ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայել. բոլոր քաղաքացիները հավասար են, բայց հրեաներն ավելի հավասար են

Իսրայելի խորհրդարանը հուլիսի 19-ին ընդունել  է բավականին վիճելի օրենք` պետության հրեական բնույթի մասին, ինչը սպառնում է նոր բաժանարար գծեր առաջացնել իսրայելական հասարակության ներսում և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը դեռ երկար ժամանակ պահել փակուղում:

Այսպես,  նոր օրենքն Իսրայելը հռչակում է որպես հրեաների պատմական հայրենիք և ազգային տուն,որտեղ ինքնորոշվելու իրավունք ունեն բացառապես հրեաները: Օրենքը կրկին անգամ Իսրայելի միակ և անբաժանելի մայրաքաղաք է հռչակում Երուսաղեմը և իրավական առումով ամրագրում է արդեն իսկ գոյություն ունեցող հրեական պետական խորհրդանիշները, հրեական օրացույցը և տոները: Պետության միակ պաշտոնական լեզու է ճանաչվում եբրայերենը, իսկ արաբերենին, որը մինչ այս նույնպես հանդիսանում էր պետական լեզու, տրվում է հատուկ կարգավիճակ: Օրենքը Արևմտյան ափում հրեական բնակավայրերի շինարարությունը հայտարարում է ազգային արժեք և ամրագրում է դրանց ստեղծման և զարգացման անհրաժեշտությունը:

Նման օրենքի ընդունումը բնականաբար չի կարող լուրջ դժգոհություն չառաջացնել ինչպես Իսրայելի արաբների, ովքեր կազմում են երկրի 8 միլիոնանոց բնակչության 20 տոկոսը, այնպես էլ պաղեստինյան իշխանությունների մոտ: Օրենքն անդրադառնում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հիմնական հակասություններից Երուսաղեմի կարգավիճակին,  հրեական բնակավայրերի կառուցմանը և Իսրայելի`հրեական բնույթին:

Այս առումով ընդունված օրենքը դժվար թե ազդեցություն չունենա պաղեստինա-իսրայելական կարգավորման գործընթացի վրա: Այսպես, Պաղեստինը թեև ճանաչել է Իսրայել պետությունը, սակայն մշտապես մերժում է ճանաչել դրա հրեական բնույթը: Այժմ օրենքի ընդունումից հետո ստացվում է, որ Պաղեստին ճանաչում է հրեական բնույթ ունեցող Իսրայել պետությունը: Չի բացառվում, որ նման պայմաններում Պաղեստինն ընդհանրապես հետ կանչի Իսրայելի ճանաչումը: Միևնույն ժամանակ օրենքով ամրագրելով, որ Իսրայելի տարածքում ինքնորոշվելու իրավունք ունեն միայն հրեաները` Իսրայելն էլ ավելի է բարդացնում հակամարտությունը «երկու պետությունների» սկզբունքով կարգավորելու գործընթացը: Արդյունքում կողմերը ևս մեկ քայլով հեռանում են կարգավորման գործընթացից, որն արդեն 4 տարի է փակուղում է:

Օրենքը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի ներսում արաբների և հրեաների միջև լարվածության մեծացման տեսանկյունից: Թերևս գործնականում այն որևէ էական փոփոխություն չի առաջացնում Իսրայելի արաբների կյանքում, սակայն հիմնական օրենքով պետության հրեական բնույթի ամրագրումը, արաբերենի կարգավիճակի իջեցումը, Արևմտյան ափում հրեական բնակավայրերը` ազգային արժեք ճանաչելը չի կարող էմոցիոնալ արտահայտում չստանալ արաբների մոտ, ովքեր երկար տարիներ է բողոքում են Իսրայելում փաստացի խտրականնությունների ենթարկվելու կապակցությամբ: Այս էմոցիոնալ ֆոնը կարող է բավականին արդյունավետորեն օգտագործվել քաղաքական նպատակներով` հատկապես ռադիկալ տրամադրված ուժերի, ինչպես օրինակ ՀԱՄԱՍ-ի կողմից:

Ընդ որում, հարկ է նկատել, որ հրեաների շրջանում էլ օրենքը միանշանակ չի ընդունվել: Թեև ի սկզբանե Իսրայելը ստեղծվել է որպես ազգային պետություն, սակայն քաղաքական որոշ ուժեր կարծում են, որ հիմնական օրենքով երկրի հրեական բնույթը ամրագրելը մեծ հարված է հասցնում պետության միջազգային հեղինակությանը, քանի որ այդպիսով Իսրայելը ներկայանում է որպես ռասիստական պետություն:

Սակայն աջ ուժեր միանգամայն այլ սկզբունքներով են առաջնորդվել այս հարցում. վերջիններիս մոտ լուրջ մտավախություններ կան, որ Իսրայելի ստեղծման ազգային սկզբունքները կարող են շատ մոտ ապագայում հայտնվել սպառնալիքի տակ ինչպես միջազգային ընկալումներում այս հարցում տեղի ունեցած և շարունակվող տրանսֆոմացիաների, այնպես էլ բնակչության արաբ հատվածի ծնելիության բարձր տեմպերի պատճառով: Սա կարող էր որոշակի փուլում հանգեցնել հակամարտության կարգավորման միանգամայն այլ տարբերակի: Նշենք, որ Իսրայելի հրեական բնույթն ամրագրելու օրինագիծն Իսրայելում քննարկում են դեռ 2011 թվականից: Օրենքի ընդունմանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեմ էր հանդես գալիս միջազգային արձագանքի պատճառով, սակայն Թրամփի իշխանության գալով այս հարցում բավականին հարմար պահ ստեղծվեց. Թրամփի վարչակազմն ակնհայտ պրոիսրայելական է,  և իսրայելական իշխանությունները հույս ունեն, որ Վաշինգտոնը դեմ հանդես չի գա օրենքին:

Պետք է նկատել, որ օրենքի ընդունման պահը բավականին շահեկան էր ընտրված Նեթանյահուի կողմից նաև ներքաղաքական տեսանկյունից. Իսրայելում ակտիվորեն քննարկվում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, և նման օրենքի ընդունումը քաղաքական լուրջ դիվիդենտներ կբերի վերջինիս: Նեթանյահուն այսպես թե այնպես արաբ էլեկտորատի ձայները ստանալու մեծ հույսեր չի կարող ունենալ, փոխարենը նման օրենքի ընդունումն էականորեն կարող է ավելացնել հասարակության աջ, ռադիկալ տրամադրված հատվածի աջակցության շանսերը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: