ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան պետք է մեկնաբանություններ տա ռուս գործիչների՝ Լելե-Թեփե այցելության վերաբերյալ

Ռուսաստանցի մի շարք փորձագետների և այդ թվում՝ պատգամավորի ու Հանրային խորհրդի անդամի մասնակցությունը «Ադրբեջան՝ Ռուսաստանի միակ գործընկերը Հարավային Կովկասում» խորագիրը կրող համաժողովին մի շարք հարցեր է առաջացնում։ Եվ խնդրահարույց է ոչ միայն համաժողովի անվանումը, այլև դրա անցկացման վայրը (այն անցկացվում էր 2016թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի տիրապետությանն անցած տարածքում), առավել ևս՝ համաժողովի մասնակիցների այցելությունը Լելե-Թեփե բարձունք և հանդիպումն ադրբեջանցի զինվորականների հետ։

Թե ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը, առավել քան պարզ է՝ լեգիտիմացնել զենքի ուժով տարածքների վերադարձը Հայաստանի ռազմավարական դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի ներկայացուցիչների այցով, ցույց տալ, թե ինչպես է Ադրբեջանը «հոգ տարել» այդ տարածքների նկատմամբ և այդ ամենն օգտագործել Հայաստանի ու Արցախի դեմ ընդհանուր տեղեկատվական պատերազմում։ Չմոռանանք, որ 2016թ․-ին հենց Ադրբեջանն էր պատերազմ հրահրել՝ խախտելով 1994թ․ հրադադարի համաձայնագիրն ու բավական մեծ հարված հասցնելով այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հեղինակությանը, որոնց միջնորդական ջանքերը մշտապես կարևորվել են ոչ միայն բանակցային գործընթացն առաջ մղելու, այլև առնվազն պատերազմի վերսկսում թույլ չտալու տեսակետից։ Այս պարագայում ռուս գործիչների այցելությունն այդ տարածքներ կարող է մեկնաբանվել որպես այդ ամենը խախտող Ադրբեջանի գործողությունների լեգիտիմացում։ Ավելին, սրանով ադրբեջանական իշխանությունները որոշակի ուղերձներ են հղում նաև սեփական հանրությանը, մասնավորապես՝ ընդամենը մի քանի ռուս գործիչների այցով, ովքեր որևէ կերպ ֆորմալ պետական քաղաքականության կրողը չեն հանդիսանում, փորձում են ցույց տալ, թե իբր Ռուսաստանը հավանություն է տալիս պատերազմով տարածքային հարցեր լուծելու մոտեցմանը և որ հնարավոր նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը «կվայելի Մոսկվայի աջակցությունը»։

Այլ հարց է, թե ինչ նպատակներ էր հետապնդում ռուսական կողմը։ Բնական է, սա որևէ կերպ պաշտոնական այց չէր և այդ տարածքներ այցելող ռուսաստանցի պատգամավորն ու փորձագետները, կրկնենք, չեն կարող արտահայտել ՌԴ պաշտոնական դիրքորոշումը կամ Ռուսաստանի հանրության վերաբերմունքը։ Բայց, դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով ռուսական քաղաքական մշակույթը, ակնհայտ է, որ առնվազն ՌԴ Պետական Դումայի անդամի նման քայլի վերաբերյալ դժվար թե համապատասխան գերատեսչությունները տեղեկացված չլինեին։ Ուստի, այս այցն ուներ որոշակի ուղերձներ՝ ուղղված նաև ՀՀ իշխանություններին․․․

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների և արտաքին գերատեսչության առաջնային խնդիրը պետք է լինի ռուս գործընկերների հետ շփումներում բարձրաձայնել խնդրի հետ կապված մտահոգությունները և պաշտոնական մեկնաբանություններ ստանալ Մոսկվայից։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը սա կարող է ընկալել, որպես համանախագահ երկրի կողմից ուժի կիրառման «թույլտվություն»։ Մյուս կողմից, ամեն ինչ պետք է արվի, որ նման ճամփորդությունների սիրահարները հստակ գիտակցեն, որ անկախ իրենց կարգավիճակից և այցի բնույթից՝ ապագայում հնարավոր պատերազմի պարագայում իրենք նույնպես պատասխանատու են լինելու բոլոր կողմերում թափված արյան համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: