ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ւմ էր ձեռնտու ռուսական Իլ-20-ի խոցումը և ի՞նչ հետևանքներ այն կունենա

Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է Սիրիային երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթա-հրթիռային համակարգեր փոխանցելու մասին: Մոսկվայում ընդգծում են, որ այս մատակարարումը ռուսական կողմի պատասխանն է սիրիական երկնքում Իլ-20 ինքնաթիռի խոցմանը:

Նշենք, որ թեև ինքնաթիռը խոցվել էր Սիրիայի ՀՕՊ-ի կողմից, սակայն Մոսկվայում կատարվածի համար մեղադրում են Իսրայելին, որը, ռուսական կողմի պնդմամբ, ժամանակին չի զգուշացրել Սիրիային օդային հարվածներ հասցնելու մասին, ինչի հետևանքով չի հաջողվել Իլ-20-ը անվտանգ գոտի տեղափոխել: Բացի այդ, Մոսկվայում նշում են, որ իսրայելական կործանիչները թաքնվել են ռուսական ինքնաթիռի հետևում, ինչն էլ պատճառ է դարձել վերջինիս կործանման համար:

Մոսկվայում ընդգծում են, որ C-300 համակարգերի մատակարարումը կոչված է բարձրացնելու Սիրիայում տեղակայված ռուսական զորքերի անվտանգությունը, քանի որ համակարգն ունի ռուսական օդուժն այլ երկրների օդուժից տարբերելու գործառույթ: Սակայն պետք է նկատել, որ դա C-300 համակարգերի միակ առավելությունը չէ: Սիրիայում դրանց հայտնվելով` ոչ միայն սիրիական ողջ երկինքն է հայտվում սիրիական իշխանությունների վերահսկողության տակ` սահմանափակելով այլ դերակատարների` այդ թվում նաև Իսրայելի օդուժի գործողությունները, այլ նաև Դամասկոսը հնարավորություն է ստանում գրեթե ամբողջությամբ վերահսկելու իսրայելական երկինքը: Նշենք, որ դեռ 2010 թվականին, երբ Իսրայելը Սիրիայի օդային տարածքում նման գործողություններ չէր իրականացնում, լուրջ ջանքեր է դրել, որպեսզի Մոսկվան չեղարկի Դամասկոսին C-300 համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը: Այժմ էլ Թել-Ավիվը զգուշացնում է տարածաշրջանային կայունության համար այդ մատակարարման վտանգավորության մասին, սակայն Մոսկվայում այս անգամ կարծես թե վճռական են տրամադրված:  

Ռուս-իսրայելական հարաբերություններում ստեղծված այս իրավիճակն առաջին հայացքից թվում է, թե նման է 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին ռուսական ուղղաթիռի կործանման դեպքին, ինչը լուրջ խնդիրներ առաջացրեց երկու երկրների միջև հարաբերություններում: Սակայն պետք է նկատել, որ ռուս-իսրայելական հարաբերություններում նման զարգացումները քիչ հավանական են: 

Կողմերը շարունակում են կառուցողական երկխոսության եզրեր փնտրել հարաբերություններում առաջացած լարվածությունը թուլացնելու համար: Այդ մասին է վկայում ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` միջադեպի վերաբերյալ բավականին մեղմ հայտարարությունը, այնպես էլ Իսրայելի վարչապետի կարգադրությունն իսրայելական բանակին` միջադեպի հետաքննության հարցում բոլոր հնարավոր ձևերով համագործակցելու ռուսական կողմի հետ:

Այստեղ պետք է նկատել, որ միջադեպի հետ կապված ռուսական կողմի հաղորդած տեղեկություններում սկզբում կային որոշ անհամապատասխանություններ: ՌԴ ՊՆ միջադեպի ճշգրտված վարկածը ներկայացրեց միայն սեպտեմբերի 23-ին` միջադեպից 5 օր անց: Միևնույն ժամանակ իսրայելական կողմը կտրականապես հերքում է միջադեպում իր մեղավորությունը: Այս ամենի համատեքսում երկու երկրների ղեկավարների համեմատաբար մեղմ արձագանքը որոշակի հարցեր է առաջացնում:

Ռուսաստանը վաղուց է մտածում Սիրիայում C-300 տեղակայման շուրջ, քանի որ այդպիսով Սիրիայի երկինքը դառնում է լավ վերահսկելի, և Սիրիային արդյունավետ հարված հասցնելու համար ամերիկյան կողմը և վերջինիս դաշնակիցներն ավելի շատ «ջանք» են ներդնելու: Ռուսաստանը բավականին լավ օգտագործեց Սիրիական ՀՕՊ կողմից ռուսական ԻԼ-20-ը խոցելու հանգամանքը այդ երկրում C-300 տեղակայելու համար` առանց միջազգային հանրության կողմից էական հակազդեցության:

Ամեն դեպքում նշենք, որ կողմերի համար Սիրիայում համագործակցությունը բավականին կարևոր է: Սիրիայում Իսրայելի հիմնական թիրախն Իրանի կողմից ֆինանսավորվող «Հզբոլլահ»-ի դիրքերն են, ինչպես նաև Սիրիայում Իրանի ռազմական ներկայության դեմ պայքարը: Իսրայելում հասկանում են, որ հատկապես վերջինի հարցում Ռուսաստանը կարող է բավականին օգտակար լինեն: Հիշեցնենք, հենց Ռուսաստանի միջոցով հնարավոր եղավ ձեռք բերել պայմանավորվածություն Սիրիայի հարավային և հարավ-արևմտյան սահմաններից իրանական ուժերը հետ քաշելու հարցում: Ռուսաստանն էլ իր հերթին շահագրգռված չէ զինված հակամարտությունը տեղափոխելու Սիրիայի սահմաններից դուրս: Արդյունքում, չնայած կողմերի նպատակները Սիրիայում միանգամայն տարբեր են, սակայն լարվածությունը երկուստեք ձեռնտու չէ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: