ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փորձաշրջան՝ թուրք-ամերիկյան հարաբերություններում

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը աստիճանաբար մեծանում է: Վերջին շրջանում լարվածության ալիքը բարձրացավ երկու հիմնական դեպքի առնչությամբ՝ Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ամերիկյան կողմի միջնորդության ու Թուրքիայի կողմից դրա մերժման և ամերիկյան F-35 կործանիչները Թուրքիային վաճառելուց հրաժարվելու ԱՄՆ որոշման:

Առաջինի պարագայում Անկարան կտրականապես հրաժարվեց ազատ արձակել 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցների ու քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով կալանավորված ամերիկացի հոգևորականին: Դրան հետևեցին ամերիկյան պատժամիջոցները, որոնք դեռևս սահմանափակվում են թուրք երկու նախարարների ամերիկյան հաշիվներն ու ակտիվները սառեցնելով: Այս խնդրի շուրջ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել էր թուրքական կողմի առաջարկը, այն է՝ փոխանակել Բրանսոնին ԱՄՆ-ում գտնվող Ֆեթթուլլահ Գյուլենի հետ, ում Թուրքիան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Ի դեպ, Գյուլենի գործոնը մեծ նշանակություն ունի թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեջ, քանի որ հեղաշրջման փորձի տապալումից հետո Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին՝ պահանջելով իրեն հանձնել ընդդիմադիր իսլամիստ քարոզչին, ում մեջ Էրդողանը միշտ հիմնական մրցակից է տեսել:

Ինչ վերաբերում է ամերիկյան կործանիչների վաճառքին, ապա այս հարցում խնդիրներ առաջ եկան այն բանից հետո, երբ 2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր՝ C-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ, ինչն առաջ բերեց ամերիկյան կողմի ակնհայտ դժգոհությունը: Դրանից հետո Սենատում սկսեց քննարկվել F-35 կործանիչները Թուրքիային վաճառելու նպատակահարմարությունը, ինչը սակայն հետ չպահեց թուրքական կողմին ռուսական հրթիռային համակարգերը ձեռք բերելու մտքից: Արդյունքում Սենատը որոշում ընդունեց արգելել Թուրքիային կործանիչների վաճառքը այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը զեկույց կներկայացնի F-35-ի գործարքին Անկարայի մասնակցության գնահատականի վերաբերյալ, ինչպես նաև կգնահատի ռուսական հրթիռային համալիները գնելու Թուրքիայի մտադրության ռիսկերը:

Թուրքիան բավական կոշտ դիրքորոշում է որդեգրել ամերիկյան պատժամիջոցների ու կործանիչները վաճառելուց հրաժարվելու հարցերում: Նախ, թուրքական կողմը պնդում է, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել դեռ 10 տարի առաջ կնքված երկկողմ պայմանագրային պարտավորությունները, այն է ապահովի F-35 կործանիչների մատակարարումը, ինքը կդիմի միջազգային արբիտրաժային դատարան և դատական կարգով կլուծի խնդիրը: Քաղաքական հարթության մեջ Թուրքիան սպառնում է ԱՄՆ-ին դաշնակիցների կորստով: Նախագահ Էրդողանն այս առնչությամբ բաց տեքստով ասել է, որ եթե Վաշինգտոնը չփոխի իր վերաբերմունքը, հնարավոր է կորցնի անկեղծ դաշնակցի:

Էրդողանը, ամրապնդելով դիրքերը երկրի ներսում՝ վերընտրվելուց հետո փորձում է ամրապնդել դիրքերը նաև արտաքին աշխարհում: Թուրքիան փորձում է ԱՄՆ-ին հնարավորինս թանկ վաճառել իր հետ «դաշնակից լինելը»՝ ցույց տալով, որ Վաշինգտոնը կարող է կորցնել տարածաշրջանում իր հիմնական հենարանը: Այս իրավիճակում դեռ անորոշ է, թե մինչև ուր կարող է գնալ այս առճակատումը և ով ու որ պահից կանի հետքայլը: Այն, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից էլ, բնականաբար, շատ լավ գիտակցում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Անկարայում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: