ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ աչքի ընկավ ՀՀ վարչապետի այցը Վրաստան

Հայ-վրացական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, ինչն էապես պայմանավորված է ՀՀ նոր վարչապետ Ն. Փաշինյանի, և օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարևան երկիր կատարած այցով: Թերևս այն հանգամանքը, որ ՀՀ երկու բարձրաստիճան պաշտոնյաներն էլ իրենց առաջին պաշտոնական այցը կատարում են հենց Վրաստան, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը բավական մեծ կարևորություն է տրվում: ՀՀ նախագահի և վարչապետի Վրաստան այցերը թերևս պետք է դիտարկել որպես մեկ գործընթացի մաս և եթե ներկայացուցչական լիազորություններ ունեցող Ա. Սարգսյանի խնդիրն էր վրացական իշխանությունների հետ շփումներում ստեղծել ջերմ մթնոլորտ (ինչը բավական լավ ստացվեց), ապա պետության գլուխ հանդիսացող վարչապետի այցն ուղղված էր այդ դրական ֆոնը կապիտալիզացնելուն՝ վրացական կողմի հետ գործնական քննարկումների միջոցով:

Չնայած վրացական ուղղությունը ՀՀ արտաքին քաղաքականության համատեքստում մշտապես դիտարկվել է որպես առաջնահերթություն և վերջին տարիներին արձանագրվել է հարաբերությունների զգալի ջերմացում, այնուամենայնիվ երկու երկրների փոխգործակցության ներուժը շարունակում է մնալ ոչ լիովին իրացված: Բացի այդ, տարիներ շարունակ երկկողմ հարաբերություններում կուտակված մի շարք խնդիրների (փոխվստահություն, ջավախահայության խնդիրներ, միջազգային հարթակներում միմյանց դեմ քվարկություններ և այլն) մասին կողմերը պետական մակարդակով խուսափում էին հրապարակային բարձրաձայնել՝ նախընտրելով դրանք քննարկել փակ ձևաչափերով: Նման մոտեցման արդյունքում, սակայն, հանրության մոտ առկա հարցերը պահպանվում էին, իսկ տարբեր խնդիրներ՝ շարունակում էին ստվերել երկկողմ հարաբերությունները:

Ստեղծված նոր իրողությունները ստեղծել են հայ-վրացական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու հնարավարություն և վարչապետի վրաստանյան այցի հիմնական խնդիրներից մեկը, թերևս, դա էր: Բարձր մակարդակի հանդիպումների և ելույթների բովանդակային վերլուծությունից և առկա շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ հայկական պատվիրակությունը խնդիր է դրել հաղթահարել կողմերի միջև առկա, սակայն չբարձրաձայնվող փոխվստահության խնդիրը, որն ունի ինչպես օբյեկտիվ (օրինակ՝ ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցություն, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ակտիվ փոխգործակցություն և այլն), այնպես էլ սուբյեկտիվ հիմքեր (օրինակ՝ կարծրատիպեր): Այս ամենը թերևս բանաձևված հնչեց արդեն ՀՀ վարչապետի ջավախքյան այցի շրջանակներում. «Վրաստանն ու վրաց ժողովուրդը պետք է համոզված լինի, որ Հայաստանի և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ սպառնալիք, որևէ սադրանք ընդդեմ վրաց ժողովրդի։ և հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է վստահ լինեն, որ վրաց ժողովրդի ու Վրաստանի գործողություններում չկա որևէ սպառնալիք, որևէ սադրանք»։

ՀՀ վարչապետի՝ վրաստանյան այցի շրջանակներում բավական մեծ կարևորություն ուներ նաև Ջավախքի հայաբնակ շրջաններ կատարած այցը: Հայ-վրացական հարաբերություններում Ջավախքին առնչվող հարցերը բավական զգայուն են՝ հաշվի առնելով վրացական հանրության մոտ առկա տրամադրությունները և պարբերաբար ակտիվացող ադրբեջանական քարոզչությունը (ջավախքյան սեպարատիզմի միֆի վերաբերյալ): Վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ Ջավախք կատարված այցը բավական կարևոր էր Վրաստանում տարածված կարծրատիպերը հաղթահարելու, ջավախահայության խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև հայ-վրացական փոխգործակցության հետագա ամրապնդման տեսանկյունից, որտեղ վիրահայությունը կարող է դառնալ լուրջ գործոն:

Այսպիսով, եթե փորձենք ամփոփել վարչապետ Փաշինյանի վրաստանյան այցը, ընդհանուր առմամբ այն կարելի է գնահատել հաջողված՝ վրացական կողմի հետ փոխադարձ վստահության և գործընկերային մթնոլորտի հաստատման, կուտակված խնդիրներին անդրադառնալու տեսանկյունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: