ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչով նշանավորվեց 2018 թվականը ԱՄՆ-ի և հայ-ամերիկյան հարաբերությունների համար

mondofox.it

2018 թվականը բավականին բուռն տարի էր ԱՄՆ համար ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության առումով: Ներքաղաքական կյանքում շարունակեց ակտուալ մնալ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննությունը, Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, տարին նշանավորվեց մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների պաշտոնաթողություններով, ինչպես օրինակ` պետքարտուղարի և Պենտագոնի ղեկավարի: Տարին ԱՄՆ համար նաև ընտրական էր. նոյեմբերին կայացան կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: ԱՄՆ արտաքին քաղաքական կյանքն անցնող տարում ընթացավ «Առաջինը Ամերիկան» կարգախոսի ներքո: ԱՄՆ-ն՝ որպես ակտիվ դերակատարում ունեցող գերհզոր երկիր, փորձում էր մի կողմից բարելավել լարված հարաբերությունները տարբեր երկրների հետ, մյուս կողմից, արդյունավետորեն մանևրելով, առաջ մղել իր շահերը միջազգային ասպարեզում: Ստորև ներկայացնում ենք 2018թ.-ին ԱՄՆ-ի արտաքին քաղաքական և ներքաղաքական զարգացումների հիմնական ուղղությունները:

 

ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններ

ԱՄՆ ներքաղաքական կյանքում ամենից կարևոր իրադարձությունը նոյեմբերին տեղի ունեցած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն էին, որի արդյունքում 2019-ի հունվարից Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կկազմի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Հանրապետական կուսակցությունը կշարունակի վերահսկել Սենատը:

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահի սահմանադրական գործառույթների նկատմամբ առավել մեծ վերահսկողություն ունի Սենատը` Ներկայացուցիչների պալատն էլ իր ուրույն տեղն ունի ընդհանուր քաղաքականության հարցում:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնություն կազմելու հանգամանքը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Դեմոկրատները հնարավորություն կունենան Թրամփի դեմ հետաքննություն սկսելով ստուգել Թրամփի ֆինանսական հայտարարագրերը, նախընտրական քարոզարշավը հովանավորողների հետ Թրամփի ունեցած հարաբերությունները, ինչպես նաև պարզել, թե արդյոք 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ընտրական շտաբի անդամների և Ռուսաստանի կառավարության միջև պայմանավորվածություն եղել է, թե՞` ոչ:

 

ԱՄՆ-ի միգրացիոն քաղաքականությունը

2018-ին ԱՄՆ իշխանությունների կողմից սահմանված միգրացիոն քաղաքականության խստացումները հասան իրենց գագաթնակետին: Տարվա կեսերին Թրամփի վարչակազմը հայտարարեց ներգաղթի մասին օրենքը խախտողների հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մեկնարկի մասին, որը վերաբերում էր նաև նրանց, ովքեր երեխաների հետ էին պատրաստվում սահմանը հատել: Արդյունքում, մոտ 2000-ից ավել երեխա բաժանվեցին իրենց ծնողներից և տեղափոխվեցին հատուկ ճամբարներ, մինչ նրանց ծնողների նկատմամբ դատավարությունն ավարտին կհասցվեր:

Միգրանտների նկատմամբ խստացումներն էլ ավելի ուժգնացան Կենտրոնական Ամերիկայից Միացյալ Նահանգներ շարժվող «ներգաղթյալների քարավանի» պատճառով: Աղքատությունից, գործազրկությունից փախչող հազարավոր փախստականներ, որոնք հիմնականում Հոնդուրասից էին, մտադիր էին Մեքսիկայի սահմանը հատելով հասնել ԱՄՆ: Սակայն ԱՄՆ իշխանությունների կողմից Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներն, արցունքաբեր գազ կիրառելով, արգելեցին  արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի անդամներին մուտք գործել իրենց երկիր:

 

ԱՄՆ-Ռուսաստան

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները 2018-ին ընթացան վայրիվերումներով: Տարվա սկզբին Ռուսաստանի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլիայի թունավորման գործի հետ կապված Միացյալ Նահանգները հրահանգեցին երկրի տարածքից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետի և փակեցին Սիեթլում Ռուսաստանի հյուպատոսությունը: Ավելին, 1991 թվականին ընդունված «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և ռազմական գործողությունների վերացման ակտ» օրենքի հիման վրա  ուժի մեջ մտան Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի սահմանած նոր պատժամիջոցները, որի առաջին մասը վերաբերում էր Ռուսաստանին երկակի նշանակության արտադրանքի մատակարարման, ՌԴ ամեն տեսակ «զգայուն» ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Էլեկտրոնիկայի, նավթի-գազի բնագավառի տեխնոլոգիաների մատկարարումների արգելմանը: Ռուսաստանն, իր հերթին հայելային պատասխան տալով,  փակեց ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում և արտաքսեց նույնքան ամերիկացի դիվանագետների:

Տարվա երկրորդ կեսին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացավ ԱՄՆ և ՌԴ նախագահների դեմառդեմ հանդիպումը, որը Թրամփը որակեց որպես  «ուղիղ, բաց և խորապես արդյունավետ»:  Սա Պուտինի և Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումն էր, որի ժամանակ  քննարկման թեմաներն են եղել ՌԴ միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում: Նշենք, որ այս հանդիպման ժամանակ նախագահները նաև հավանություն տվեցին ավելի հաճախ հանդիպելու գաղափարին: Սակայն հետագայում երկու անգամ չեղարկվեցին Թրամփ-Պուտին լիաֆորմատ ծրագրված հանդիպումները:

Ավելին, տարվա վերջը նշանավորվեց միմյանց հանդեպ հնչեցրած փոխադարձ մեղադրանքներով: Պաշտոնական այցով Մոսկվա ժամանեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը` քննարկելու միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մտադրությունը, որի պատճառը, ըստ ԱՄՆ իշխանությունների այն է, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագրի դրույթները: Չնայած ռուսական կողմի պնդմանը, որ համաձայնագրի չեղարկումը «լուրջ հարված կլինի սպառազինությունների չտարածման և վերահսկման միջազգային իրավական համակարգի համար», Բոլթոնը նշեց, որ ԱՄՆ-ի՝ համաձայնագրից հրաժարվելը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնում»:

 

ԱՄՆ-Եվրոպա

Միացյալ Նահանգների և Եվրոպայի հարաբերությունների համար 2018 թվականը նույնպես լի էր վայրիվերումներով: Կողմերի միջև հարաբերությունները լարվեցին տարվա երկրորդ կեսին, երբ ԱՄՆ-ն որոշում կայացրեց նոր մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներկրման համար, որից հետո Եվրահանձնաժողովը որոշում ընդունեց Եվրամիության սահմանին ամերիկյան ապրանքները լրացուցիչ մաքսերով հարկելու մասին: Սակայն առևտրային պատերազմից հնարավոր եղավ խուսափել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի` առևտրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ, որով կողմերը պարտավորվեցին աշխատանքներ իրականացնել բոլոր մաքսերի և լրահատկացումների վերացման ուղղությամբ:

ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններում նոր լարվածության պատճառ դարձավ Ֆրանսիայի նախագահի կողմից Չինաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից պաշտպանվելու նպատակով համաեվրոպական բանակ ստեղծելու վերաբերյալ արված հայտարարությունները, որն ԱՄՆ նախագահի կողմից դիտարկվեց որպես «շատ վիրավորական» գաղափար: Ի դեպ, նշենք, որ նման մտադրության մասին ԵՄ երկրները հայտնեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ արեց ավելացնել պաշտպանական ծախսերը: Լարված մթոլորտը շտապեց մեղմացնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերենին` հայտարարելով, որ Եվրամիությունը չի վերածվի ռազմական միության և ՆԱՏՕ-ի հետ որևէ մրցակցություն չի լինի:

Տարվա վերջին ԱՄՆ-ի և եվրոպական մի քանի երկրների միջև լարվածությունն ավելի ուժեղացավ Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից դեպի հյուսիսային Եվրոպա գազ տեղափոխող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության շուրջ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որով Եվրամիության երկրներին կոչ արեց հրաժարվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումից, ինչպես նաև հանդես եկավ այդ նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ «Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում: Չնայած դրան` Գերմանիան և ԵՄ անդամ երկրները, որոնք ներգրավված են ծրագրի իրականացման գործում հայտարարեցին, որ չեն պատրաստվում տեղի տալ ճնշումներին:

Տարվա ընթացքում հնչեցին նաև բազմաթին փոխադարձ մեղադրանքներ: Թրամփը բազմիցս հայտարարեց, որ ԵՄ-ին դիտարկում է ոչ թե որպես դաշնակցի, այլ որպես հակառակորդի` նշելով, որ ԵՄ-ն ստեղծվել է առևտրի ոլորտում ԱՄՆ-ին օգտագործելու համար: Իսկ ԵՄ երկրները հստակ ընդգծեցին, որ Եվրամիության համար եկել է ԱՄՆ-ին փոխարինելու և միջազգային ասպարեզում սուվերեն խաղացող դառնալու ժամանակը:

 

ԱՄՆ-Չինաստան 

2018-ին ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն ընթացան «առևտրային պատերազմի» համատեքստում: Եթե ԱՄՆ նախորդ իշխանությունները ձգտում էին պայմանավորվածությունների ճանապարհով կարգավորել Չինաստանի հետ առկա խնդիրները, ապա Դոնալդ Թրամփը հավատարիմ մնալով Ամերիկայի շահի գերակա դերի գաղափարախոսությանը բաց առճակատման գնաց Չինաստանի հետ:  Հենց տարվա սկզբին Թրամփը,  կիրառելով 1974թ․ առևտրային ակտի 301-րդ հոդվածը,  «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի» հուշագիր ստորագրեց: Փաստաթուղթն ընդունվեց 2017-ին սկսված պաշտոնական ուսումնասիրության արդյունքների հիման վրա, որով ՉԺՀ-ն մեղադրվում է մտավոր սեփականության իրավունքների խախտման և արտոնագրված տեխնոլոգիաների անօրինական օգտագործման մեջ: Մարտի 23-ից նախագահի հրամանագրով 25 տոկոս մաքսատուրք  սահմանվեց պողպատի և 10 տոկոս` ալյումինի ներմուծման վրա: Ի պատասխան` Պեկինը նոր մաքսատուրքեր սահմանեց ընդհանուր 3 մլրդ դոլարի ամերիկյան 128 միավոր ապրանքների համար: Տարվա կեսերին կողմերը համաձայնվեցին դադարեցնել առևտրային պատերազմը, սակայն կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ առևտրի հարցերի շուրջ համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց նոր մաքսատուրքեր սահմանելու մասին:

Այսպես, ԱՄՆ-ն հայտարարեց Չինաստանից ապրանքների ներկրման համար 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Իսկ Չինաստանն, իր հերթին, 25 տոկոսի մաքսատուրք կիրառեց ԱՄՆ-ից 659 անուն ապրանքի ներկրման համար։ 

Ավելին, «Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ ընդունեց Չինաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի դեմ՝ Ռուսաստանից 2017-ին 10 Սու-35 կործանիչ և С-400 զենիթահրթիռային համակարգերի համար սարքավորումներ գնելու պատճառով:  

Սակայն հարկ է նշել, որ տարվա վերջին երկու երկրները վերջիվերջո որոշեցին փոքր-ինչ դադար առնել: Բուենոս Այրեսում G20-ի գագաթաժողովի շրջանակում անցկացված բանակցությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պայմանավորվեցին 2019-ի հունվարի 1-ից հետո հավելյալ մաքսատուրքեր չսահմանել։ Սակայն, ԱՄՆ-ը միևնույն ժամանակ նախազգուշացրեց, որ եթե հաջորդ 90 օրում համաձայնության չհասնեն Չինաստանի հետ առևտրային որոշ հարցերի շուրջ, մաքսատուրքերը կհասցվեն նախկինում ծրագրված 25 տոկոսի նշագծին։

 

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա

ԱՄՆ-ի և  Հյուսիսային Կորեայի հարաբերություններում 2018 թվականը նշանավորվեց երկու երկրների ղեկավարների միջև կայացած պատմական գագաթաժողովով, որի ժամանակ կողմերը նաև հռչակագիր ստորագրեցին: Ըստ հռչակագրի` ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն պարտավորություն ստանձնեցին ջանքեր գործադրել Կորեական թերակղզում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար, ինչպես նաև ԿԺԴՀ-ն հաստատեց իր հավատարմությունը 2018 թվականի ապրիլի 27-ին ստորագրված Փանմունջոմի հռչակագրին, ըստ որի` պարտավորվեց ամբողջովին ազատել Կորեական թերակղզին միջուկային զենքից: Բացի այդ  ԱՄՆ-ն և ԿԺԴՀ-ն համաձայնության եկան վերադարձնել ռազմագերիների և անհետ կորածների մասունքները՝ ներառյալ արդեն իսկ նույնականացվածների մասունքները: Ավելին, ԱՄՆ-ն պարտավորվեց երաշախովորել Կիմ Չեն Ընի անձնական անվտանգությունը, ի պատասխան Փհենյանի համաձայնությանը՝ ազատել թերակղզին միջուկային զենքից:

Նշենք, որ ըստ պայմանավորվածության Հյուսիսային Կորեան վերադարձրեց Կորեայի պատերազմում զոհված ամերիկացի զինվորների մասունքները, սակայն ինչ վերաբերում է ապամիջուկայնացմանը, ապա Հյուսիսային Կորեան տարվա վերջին հայտարարեց, որ չի գնա այդ քայլին, մինչև ԱՄՆ-ն առաջինը չվերացնի միջուկային սպառնալքն իր երկրի տարածքից:  

 

ԱՄՆ-Հայաստան

2018-ին հայ-ամերիկյան հարաբերություններում ակտիվացում նկատվեց հատկապես տարվա երկրորդ կեսին: Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո Հայաստան այցելեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ով Հայաստանի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հստակ ընդգծեց, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել նոր կառավարության հետ՝ երկկողմ կապերի ամրապնդման համար, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է աջակցել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման գործընթացին:

Բացի այդ, Հայաստան այցելեց նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, ով նույնպես հաստատեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Այնուամենայնիվ, տարվա հատկանշական այցը թերևս Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր Հայաստան: Նշենք, որ վերջին տասնամյակներում ամենաբարձր մակարդակի այս այցը վկայեց Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ իշխանությունների հետաքրքրվածության մասին: Այցի ընթացքում ամրագրվեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր լիարժեք աջակցությունը ՀՀ իշխանություններին, իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ընդգծվեց այն մոտեցումը, որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ,  ավելի ակտիվ և նախաձեռնողական  է գտնվելու:

Հայ-ամերիկյան հարաբերություններում տարվա ամենից շատ սպասվող իրադարձությունը Փաշինյան-Թրամփ հանդիպումն էր: Սակայն, չնայած ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարների և հայկական դիվանագիտության գործադրած ջանքերին, այս տարի նման հանդիպում չկայացավ:

Տարվա կարևոր իրադարձություններից էր երկու երկրների կողմից նոր դեսպանների նշանակումները: ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպան նշանակվեց Վարուժան Ներսիսյանը, իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվեց խորհրդային երկրների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Լին Թրեյսին, ով արդեն իսկ ընդգծել է, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի անկախ պետականությունն  ամրապնդելն է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: