելի ժամանակներում:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: