ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահի դրությամբ Ալիև-Փաշինյան հանդիպում չի սպասվում

Դատելով նախօրեին Նյու-Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում արված հայտարարություններից՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի սպասվում։ Փոխարենը, ծրագրվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային նոր այց։

Ընդհանուր առմամբ, հանդիպման մասին բավական սուղ տեղեկատվություն է տարածվել։ Շուրջ երեք ժամ տևած՝ նախ համանախագահների մասնակցությամբ, հետո առանձնազրույցի ձևաչափով հանդիպման վերաբերյալ միայն նշվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ, ինչպես նաև զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Այս ընդհանրական ձևակերպումները, համատեղ հայտարարության բացակայությունն ու ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի դիտարկումն առ այն, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը պետք է բովանդակային լինի և դրանից առաջ պետք  է «ձեռք բերվեն պայմանավորվածություններ, օրինակ՝ կարգավորման սկզբունքների վերաբերյալ» ցույց են տալիս, որ կողմներն այսօր դեռևս դիրքորոշումների հստակեցման փուլում են։

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բանակցային գործընթացը որոշակի դադարի փուլում է։ Դրա պատճառը թե՛ ՀՀ նոր իշխանությունների կողմից արված նոր շեշտադրումներն ու հայտարարություններն են բանակցային գործընթացի վերաբերյալ, թե՛ ադրբեջանական կողմի ձգտումը հասկանալ նոր իրավիճակն ու օգուտներ քաղել դրանից։

Չնայած երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում շարունակել երկխոսությունը, այսօր, ըստ էության, բանակցային առարկայի հստակեցման կարիք է առաջացել, ինչն էլ փորձում են անել միջնորդները։

Ստեղծված իրավիճակում, հայտարարված բավական բարձր նշաձողի ֆոնին հայկական կողմի խնդիրն է թույլ չտալ դիրքերի թուլացում և բանակցային գործընթացի մեկնարկ մեզ համար ոչ նպաստավոր պայմաններով։ Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանում շարունակվող ներքաղաքական զարգացումներն ու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ջանքերը, կարելի է ենթադրել, որ դժվար թե բանակցությունների վերսկսումը մոտ ապագայի հարց կլինի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: