ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խնդրահարույց հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների ֆոնին

Նոր կառավարության ձևավորումով՝ Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության համար բացվում է մի շրջափուլ, որը լի է տարաբնույթ հնարավորություններով, ինչպես նաև մարտահրավերներով: Խոսքը վերաբերում է այդ թվում հայ-թուրքական հարաբերություններին: Հայաստանում ստեղծված նոր ներքաղաքական գործընթացների ֆոնին՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմանների նկատմամբ սխալ դիրքորոշումից, եթե հրաժարվի ամեն ինչից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, մանրամասներն ուսումնասիրելով, համարժեք որոշում կկայացնենք»:

Նման հայտարարությունը ոչ միայն բավականին խնդրահարույց է, այլ նաև խեղաթյուրում է իրականությունը:

Նախ, 2008 թվականին Հայաստանն էր, որ նախաձեռնեց Ֆուտբոլային դիվանագիտությունն ու Ցյուրիխյան ողջ գործընթացը՝ նպատակ հետապնդելով Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Այնուամենայնիվ, գործընթացը տապալվեց և տապալվեց ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի պատճառով, որը, խախտելով ստանձնած պարտավորությունները, սկսեց Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելով Ղարաբաղյան հակամարտության հետ: Ավելին, բազմաթիվ առիթներով ու տարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով Թուրքիայի իշխանությունները թշնամական հայտարարություններով են հանդես եկել հայերի ու Հայաստանի վերաբերյալ՝ ընդհուպ մինչև հայ անվանելը համարելով վիրավորանք:

Երկրորդ, Հայաստանը երբևէ որևէ «սխալ դիրքորոշում» կամ խնդիրներ չի բարձրաձայնել Թուրքիայի տարածքային ամբողջականության և սահմանների հետ կապված: Հայաստանի Հանրապետության, նրա իշխանությունների և ողջ հայ ժողովրդի պահանջը Թուրքիային եղել և մնում է Հայոց ցեղասպանության ճանաչումը և խախտված իրավունքների վերականգնման խնդիրը:

Երրորդ, ինչպես ՀՀ նախկին ղեկավարները, այնպես էլ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների:

Կարևոր է, որպեսզի նման դիրքորոշումն ամրապնդվի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում, ավելին, որպեսզի Թուրքիայի իշխանությունները լիարժեքորեն գիտակցեն, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին՝ Հայաստանի հետ շանտաժի, սպառնալիքների կամ նախապայմանների լեզվով խոսել հնարավոր չի լինելու: Իսկ ՀՀ իշխանություններն էլ կփորձեն Թուրքիայի հետ փնտրել երկխոսության եզրեր, երբ այդ երկրում իշխանությունները կլինեն առավել հավասարակշռված և պատասխանատու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: