ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելելու հրավեր է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական ընդլայնմամբ և նշել, որ վերջինիս զարգացման փորձն օրինակելի է մեր երկրի համար: Վարչապետը կարևորել է տնտեսական կապերի խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների հետևողական զարգացումը, գործարարների միջև փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և անհրաժեշտ համարել Սինգապուրի բիզնեսին Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մասին ազդակներ հաղորդելը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են Հայաստանից տարբեր ապրանքների` կոնյակի, գինու, գարեջրի, հյութերի և վերամշակված այլ մթերքների` Սինգապուր արտահանելու հնարավորությունները:

Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը` հաշվի առնելով նաև մեր երկրում տեղի ունեցած վերջին դրական փոփոխությունները: Նա Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իր երկրի վարչապետի` Սինգապուր այցելելու հրավերը և նշել, որ այն կարող է նոր թափ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը տարբեր ուղղություններով: Փոխվարչապետը հավելել է, որ հայերը Սինգապուրում հայտնի են որպես օրինակելի քաղաքացիներ և ունեն բարձր հեղինակություն սինգապուրցիների շրջանում: Թարման Շանմուգարատնամը նշել է, որ իր երկրի գործարար շրջանակներին կփոխանցի Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Միաժամանակ, նա հավակնոտ է համարել ՀՀ կառավարության` կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, կառավարման համակարգի արդիականացմանը միտված ծրագրերը: 
Այս համատեքստում, կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները նշված ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես և կարևորել սինգապուրյան ընկերությունների մասնակցությունն այդ խոշոր միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: