ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-ադրբեջանական մերձեցու՞մ, թե՞ մեսիջներ Հայաստանին

Վերջին շրջանում ադրբեջանական իշխանությունների բոլոր հայտարարությունները և նրանց զինված ուժերի գործողությունները նախապատերազմական բացահայտ քայլեր են: Նախիջևանում ադրբեջանական զորքերի դիրքային փոփոխությունները, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին զինտեխնիկայի ու զինուժի կուտակումները, սկսված լայնածավալ զորավարժությունները ուղեկցվում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարություններով: Ավելին, այս ամենի մեջ Ադրբեջանը շատ հմտորեն տեղավորեց նաև հուլիսի 1-ին Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում կազմակերպված խորհրդաժողովը՝ շատ խոսուն խորագրով՝ «Ադրբեջանը՝ Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակից»: Խորհրդաժողովում ռուսական կողմը ներկայացված էր պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող մի շարք գործիչներով, որոնց թվում՝ Միջազգային Եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը և այլն: Նման խորագրով ու ձևաչափով խորհրդաժողովի անցկացման փաստն ու անգամ այն, որ դրա շրջանակներում ռուսաստանյան պատվիրակության մի շարք անդամներ այցելեցին Լելե-Թեփե՝ Արցախի հարավային սահմանին գտնվող այն բարձունքը, որն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում, իհարկե այն կանաչ լույսը չի, որ անհրաժեշտ է Ադրբեջանին լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջան մեկնած ռուս գործիչները իրենց անունից են ներկայացել և կատարվածը չպետք է ազդեցություն ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Սակայն անգամ անհատական մակարդակում նման հայտարարություններ անելն անընդունելի է և՛ քաղաքական, և՛, միևնույն ժամանակ, բարոյական տեսանկյունից: Չմոռանանք, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:

Միևնույն ժամանակ միամտություն է հավատալ այն տեսակետին, թե այդ գործիչների մասնակցությունը խորհրդաժողովին կարող էր տեղի ունենալ առանց ռուսական իշխանությունների գիտության: Չմոռանանք, որ խոսքը Ռուսաստանի մասին է, որտեղ գրեթե ոչինչ տեղի չի ունենում առանց Կրեմլի համաձայնության ու հավանության, առավել ևս չէր կարող տեղի ունենալ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին Ղարաբաղյան խնդիրն է: Այս պարագայում մնում է հասկանալ, թե նման քայլով ինչ էր ուզում ասել Ռուսաստանը:

Մեսիջն ուղղված էր և՛ Հայաստանին, և՛ միջազգային հանրությանը: Վերջինիս դեպքում Մոսկվան հերթական անգամ ցույց տվեց, որ տարածաշրջանում իրադրության տերն ու որոշողը ինքն է, իսկ Հայաստանին ուղղված ռուսական մեսիջը գուցե պետք է ավելի լուրջ ուսումնասիրել ու հասկանալ: Չի բացառվում, որ այս քայլով Մոսկվան ցույց տվեց, թե ինչ կարող է լինել, եթե Հայաստանի նոր իշխանությունները իրենց դիրքորոշումն ուղղեն դեպի արևմուտք: Այստեղ գուցե պակաս դեր չի խաղացել նաև իշխանությունների որդեգրած այն թեզը, որ Արցախի ժողովուրդն ինքը պիտի մասնակցի բանակցային գործընթացին և որ իրեն չի կարող ներկայացնել մի իշխանություն, ում ինքը չի ընտրել: Այն, որ ԼՂՀ-ն պիտի լիարժեքորեն մասնակցի բանակցային գործընթացին, ասել են և նախկին իշխանությունները, սակայն այստեղ նորությունն այն էր, որ հայաստանյան կողմը դա հիմնավորում է արցախի բնակչության կողմից ընտրված չլինելով: Սա թեզ է, որ կարող է ընկալելի և ընդունելի լինել օրինակ արևմուտքի համար՝ ժողովրդավարական գաղափարների ներքո, բայց չի տեղավորվում ռուսական ընկալման մեջ: Ավելին, գուցե նրանց մոտ ստեղծում է տպավորություն, որ Հայաստանում ձևավորված նոր իշխանությունները նման հայտարարություններ արել են արևմուտքի հետ համաձայնեցրած և այսպիսով փորձ է արվում դուրս թողնել Ռուսաստանին խնդրի խաղաղ կարգավորման գործընթացից:

Այն մասին, որ ռուսներին նյարդայնացնում է Հայաստանի մտերմանալը արևմուտքի հետ, արդեն խոսում են նաև Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող ռուս փորձագետները: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, օրինակ, РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է, որ «Հայաստանը պիտի անհանգստանա ոչ միայն ռուս գործիչների՝ Ադրբեջան այցելությունից, այլև Արևմուտքի երկրների ու ՆԱՏՕ-ի հետ իր մտերմանալուց»: Ամեն դեպքում տպավորությունն այնպիսինն է, որ հիմա գնդակը Հայաստանի իշխանությունների դաշտում է, և նրանց հետագա քայլերից շատ բան կարող է կախված լինել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: